Պատրաստ են իջեցնել անդրավարտիկները, եթե նման ցանկություն հայտնի բոսսը

- in Վերլուծական
225
Serzh Sargsyan

Ինտրիգը հանգուցալուծվել էր նախօրեին, երբ ՀՀԿ-ն որոշեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել մանկաբույժ Արա Բաբլոյանին:

Էդմոն Մարուքյանի «այլընտրանքային» առաջադրումն ավելի «գեղեցկացրեց» Բաբլոյանի հաղթանակը: Բաբլոյանի առաջադրման մոտիվների, ներհամակարգային հակադրությունների ու կոմպրոմիսների մասին հայտնի է ու, թերևս, չարժե լրացուցիչ քննության առարկա դարձնել կայացած փաստը ու նաև` խորհրդարանի նորընտիր ղեկավարի լավ ու մարդ լինելը:

Սակայն հարկ կա հայացք նետել այն պատկառելի ձայների վրա, որոնք ստացել է Բաբլոյանն, այն դեպքում, երբ ընդդիմությունից մրցակից է ունեցել: 88 պատգամավոր կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածուին` այն դեպքում, երբ 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում կառավարող կոալիցիան ունի ընդամենը 65 մանդատ, անվանապես գործում են երկու ընդդիմադիր խմբակցություններ` ընդհանուր առմամբ քառասուն պատգամավորով:

Բաբլոյանի քվեարկությունն ակամայից բացահայտում է այն, իրական, թղթով չձևակերպված մեծամասնությունն, որն ունի Սերժ Սարգսյանը խորհրդարանում (դե ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքի ազատ ռեժիմով քվեարկած պատգամավորների «խիղճը» միշտ անսխալական համապատասխանում է Սերժ Սարգսյանի ճաշակին): Նման մեծամասնության պարագայում` կարելի էր խորհրդարանի նախագահ կարգել ոչ թե վաստակավոր մանկաբույժին, այլ հեռավոր մարզի լավագույն կթվորուհուն, ով գուցե ավելի հնազանդ կլիներ Սարգսյանին` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Միևնույն է` թեկնածուի ինտելեկտը, քաղաքական փորձը որևէ առնչություն չունեն և կա «մոգական» թիվը` 88 պատգամավոր:

Մարդիկ, ովքեր ֆրանսիական հայտնի «Խաղալիքը» կոմեդիայի հերոսի օրինակով, պատրաստ են անգամ իջեցնել իրենց անդրավարտիկները, եթե նման ցանկություն հայտնի բոսսը: Այս խորհրդարանը «գրպանային» է ավելի, քան` բոլոր նախորդները:

Ընդ որում, «գրպանային» է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար: Եթե վաղը Պուտինը որոշի, որ ցանկանում է ԵՏՄ-ի հիմքով վերականգնել ԽՍՀՄ-ը, այդ նախաձեռնությանը կողմ քվեարկի մեր խորհրդարանի 105 պատգամավորից 96-ը: Մնում է աղոթել, որ Պուտինի գլխում նման ցնորք չառաջանա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20