ՀՀԿ-ն որոշել է, թե ովքեր են նշանակվելու Ազգային ժողովի պաշտոններում

- in Հրապարակ
123
HHK

Արդեն հայտնի է, որ Հանրապետական կուսակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնին առաջադրելու է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Քիչ առաջ ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չէր բացառել այդ առաջադրումը: Իսկ այդ առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այս պահին ընթացող ՀՀԿ գործադիր նիստի ժամանակ, որից հետո որոշումը կհայտարարվի նաև ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ:

Իսկ ԱԺ փոխնախագահներ են լինելու Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը։ Վերջինս այսօր հրաժարական է տվել արդարադատության նախարարի պաշտոնից: Իսկ վաղն արդեն վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առաջին օրը խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ այս երեք թեկնածուներին ընտրելու է այդ պաշտոններում։ Իսկ ԱԺ մյուս փոխնախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանն է լինելու:

Հիշեցնենք որ մինչ այսօր ԱԺ նախագահի պաշտոնի համար շրջանառվում էր Արմեն Աշոտյանի, Կարեն Կարապետյանի, Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի անունները։ Բայց ՀՀԿ-ն հավանաբար երկար քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարել Ա. Բաբլոյանի թեկնածությունը։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնին կմնա մինչև 2018թ. մայիս ամիսը։ Հիշեցնենք նաև, որ իշխանություններն Ա. Բաբլոյանին առաջադրել էին նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնի համար։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՀՀ ԱԳՆ-ն անգամ նրա ագրեմանն ուղարկել էր այդ երկրի իշխանություններին, բայց նա այդ պաշտոնից կտրուկ հրաժարվել է։ Հերմինե Նաղդալյանը կկորցնի ԱԺ փոխնախագահի իր պաշտոնը, բայց կպահպանի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարի պոստը:

ՀՀԿ-ն այսօր հավանաբար կորոշի, թե ովքեր են լինելու ԱԺ մշտական հանձնաժողովների իրենց նախագահները, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Մեր տեղեկություններով՝ Վահրամ Բաղդասարյանը կմնա խմբակցության ղեկավար: Վեցերորդ գումարման ԱԺ-ն ունենալու է ինը մշտական հանձնաժողովներ, որոնցից վեցը բաժին է հասնելու ՀՀԿ-ին: Իշխող կուսակցությունը պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնին կառաջադրի Հրայր Թովմասյանի թեկնածությունը, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կնշանակվի Արմեն Աշոտյանը, տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնին՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում կմնա Գագիկ Մինասյանը, պաշտպանության հանձնաժողովն ամենայն հավանականությամբ դարձյալ կգլխավորի Կորյուն Նահապետյանը: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները կմիավորվեն, որը կղեկավարի Հակոբ Հակոբյանը:

Հիշեցնենք նաև, որ երեք հանձնաժողով էլ բաժին կհասնի «Ծսռուկյան» դաշինքին, որոնք կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանն ու Վարդևան Գրիգորյանը: Ի դեպ, ԱԺ-ն հանձնաժողովի նախագահներին և փոխնախագահներին նույնպես ընտրելու է փակ գաղտնի քվեարկությամբ: