Հայաստան, ցիգաններ, կթքեմ երեսիդ

- in Հասարակություն
145
futbol

Բաքվում ընթացող Իսլամիադայում խոշոր սկանդալ է հասունանում: Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակչում Ադրբեջանը 2:0 հաշվով առավելության հասնելով Ալժիրի նկատմամբ՝ դուրս է եկել եզրափակիչ:

Ալժիրցի ֆուտբոլիստները թե հանդիպման ժամանակ և թե խաղից հետո նվաստացրել և անպատվել են մրցակցին: Մասնավորապես, խաղից հետո ալժիրցի ֆուտբոլիստներից Ֆարիդ Ալ Մելալին ցուցադրաբար գետնին է գցել ադրբեջանցի ֆուտբոլիստներից մեկի մարզաշապիկը և ոտքերով տրորել այն: Բացի այս, արաբ ֆուտբոլիստները ջարդուխուրդ են արել մարզադաշտի հանդերձարանը և վիրավորական արտահայտություններ հնչեցրել մրցաշարը սպասարկող աշխատակիցների հասցեին:

Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Մագսադ Իսաևն էլ հայտարարել է, որ ալժիրցիները խաղադաշտ էին դուրս եկել ոչ թե ֆուտբոլ խաղալու, այլ իրենց ջարդելու և ադրբեջանցի ժողովրդին վիրավորելու նպատակով: Իսաևի խոսքով՝ հանդիպման ընթացքում ալժիրցի ֆուտբոլիստները, ովքեր մինչ այդ տեղեկացել էին, որ Ադրբեջանում պատերազմային իրավիճակ է, գոլ բաց թողնելուց հետո հնչեցրել են «Հայաստան» անվանումը: Անկյունային հարվածի խաղարկման ժամանակ էլ Ալժիրի պաշտպաններից մեկը Իսաևին և էլի մի քանի ֆուտբոլիստների անվանել է ցիգան, կեղտոտ խոզ և խոստացել թքել իրենց երեսին:

«Մենք ուղղակի չգնացինք սադրանքի: Ես չգիտեմ՝ ինչն էր պատճառը որ ալժիրցիները նման կերպ մեզ հետ վարվեցին: Իսլամական աշխարհում, ինչպես նաև սպորտային մրցումների ժամանակ նման դրսևորումները շատ տգեղ են: Ալժիրցիները մեր երկրում են գտնվում և պետք է հարգեն մեզ: Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս նույն կերպ պատասխանել նրանց: Ես ալժիրցի ֆուտբոլիստներին պատասխանեցի խփածս գնդակով»,- ասել է Իսաևը:

«Սա նացիզմ է: Ինչպե՞ս կարելի է մարդուն վիրավորել՝ նրան անվանելով ցիգան կամ հայ: Միլան Բարոշն էլ է ցիգան, ի՞նչ է, նա վա՞տ ֆուտբոլիստ է: Ալժիրցիները նման արարքով ստվեր գցեցին Իսլամիադայի վրա: Բոլոր երկրպագուներին խնդրում եմ զերծ մնալ պատասխան գործողություններից: Դա կարող է սեպ խրել ադրբեջանցի և արաբ ժողովուրդների միջև: Այո, նրանք ոտքերով տրորել են մեր երկրի զինանշանը, բայց հիմա ժամանակը չէ կտրուկ քայլեր կատարելու: Մենք պետք է նվաճենք Իսլամիադայի գավաթը և ապացուցենք, որ իսլամական աշխարհում ամենաուժեղ ֆուտբոլն ունենք: Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, իսկ մրցակից հավաքականի երիտասարդները ցույց տվեցին իրենց իրական դեմքը, սակայն դա չի նշանակում, որ ալժիրցիները անշնորհք ժողովուրդ են: Ցանկացած ազգ ունի իր տականքը»,- հայտարարել է Ադրբեջանի հավաքականի ֆան-ակումբի առաջնորդներից Թուրալ Յուսուբովը:

Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչ Շաֆիկ Ամերը խաղից հետո նշել է, որ իր ֆուտբոլիստների կողմից որևէ արտառոց քայլ չի նկատել: Ավելին, Ամերն ասել է, որ չի տեսել, թե ինչպես է իր ֆուտբոլիստը ոտքերով տրորում Ադրբեջանի հավաքականի մարզաշապիկը, իսկ վիրավորական արտահայտություն հնչեցնելը հորինվել է ադրբեջանցի ֆուտբոլիստների, ինչպես նաև լրագրողների կողմից:

«Ես որևէ անշնորհք արարք չեմ տեսել: Եթե պարզվի, որ իմ խաղացողները աչքի են ընկել ոչ պարկեշտ պահվածքով, ապա անպայման կպատժեմ նրանց»,- ասել է Ալժիրի հավաքականի գլխավոր մարզիչը: Վերջինիս կարծիքով՝ Ադրբեջանի հավաքականի հաղթանակին նպաստել են հանդիպման մրցավարները, ովքեր ակնհայտ կերպով Ալժիրին դուրս են թողել Իսլամիադայի կիսաեզրափակչից:

Ներկայում Ալժիրի հավաքականը, ինչպես նաև պատվիրակությունը գտնվում են անվտանգության աշխատակիցների խիստ հսկողության ներքո: Ադրբեջանցի իրավապահները մտավախություն ունեն, որ տեղի ծայրահեղական ուժերը հաշվեհարդար կտեսնեն ալժիրցիների հետ և կխաթարեն Իսլամիադայի բնականոն ընթացքը:

Նշենք, որ Իսլամիադայի ֆուտբոլի մրցաշարին մասնակցում են իսլամական աշխարհի մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների հավաքականները: Յուրաքանչյուր հավաքական իրավունք ունի մրցաշարին ներգրավելու 23 տարեկանից բարձր 3 ֆուտբոլիստների:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20