Հայաստանին ու Ադրբեջանին նոր, խոշոր պատերազմ է սպասվում

- in Վերլուծական
468
Tank

Մոսկվան եզրահանգել է, որ Ադրբեջանի հետ «մեղմ» միջոցների կիրառմամբ գործընկերային հարաբերություններ կառուցելն անհույս է: Ադրբեջանն այլ հեռանկարներ ունի եւ համոզվել է, որ Ռուսաստանը չի կարող լուծել իր խնդիրները:

Ադրբեջանի ղեկավարությունը որոշակի շփոթվածության մեջ է, քանի որ զգացել է, որ փակուղու մեջ է, ընդ որում՝ արտաքին քաղաքական մի քանի ուղղություններում: Թվում էր, հենց այս պայմաններում Բաքվում կարող էին «վերադառնալ» ռուսական սցենարներին, սակայն խնդիրն այն է, որ դրանք սպառված են, եւ իրական ոչինչ չտալով, վնասում են Արեւմուտքի հետ հարաբերությունները, առանց որի այդ պետական կազմավորումը չի կարող գոյություն ունենալ:

Այս պայմաններում ռուսները, ինչպես եւ նախկինում, փորձում են ներքին պառակտման միջոցները կիրառել, սակայն այս անգամ կարծես թե լեզգիական ու թալիշական խնդիրների ակտիվացման ավելի լուրջ ազդանշան է ստացվել:

Բացի այդ, 20 տարիների ընթացքում ռուսներն այնքան են իրենց ու սեփական քաղաքականությունը վարկաբեկել Արեւելյան Կովկասում բնակվող ժողովուրդների՝ հատկապես լեզգիների ու ավարների աչքում, որ այդ թեմաներին վերադառնալը շատ բարդ կլինի: Այժմ գլխավոր բացասական գործոնն այն է, որ Մոսկվան պատրաստի մասնագետների անհրաժեշտ քանակ չի գտնում, որոնք կարող են գաղափարներ մշակել ու զբաղվել այդ ուղղությամբ քաղաքական նախագծեր մշակելով:

Արեւելագիտության ինստիտուտի մասնագետները խիստ վիրավորված են իրենց հանդեպ պետական վերաբերմունքից եւ զգույշ են մոտեցել այդ թեմաներին: Նրանք չեն տեսնում իրենց տեղն ու դերը գործունեության այդ ոլորտում: Հիմա նրանց ասում են, որ պետք է զբաղվեն այդ թեմաներով իրենց աշխատավարձի շրջանակում:

Անվտանգության դաշնային ծառայությունը մասնագետների այնպիսի պակաս ունի, որ ունակ չէ անհրաժեշտ մակարդակով համակարգել այդ աշխատանքը: Ի տարբերություն ռուսների, ամերիկացիները, օրինակ, այդպիսի նախագծերում առաջին հերթին մտավոր ռեսուրսներ են ներդնում:

Միեւնույն ժամանակ, Մոսկվայի ոչ ակադեմիական հետազոտական կենտրոններում գործընկերների որոնումը նույնպես արդյունք չի տվել: 20 տարվա ընթացքում ոչ ոքի չեն պատրաստել, բացի տարատեսակ գրանտակերներից ու շատախոսներից:

Ներկայում ռուսները դեռ զգուշանում են նախագծերի մշակման գործում դաղստանցի մասնագետների ներգրավելուց, ինչը խոսում է ռուսական քաղաքականության վնասակարության մասին:

Միեւնույն ժամանակ, խնդիրը կարծես թե շատ որոշակի է դրված, եւ պետք է կատարել այն: Ադրբեջանը նույնպես սպասողական վիճակում չէ: Մոսկվայում եւ Եվրոպայում տեղեկատվության միջոցներ գնելու փորձեր են արվում լեզգիական ու թալիշական թեմաները լռեցնելու համար: Այդ նպատակի համար Ադրբեջանն արդեն տեղեկատվական ռեսուրսներ ունի Ռուսաստանում եւ փորձում է հնարավորություններ ձեռք բերել Եվրոպայում:

Թալիշական ու լեզգիական թեմաները շատ սուր ու ընթերցվող են դարձել, եւ հիմա առանց այդ թեմաների կովկասյան տեղեկատվական ուղղությունը ձանձրալի է դառնում: Հասկանալի է, որ լրատվամիջոցներում հնարավոր չէ փակել այդ թեմաները:

Ադրբեջանին հաջողվել են լեզիական եւ թալիշական շրջանակներում որոշակի շրջանակների գնելու փորձերը, սակայն, ինչպես պնդում են այդ էթնոքաղաքական շարժումների ակտիվիստները, նրանք, ովքեր տրվել են ադրբեջանական փողերին, արդեն հարմարավետ չեն զգում իրենց:

Որոշ նախանշաններ ցույց են տալիս, որ շուտով, ելնելով աշխարհքաղաքական բնույթի նկատառումներից, Եվրոպայում թալիշական եւ լեզգիական թեմաների հանդեպ հետաքրքրությունը կաճի: Գլխավորն այն է, որ այս թեմաների շուրջ հետեւողականորեն մրցակցության եւ միջազգային քաղաքականությունում նրանց տեղի ու դերի փնտրտուք է սկսվում:

Ռուսաստանը վաղուց է փորձում Ադրբեջանի նկատմամբ վարքի գծեր ձեւավորել: Ադրբեջանի կլանման կարեւոր միջոցներից մեկն է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հաղորդակցությունների եւ ամենատարբեր եռյակ կապերի ստեղծումը:

Ըստ տրամաբանության՝ Ադրբեջանի եւ Իրանի սերտ հարաբերությունը պետք է Ադրբեջանին որոշ չափով հեռացնի Թուրքիայից, սակայն գլխավորը դա չէ. դա թույլ կտա Ադրբեջանին հեռացնել ԱՄՆ-ից ու Արեւմտյան հանրությունից:

Ըստ ռուսների՝ դա Հարավային Կովկասի եւ միաժամանակ Իրանի վրա Ռուսաստանի ազդեցության ուժեղացման շատ հեռանկարային ճանապարհ է:

Ադրբեջանն անկասկած շահագրգռված է Իրանի հետ մերձեցմամբ, հատկապես եթե միջնորդը Ռուսաստանն է: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը ձգտում է պահպանել անկախությունն Իրանից, որովհետեւ դա այսպես թե այնպես խնդիրներ է ստեղծում ԱՄՆ եւ Արեւմուտքի հետ հարաբերություններում:

Բացի այդ, Թուրքիան էլ կհայտնվեր պարտված վիճակում: Իր կողմից Իրանը նույնպես հակված չէ Ադրբեջանի հետ հաղորդակցություններ ստեղծելուն, քանի որ գոյություն ունի իր համար վտանգավոր էթնիկ ու աշխարհքաղաքական գործոնը:

Երկար ժամանակ Իրանը փորձում էր թույլ չտալ իր հյուսիսարեւմտյան շրջանների էթնիկ խմբերի եւ Ադրբեջանի բնակչության միջեւ շփումները: Դրանից Իրանը չի կարող շահել, եւ հեռանկարում դաշինքը, ամենայն հավանականությամբ, չի ստացվի:

Իրանը փորձում է տրանսպորտային հաղորդակցությունների սխեմաները վերաձեւել Հայաստանի տարածքով, որի դեմ է հանդես գալիս Ռուսաստանը, ինչն ակնհայտ հակահայկական-հակագործընկերային գործոն է: Արդյունքում ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը Հարավային Կովկասում բարենպաստ տարածաշրջանային ռազմավարություն չեն ունենա, եւ դա վաղուց հասկացել են Մոսկվայում ու Թեհրանում:

Ադրբեջանը գերադասում է միեւնույն աստիճանի անկախ, ավելի ճիշտ կախյալ պետության կարգավիճակը՝ օգտագործելով իր համար օգտակար դիրքերը: Ադրբեջանը փորձում է առավելագույնս օգտագործել Ռուսաստանի ու Հայաստանի հակասությունները եւ ուժեղացնել դրանք: Ընդ որում, Հայաստանը երբեք չի փորձել արծարծել Ադրբեջանին Ռուսաստանի կողմից սպառազինություն մատակարարելու հարցը:

Հայաստանը գտնում է, որ Ռուսաստանի հետ խնդիրներն Ադրբեջանին շահավետ դիրքերում կդնեն: Այդպիսով Հայաստանը դարձել է Ռուսաստանի վասալը եւ դարձել կախյալ երկիր, որը կորցրել է ինքնիշխանության տարրերը: Այս վարքը մահացու է դարձել Հայաստանի համար, սակայն դա երկրի համար օրինաչափ է ճանաչվել:

Հայաստանին փրկում է Ռուսաստանի՝ Ադրբեջանի հանդեպ մեծ անվստահությունը եւ այն, որ Ռուսաստանը հասկանում է տարածաշրջանում իր ազդեցության լրիվ կորստի հնարավորությունը, եւ որ Ռուսաստանից Հայաստանի վանումն ինքնըստինքյան կհանգեցնի Ադրբեջանի քաղաքականության արագ փոփոխության:

Սակայն անվստահության գլխավոր գործոն է մնում Թուրքիայի քաղաքականությունը, որին ռուսները դեռ վերաբերվում են որպես ՆԱՏՕ-ի անդամի: Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը լիովին ձեռնտու է Թուրքիային, որը չնայած Ռուսաստանի հետ մերձեցմանը, փորձում է հեռավորություն պահել նրանից, ինչպես նաեւ իր վասալից:

Ներկայում Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրվածությունը գլխավորապես կապված է նավթային եկամուտների հետ, որոնք ծախսվում են սպառազինություն գնելու վրա: Այդ համատեքստում Ադրբեջանը պետք է պահպանի ռեւանշիստական քաղաքականությունը եւ Հայաստանի հետ խնդիրներն ուժով լուծելու փորձերը:

Այդպես թե այնպես, Հայաստանին ու Ադրբեջանին նոր խոշոր պատերազմ է սպասվում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20