Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Ծառուկյանի հնարավորությունների սահմանը

- in Ով ով է ...
232
Gagik Hovik

Հիմա դժվար է որոշակիորեն պնդել, թե Հովիկ Աբրահամյանը՝ ի դեմս որդու՝ Արգամ Աբրահամյանի, ԱԺ ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությանը: Ի վերջո, հավաքած 33 հազար ձայնը հանրապետությունում ամենաբարձր ցուցանիշներից է:

Բայց այն հանգամանքը, որ նույն ընտրատարածքում նրա մրցակից՝ Արարատի մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանը   հավաքել էր ավելի քան 44 հազար ձայն, ապա 33 հազարանոց  ցուցանիշը Աբրահամյանների համար այնքան էլ հաղթական չէ, հատկապես, որ վերջին 20 տարիներին Արարատի մարզը համարվում էր Աբրահամյանի կալվածքը:

Ընտրությունների և մարզում ունեցած ազդեցության առումով Աբրահամյան-ՀՀԿ պայքարում առաջիկայում սպասվում է թերևս ավելի  կարևոր «ստուգատես»՝ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որի արդյունքներով, թերևս, կթելադրվի նաև Հովիկ Աբրահամյանի հետագա գործունեության բովանդակությունը: Հիմա թե՛  իշխանությունները և թե՛ Աբրահամյանը լրջորեն նախապատրաստվում են այդ ընտրություններին, թեև առերևույթ կարծես Արտաշատում առանձնակի զարգացումներ չկան:

Հետընտրական ու սպասվելիք ընտրությունների ֆոնին առերևույթ ոչնչով աչքի չընկնող, իրականում բավականին ուշագրավ «միջադեպ» է տեղի ունեցել Աբրահամյանների թիմում:  Օրերս Արգամ Աբրահամյանը 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից՝ տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ունեցել Արգամի  հաղթանակի գործում: Համաձայն տեղացիների՝ նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ-ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազմակերպելով,  հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել:

Համապետական ընտրություններից շուրջ մեկ ամիս անց Արգամ Աբրահամյանը, հայտարարելով, որ իրենք չեն մոռանում իրենց կողքին կանգնածներին, որպես շնորհակալության հավասատիք ճոխ նվիրատվություն է արել: «Նեղ» շրջապատում, թերևս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաև, որ դա միայն սկիզբն է, առաջիկայում սպասեք «նոր անակնկալների»: Նվիրել են Աբրահամյանները, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարարում են, որ մեքենան «Բարգավաճ Հայաստան»-ի նվերն է կուսակցությանը ձայներ ապահովելու համար:

Հովիկ Աբրահամյանը բոլորովին էլ այն անձնավորությունը չէ, որ ընդունի մեկ ուրիշի գերապատվելիությունը, թեկուզ այդ ուրիշը լինի խնամին: Հատկապես, որ նույն այդ խնամին՝ «խիստ զայրացած» ընտրություններում գրանցած իր համար «անսպասելի ցածր արդյունքներից», կուսակցության քարոզչությամբ զբաղվող ամբողջ թիմին զրկել է երկու ամսվա աշխատավարձից, ցածր արդյունքներ ապահոված կուսակիցներին սպառնացել է, որ ԱԺ չեն մտնի, ու հանկած որտեղից-որտեղ որոշել է 10 մլն դրամանոց պարգև տալ Արտաշատում լավ աշխատած ոմն Կյաժի: Պարզապես անկուսակցական Աբրահամյանները հող են նախապատրաստում առաջիկայում Արտաշատի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի հաղթական մասնակցության համար: Հետևաբար Արտաշատի ընտրություններից շաբաթներ կամ օրեր  առաջ թերևս մեկ-երկու նման անակնկալներ ևս կմատուցվեն Աբրահամյանների կողմից, ինչը բազմաթիվ գործունյա երիտասարդների համար առավել քան ոգևորիչ է:

Ընդհանրապես Արտաշատի քաղաքապետի ընտրությունների առումով բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Նախ՝ Արտաշատը փոքր քաղաք է, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը «իրեն թույլ տա» իջնելու այդ մակարդակին և զբաղվելու քաղաքապետի ընտրություններով: Երկրորդ՝  Հովիկ Աբրահամյանը ընդունել է իր լիակատար պարտությունը, «ընդունում» է նախագահ Սերժ Սարգսյանի միանշանակ «իրավացիությունը»,  ու նրա պայքարը հիմա  ընդամենը «պղտոր ջրերի» դեմ է:   Երրորդ՝ Արգամ Աբրահամյանի կարգախոսից պարզ էր դառնում, որ նախկին վարչապետը, թերևս հասկանալով, որ իրենն արդեն անցել է,   ավելի կենտրոնանում է որդու քաղաքական կարիերիայի վրա: Հետևաբար նա արդեն Սերժ Սարգսյանի համար ոչ միայն անվտանգ է, այլև տեղ-տեղ նույնիսկ համախոհ:

Հանրապետության նախագահն էլ, հաշվի առնելով բոլոր այդ գործոնները, թերևս Արտաշատի թեթև  գործը կթողնի կուսակցության փոխնախագահ, հանրապետության վարչապետի հոգածությանը: Թող նախկին ու ներկա վարչապետները հստակեցնեն իրենց հնարավորությունները: Թե նախընտրական քարոզչության օրերին գործող վարչապետը ինչ ընդունելության արժանացավ Արտաշատում՝ բոլորն են հիշում: Եվ դա միայն Աբրահամյանների շնորհիվ չէր:

Վարչապետից բացի, Արտաշատում խաչվում են նաև գործող մարզպետի շահերը: Վերջինս բավականին լուրջ դերակատարություն ունի մարզում, բայց ավելի քիչ՝ Արտաշատում: Այնպես որ, եթե գործող վարչապետն ու մարզպետը հաղթեն Արտաշատում, դա Սերժ Սարգսյանի ու իր թիմի հաղթանակն է: Եթե պարտվեն, ապա կհասկանան, որ առանց նախագահի անգամ հանրապետության ոչ մեծ քաղաքի քաղաքապետ ընտրել չեն կարողանում: Նախագահի պարագայում ամեն ինչ առավել քան հստակ է: Վարչապետի ու մարզպետի համար այդ առումով այնքան էլ լավ օրեր չեն սպասվում:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Ծառուկյանին, իրենք լավ գիտեն հանրապետության նախագահի հետ հարաբերվելիս իրենց հնարավորությունների սահմանը, բայց «պղտոր ջրերի զուլալելուն» այնքան էլ դեմ չէին լինի՝ հատկապես, որ երկուսն էլ բազում հակասություններ ունեն գործող վարչապետի, ինչու չէ՝ նաև մարզպետի հետ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի «խոստումնալից» երիտասարդներին, նրանց Աբրահամյանի թիմից («Ծառուկյան» դաշինքից) առաջիկայում լուրջ անակնկալներ են սպասվում: