Սերժ Սարգսյանը ձեռ ու ոտք է ընկել

- in Ով ով է ..., Պնակալեզներ
280
serzh-sargsyan

Սերժ Սարգսյանը գտնվում է ներդրումների ինտենսիվ որոնումներում, ընդ որում՝ արաբական ուղղության վրա: Մի քանի ամիսների ընթացքում նա երկու անգամ եղել է Արաբական Էմիրություններում, իսկ օրերս էլ այցելել էր Կատարի էմիրություն:

Անշուշտ, այս այցերն ունեն քաղաքական բաղադրիչ, և Հայաստանի համար կարևոր է հնարավորինս լավ հարաբերություն ունենալ մահմեդական, իսլամական աշխարհի երկրների հետ, հատկապես արաբական աշխարհում ազդեցիկ Կատարի: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար այս ուղղությունն ունի տնտեսական հրատապ նշանակություն: Խնդիրը միայն սոցիալ-տնտեսական լարված վիճակը չէ, այլ նաև ներիշխանական մրցակցությունն ու պայքարը 2018-ի համար: Իսկ այստեղ ներդրումային «պորտֆելը» ունենալու է որոշիչ նշանակություն:

Կարեն Կարապետյանը, որ 2018-ին վարչապետի հավակնորդներից մեկն է, առաջ է քաշել իր «պորտֆելը»՝ ներդրողների հայտնի ակումբի տեսքով, նաև որոշակի թվեր հրապարակելով: Սերժ Սարգսյանը պետք է հակադրի իր «պորտֆելը», որն ակնհայտորեն փորձում է ձևավորել արաբական ներդրողների շնորհիվ: Ընդ որում, այստեղ հետաքրքրական է, թե այդ ուղղությամբ նրան ինչ աջակցություն է ցուցաբերում Գագիկ Ծառուկյանը, որն, ինչպես հայտնի է, բավական սերտ գործընկերային հարաբերություն ունի արաբական աշխարհի տնտեսվարողների հետ:

Ներդրումային «պորտֆելների» այդ մրցակցությունը ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դրա շնորհիվ կողողվի ներդրումներով: Հակառակը՝ մեծ է հավանականությունը, որ ներիշխանական մրցակցության այս շրջանում Հայաստանում չի արվի որևէ նշանակալի ներդրում, տեղի չի ունենա տնտեսական որևէ շոշափելի բեկում, և իրավիճակը վիճակագրականից ավելի խոր մակարդակում էլ ավելի կլարվի: Պարզապես դիմակայության կողմերը «պորտֆելները» պատրաստում են, այսպես ասած, հանգուցալուծման համար, որովհետև ինչպիսին էլ լինի այն, ով էլ հաղթի 2018-ի դիմակայությունում, ակնհայտ է, որ դրանից հետո ուսերին միանգամից ընկնելու է չափազանց ծանր տնտեսական վիճակ:

Պորտֆելները պետք են լինելու այդ վիճակի համար, որպեսզի այն չփլվի իրենց ձեռք բերած իշխանության գլխին: Հատկապես, որ այդ իշխանությունը լինելու է արդեն որոշակիորեն տևական և նաև կանգնելու է ռազմավարական նոր խնդիրների, համակարգի տրանսֆորմացիայի նոր փուլի իրականացման անհրաժեշտության առաջ:

Այդ տեսանկյունից, 2018-ին ընդառաջ, ներիշխանական դիմակայության մեջ իրեն ավելի ինքնավստահ կզգա այն կողմը, որը կապահովի հետ2018-ային իրավիճակի համար հնարավորինս ծանր ներդրումային «պորտֆելի» առկայություն, որը հնարավորինս արագ կդրվի գործի, և ինչի միջոցով կձեռնարկվեն քայլեր՝ ձեռք բերած կամ պահած իշխանությունն ամրացնելու համար: Առավել ևս, որ պարտվող կամ զիջող կողմը ամենայն հավանականությամբ կդիմի տնտեսական սաբոտաժի, ինչը Հայաստանի համար ոչ միայն նորություն չէ, այլև գործնականում առկա է եղել 2008-ից հետո անցնող տասնամյակում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20