Ո՞ւմ է «ուղեկցելու» Մանվել Գրիգորյանը «դեպի» 2018 թ. ապրիլ

- in Ով ով է ..., Պնակալեզներ
164
Manvel Grigoryan

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր՝ Շուշիի հաղթանակի և Երկրապահի օրվա կապակցությամբ:

Սա Հայաստանում տարիներ շարունակ հասկանալիորեն ընդունված մի ավանդույթ է, որի հերթական դրսևորումը, սակայն, տեղի է ունենում ներքաղաքական, ավելի շուտ՝ ներիշխանական հետաքրքիր իրավիճակում:

Հայաստանում 2018 թվականին պետք է հանգուցալուծում ստանա վարչապետի և կառավարության խնդիրը: Այստեղ առայժմ կա երկու հավակնորդ՝ Կարեն Կարապետյան և Սերժ Սարգսյան: Վերջինը գուցե ոչ անմիջապես իր, այլ իր նախընտրած թեկնածուի դեմքով: Ահա այս հանգուցալուծման սպասող խնդրի ֆոնին վարչապետի՝ Եռաբլուր այցը, մասնավորապես ԵԿՄ նախագահի ուղեկցությամբ, ստանում է ուշագրավ երանգ: Սերժ Սարգսյանը մայիսի 8-9-ը գերադասել է անցկացնել Արցախում: Սովորաբար մայիսի 8-ին նա է այցելում Եռաբլուր, նրան է ուղեկցում Մանվել Գրիգորյանը: Քանի որ Սարգսյանն Արցախում է, պաշտոնական Երևանը Եռաբլուրում ներկայանում է վարչապետի մակարդակով, և Գրիգորյանն ուղեկցում է վարչապետին, ոչ թե Սերժ Սարգսյանին:

Այստեղ զուտ արարողակարգ է, ըստ էության չկա առանձնապես ընտրության խնդիր նրա ու ԵԿՄ-ի համար: Սակայն ո՞ւմ է «ուղեկցելու» ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «դեպի» 2018 թվականի ապրիլ: Սա արդեն արարողակարգ չէ, այլ հստակ ընտրության խնդիր, քանի դեռ ակնհայտ է այդ ճանապարհի համար Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի շահերի բախումը: Իսկ Երկրապահի դիրքորոշումն, իհարկե, առանցքային նշանակություն ունեցող գործոններից է, քանի որ այս կառույցն ըստ էության 20 տարի Հայաստանի իշխող համակարգի կարևոր հենասյուներից մեկն է, ու թեև այդ համակարգի, այսպես ասած, առանցքը տարիների ընթացքում դարձել է խոշոր կապիտալը, օլիգարխիան, այնուհանդերձ, այսպես ասած, «ռազմականացված» թևը չի կորցրել իր նշանակությունը: Ավելին, ապրիլյան պատերազմից հետո այն ըստ էության ստացել է նոր լիցք: Ընդ որում, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հակված է այդ լիցքը առավել մեծացնելուն, ինչի վկայությունն էր նրա ելույթը ԵԿՄ վերջին համագումարում, որտեղ Սարգսյանը ըստ էության վերահաստատեց իշխանության և Երկրապահի դաշինքը, իր, այսպես ասած, հավատարմությունն այդ դաշինքին:

Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ այստեղ Կարեն Կարապետյանը, նա ունի՞ 2018-ի համար դիմակայությունում Երկրապահի աջակցությունն ակնկալելու շանս, թե՞ նրա նվազագույն խնդիրը կարող է լինել այն, որ հասնի ԵԿՄ չեզոքության: Ընդ որում, դա էլ պակաս հավանական տարբերակ չէ, երբ Մանվել Գրիգորյանն իր, այսպես ասած, երկրապահական կառույցը դնի սպասման ռեժիմի մեջ, մինչև պարզ լինի, թե ի վերջո դեպի որ վեկտորն է զարգանում 2018 թվականի խնդիրը, և ով է առավելություն ձեռք բերում մյուսի նկատմամբ: Այսինքն՝ ԵԿՄ-ն կլինի ոչ թե կողմ, այլ, այսպես ասած, հաղթող կողմի նժարը ծանրացնող գործոն: Առավել ևս, որ 2000 թվականից հետո այդ կառույցը գործնականում հենց այդպես էլ վարվել է ներքաղաքական զարգացումներում և կողմնորոշվել դեպի հաղթողը՝ թե՛ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը, հաղթահարելով իր համար 99-ի հոկտեմբերի 27-ի քաղաքական շոկը, հաստատում էր իր իշխանությունը, թե՛ 2008 թվականին, երբ ողբերգական կերպով հանգուցալուծվեց փետրվարյան տասը օրերի անորոշությունը:

Սրան զուգահեռ, սակայն, չեզոքության հարցը, այդուամենայնիվ, առայժմ հարաբերական է, համենայնդեպս՝ քանի դեռ հստակ է Սերժ Սարգսյանի առավելությունը: Քանի որ դա նշանակում է ԵԿՄ, այսպես ասած, քաղաքական կամ ներիշխանական կողմնորոշում դեպի Սերժ Սարգսյանը, քանզի ներկայումս ավելի ծանր է իշխանության նրա նժարը: Կարեն Կարապետյանին ԵԿՄ չեզոքություն գոնե ակնկալելու, իսկ հետո արդեն, այսպես ասած, հետմրցակցային աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է լինելու նախ չեզոքացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ ԵԿՄ-ին, այսպես ասած, «կենտրոն» բերելու համար:

Այդ ամենով հանդերձ՝ երբ խոսքը ԵԿՄ մասին է, անկասկած անհրաժեշտ է նկատի ունենալ այդ կառույցի, այսպես ասած, ղեկավար կազմը, քանի որ շարքային երկրապահներն ընդհանրապես, որոնք ներառված են նաև տարբեր այլ կազմակերպություններում կամ ոչ մի տեղ չեն անդամակցում ընդհանրապես, բոլորովին այլ շերտ են, որոնք ներիշխանական կամ ներհամակարգային հարաբերությունների պարզաբանման գործընթացի սուբյեկտ չեն: Թեև, ըստ էության, շահարկվում է բոլորի անունը:

Ի դեպ, Հայաստանում երկու տասնամյակի ընթացքում առաջ է եկել մեկ այլ պրակտիկա, երբ իշխանության տարբեր թևեր ստեղծել են երկրապահական, այսպես ասած, այլընտրանքային կազմակերպություններ՝ ի հակակշիռ ԵԿՄ-ի: Կգնա՞ վարչապետը այդպիսի ճանապարհով որևէ սցենարի դեպքում: Թեև փորձը նաև ցույց է տվել, որ այդ տարբերակները, որպես կանոն, չեն աշխատել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20