Հեռու չէ այն պահը, երբ Հայաստանում ծնելիության ու մահացության թվերը կհավասարվեն

- in Սոցիալական
149
erexa

«Իրավիճակը ժողովրդագրական առումով գործնականում մնում է անփոփոխ: Այսինքն՝ այն կանխատեսումը, որ ծնելիության շարունակական նվազում պետք է լիներ, սահուն կերպով տեղի է ունենում: Մահացությունը թեթևակի աճում է և շարունակելու է աճել, այսինքն՝ աճման միտում կա:  Սա պայմանավորված է հիմնականում բնակչության սեռատարիքային կազմի փոփոխություններով, այսինքն՝ սա ծերացման երևույթի ուղղակի հետևանքներից մեկն է»,- այս մասին այսօր նշեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա խոսքով՝ 90-ականների ընթացքում և շարունակաբար նաև վերջին շրջանում, անընդհատ նվազում է ծնելիությունը, ինչը բերում է մանկահասակ երեխաների թվաքանակի նվազման, հետևաբար՝ նվազում են թե՛ դպրոցահասակ երեխաները, և թե՛ բարձրագույն ուսումնական հաստատությունների կոնտինգենտը, դրան զուգահեռ՝ շարունակում է խորանալ ծերացման երևույթը՝ իրենից բխող սոցիալ-տնտեսական հետևանքներով:

Ռուբեն Եգանյանի խոսքով՝ հեռու չէ այն պահը, երբ ծնելիության և մահացությունների թվերը կհավասարվեն: «Այսօր առայժմ ծնունդների թիվը գերակշռում է մահերի թվին մոտ 12-13.000 մարդով, այսինքն՝ բնական հավելաճ դեռևս ունի, բայց սա ժամանակավոր երևույթ է, մահացության շարունակական աճի և ծնելիության շարունակական նվազման  պայմաններում հեռու չէ այն պահը, երբ կհավասարվեն այս երկու թվերը, և դրանից հետո արդեն մահերի թիվը կսկսի գերակշռել ծնունդների թվին, այսինքն՝ մենք կունենանք բնական հավելաճի առումով ապաբնակեցում: Ապաբնակեցում ունենք 90-ական թվականների սկզբներից ի վեր: Սա միգրացիայի հետևանքով ապաբնակեցումն է, միգրացիոն արտահոսքի ծավալների գերակշռումը ներհոսքին բերում էր բնակչության թվաքանակի շարունակական նվազման»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20