Ո՞վ կամ՝ ովքե՞ր էին կազմակերպիչները, ինչո՞ւ է լռում Ծառուկյանը

- in Վերլուծական
401
Serzh Gagik

Կենտրոն հեռուստաընկերությունը, որ գաղտնիք չէ, պատկանում է Գագիկ Ծառուկյանին, երեկ կատարյալ լռություն պահպանեց ԿԸՀ-ում Ծառուկյանի դեմ պատգամավորների մանդատներից հրաժարվող – ստացողների մասին, մինչդեռ արդեն այսօր մամուլն ահազանգում է բունտ արածների տների մոտ կասկածելի ավտոմեքենաների առկայության և հնարավոր հաշվեհարդարի մասին:

Ի՞նչ է կատարվում Ծառուկյան դաշինքում, ո՞ւմ համար պարզ չէ, որ դեռևս քարոզարշավից առաջ բոլոր թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ են հավաքվել, որպեսզի հետո Սերժ Սարգսյանի հետ որոշվի, թե ովքեր պետք է դառնան պատգամավորներ:

Ուրեմն՝ նախորդ գիշեր ո՞վ հուշեց բունտ անող պատգամավորության թեկնածուներին գնալ ԿԸՀ և պաշտպանել իրենց իրավունքները, որի արդյունքում պատգամավորական մանդատ կստանան:

Նոր խնդի՞ր կա Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, թե մի լրացուցիչ անգամ առաջինը փորձեց երկրորդին ապացուցել, թե ես եմ ամեն բան որոշողը:

Այսօր մամուլում արդեն քննարկվում է այս ամենը Հովիկ Աբրահամյանի ձեռամբ կազմակերպվելու մասին, որով թերևս ՀՀԿ վտակառուն իր ուժն է ցուցադրում ընդդեմ Սերժ Սարգսյանի: Ճիշտ է, դրանից մեծապես տուժում է նաև խնամի Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, բայց քաղաքական մեծ խաղերում հարազատական հարաբերությունների խաղաթղթերը գուցե առաջնային չեն:

Կարո՞ղ էր Սերժ Սարգսյանն, այդ դեպքում, հրահանգել ԿԸՀ-ին՝ մանդատ չտալ բունտ արած պատգամավորության թեկնածուներին, թե՞ այս դեպում խաղը ձեռնտու էր երկկողմանի՝ և՛ Հովիկ Աբրահամյանին, և՛ Սերժ Սարգսյանին:

Այսօր քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև, որ բունտ արած պատգամավորները նոր խմբակցություն կստեղծեն նոր խորհրդարանում, որի արդյունքում կստացվի, որ Ծառուկյան խմբակցության անդամների թիվը կպակասի 8-ով: Նորը բնականաբար, ածանցյալ կլինի ՀՀԿ խմբակցությանը: Այդ դեպքում, գուցե, չստորագրվի՞ կոլիցիոն նոր հուշագիր ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, ինչո՞ւ է պետք ՀՀԿ-ին ՀՅԴ-ի բեռը, դեռ մի բան էլ պորտֆելներ տալ, երբ միայն պատգամավորության մանդատ ստանալու համար բունտ արածները կարող են լինել ՀՀԿ-ի նոր բոնուսը:

Քաղաքական կուլիսներում շշուկներ կան նաև այն մասին, որ բունտ արած և պատգամավորության մանդատ ստացած ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը կմիանա խորհրադարանական 9 մանդատ ունեցող ԵԼՔ դաշինքին, որտեղ իր երբեմնի գործընկերներն են, հարթակային ընկերներ Արամ Զ. Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20