Մոսկվան Հայաստանը դարձնում է ծայրահեղական իսլամիստների թիրախը

- in Կեղտոտ լվացք
135
DAISH

Jamestown Foundation ամերիկյան ոչ կառավարական հետազոտական կազմակերպությունը հոդված է հրապարակել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական բազայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Հոդվածագիրը քաղաքագետ Արմեն Գրիգորյանն է:

Հոդվածում, մասնավորապես, հիշատակվում է Գյումրիում ռուս զինծառայողի կողմից ամբողջ ընտանիքի սպանությունը: Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԶԼՄ-ներում տեղեկություններն այն մասին, որ յոթ մարդու սպանած անձը՝ Վալերի Պերմյակովը, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել Հայաստանում, պատիժը կկրի Ռուսաստանում, անտարբերությամբ են ընդունվել, այն դեպքում, երբ երկու տարի առաջ այս գործի պատճառով Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ էին:

Jamestown Foundation-ն անդրադառնում է նաև ռուսական ռազմաբազայի աշխատակիցների չվճարված աշխատավարձերին, երբ շուրջ 200 մարդ բողոքի դուրս եկան՝ պահանջելով վճարել երեք ամսվա աշխատավարձը:

Հոդվածագիրն առանձնակի ուշադրություն է դարձնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցի վրա, որը նա տվել էր «Միր» հեռուստաընկերությանը: Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է կիրառվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար՝ այնպես, ինչպես  Ղրղըզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները:  Հոդվածում ասվում է, որ ի տարբերություն Միջին Ասիայի երկրների՝ Հայաստանն իսլամիստական ահաբեկչության հետ խնդիրներ չունի, իսկ Ռուսաստանն այդպիսի սադրիչ գործողություններով Հայաստանը դարձնում է իսլամիստների թիրախը:

Քանի դեռ տեսականորեն հնարավոր է Գյումրիի ռազմաբաազան օգտագործել ԴԱԻՇ-ի դեմ, նման հավանականությունը չի կարելի բացառել՝ կարծում է հոդվածագիրը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում հերթական ընտրություններից առաջ բախվել է տնտեսության վատ վիճակի հետ, այլևս չի հաջողվում հայրենասիրություն արթնացնել  Ուկրաինայում և Սիրիայում պատերազմների միջոցով: Որպես հետևանք՝ Պուտինը կարող է ռազմական նոր գործողություն սկսել, իսկ հայկական քաղաքական էլիտան թույլ կամք ունի, որպեսզի դիմադրի Մոսկվայի ծրագրերին: Ապրիլին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի զգալի մասը փորձում էր ստանալ Ռուսաստանի աջակցությունը, և այժմ նորընտիր Ազգային ժողովը պակաս լոյալ չէ Կրեմլին, քան նախորդը՝ ասվում է հոդվածում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20