Պետությունը մասնակի՞ց է հանցագործությանը. «քցված» սփյուռքահայի գործով դատաքննությունը

- in Իրավունք
145
dat

http://www.1in.am Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վլադիսլավ Մանգասարյանի գործով հերթական դատական նիստը:

Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինարարություն, ինչպես նաև ստանալով Երևանի Մաշտոցի պողոտայում կառուցվող մի քանի շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ Ներդրումային» ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011 թվականների ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի՝ 2 միլիարդ 255 միլիոն 412 հազար 294 դրամ արժողությամբ գույքը:

Վլադիսլավ Մանգասարյանի գործողությունների հետևանքով ամենաշատ վնասները կրած ամերիկահայ գործարար, «Արին Կապիտալ» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ պայքարել է կատարվածը բացահայտելու համար:

Վլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նիստի սկզբում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց տուժող Րաֆի Սիրաքիի կողմից տրված լիազորագիրը՝ այսուհետև փաստաբանը կներկայացնի նաև այս տուժողի շահերը: Ընդհանուր առմամբ նա գործով չորս տուժողների շահեր է ներկայացնում:

Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով արդեն իսկ իր կողմից երկու տուժողների՝ Նունե Սահակյանի ու Էդմոն Խուդյանի անունից ներկայացրած հայցադիմումների պահանջներին, ասաց. «Երկար դատավարության կարիք չունենք, էս պահին ուզում ենք, որ հափշտակված գույքը՝ բնակարանները, տարածքները, հանձնվեն տուժողների տնօրինությանը»:

Նախագահողը պարզաբանեց. «Էս փուլում դա չի կարող արվել…»:

Նախագահողը նշեց, որ դատարանը դեռ դատաքննությանը չի անցել, դեռ պետք է հետազոտվեն գործում առկա ապացույցները, ինչից հետո դատարանը կարող է անդրադառնալ տուժողների ներկայացուցչի կողմից ներկայացված հայցադիմումների պահանջներին, ինչպես նաև միջնորդություններին:

Նախագահողը դիտողություն արեց Նիկոլայ Բաղդասարյանին, որ նա իր միջնորդությունների շարքով ձգձգում է, չի թողնում, որ դատաքննությունը սկսվի:

Փաստաբանը նշեց, որ հափշտակված բնակարաններն ու տարածքները դեռ նախաքննության ընթացքում պետք է հանձնված լինեին տուժողների տնօրինությանը: Նա կոչ արեց նախագահողին տուժողների կրած վնասները հաշվարկելու՝ իր ներկայացրած դատաապրանքագիտական-դատատնտեսագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը գոնե մի տուժողի մասով բավարարել, որպեսզի ինքը կողմնորոշվի մյուս տուժողների հայցադիմումները ներկայացնելու ժամանակ:

Սակայն նախագահողը կրկնեց, որ փորձաքննություն չի կարող նշանակվել, քանի դեռ դատարանը չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Նույն պատճառաբանությամբ դատարանը նաև պետությանը որպես ներկայացված հայցադիմումներով պատասխանող ներգրավելու պահանջին առայժմ չի անդրադառնա: Նախագահողը նշեց, որ քրեական գործ է քննվում, կա ամբաստանյալ, հետևաբար՝ ամբաստանյալն է ներկայացված հայցապահանջների պատասխանողը, ուրիշ պատասխանողի ներգրավման վերաբերյալ դատարանը կարող է հետևություն անել միայն ապացույցների հետազոտման արդյունքում:

Նախագահողի ու փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջև երկխոսություն ծավալվեց՝ պետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, որպես պատասխանող ներգրավելու հարցի շուրջ:

Նախագահողը, ի պատասխան փաստաբանի պնդումների, հարցրեց. «Մեղադրանք կա՞ պետության դեմ՝ ի դեմս ֆինանսների նախարարության»:

«Ես հայց եմ ներկայացրել»,- ասաց փաստաբանը:

«Ցույց տվեք, որ պետությունը մասնակից է հանցավոր արարքին… Չկա հիմք՝ պետությանը պատասխանող ճանաչելու: Երբ որ ապացույցները կհետազոտվեն, դատարանը կարող է անդրադառնալ այդ հարցին…»,- ասաց նախագահողը:

Փաստաբանը չէր հանգստանում. «Օրենքը տենց  չի, դուք սխալ եք մեկնաբանում օրենքը…»:

Նախագահողը այլ կարծիքի էր. «Դուք օրենքից դուրս եք խոսում»:

Նիկոլայ Բաղդասարյանը մնաց իր կարծիքին. «Էս խոսակցությունը հիշեք: Կանցնի մեկ տարի, հետո մարդիկ կհասկանան, որ ես ճիշտ եմ…»:

Այնուամենայնիվ, չորս տուժողների ներկայացուցիչ փաստաբանը տեղի տվեց ու ասաց, որ այս պահին այլևս միջնորդություն չունի, կսպասի՝ դրանք ներկայացնելու՝ դատարանի մատնանշած փուլին: Փաստաբանը նախագահողին ասաց. «Դուք կարող էիք իրավաբանության մեջ բան փոխել… »:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը դատարանին ներկայացրեց «Հաշվետվություններ, գրաֆիկներ՝ բնակարանների վաճառքի մասին»: Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը նշեց, թե այդ գրաֆիկները կազմված են Էդմոն Խուդյանի կողմից, իսկ տուժող Էդմոն Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ ներկայացված գրաֆիկները կազմված են Խուդյանի կողմից: Այնուամենայնիվ, դատարանը ներկայացված փաստաթղթերը կցեց գործին:

Վերջապես մեղադրող դատախազը հնարավորություն ստացավ հրապարակելու մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որը բավական ծավալուն էր:

Այնուհետև հերթը հասավ ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանին, ով պետք է իր դիրքորոշումը հայտներ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ:

Ամբաստանյալն այս նիստին բավական խոսքաշատ ու հուզառատ ելույթներ ունեցավ: Նախ նա հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը առաջին տողից մինչև վերջին տողը «հորինված է»: Ամբաստանյալը կարծիք հայտնեց. «Մեղադրող կողմը օրենքը չի սիրում… Բա տենց բաներ ե՞ն անում»:

Անդրադառնալով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ակտիվությանը, ամբաստանյալը մի քանի անգամ ասաց. «Էս ո՞վ ա… Արի ինձ էլ ձերբակալի ու պրծնենք…»:

Ամբաստանյալը կտրականապես ասաց. «Ես չեմ ընդունում մեղադրանքը, այն բացարձակ չի համապատասխանում իրականությանը… Դատաքննության ընթացքում դեպք առ դեպք կապացուցեմ, որ մեղադրանքը սխալ է, սուտ է ու հորինովի… Ի սկզբանե էս գործը ինձ չի վերաբերել, հարուցվել է կանխամտածված սնանկության վերաբերյալ… Ներկայումս սա խայտառակ ստեղծովի գործ է…»:

Չորս տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը իր վստահորդների դրվագներով հատ-հատ հարցրեց ամբաստանյալին՝ իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է տվյալ դրվագով:

Փաստաբանի հարցերը ավելի ու ավելի էին բորբոքում Վլադիսլավ Մանգասարյանին. «Ես հայերեն եմ ասում՝ ոչ մի դրվագով ինձ մեղավոր չեմ ճանաչում… Երևանում 500 հազար մարդ ապրում է իմ կառուցած բնակարաններում, ես կառուցող եմ, իսկ մեղադրանքը ամբողջը հնարովի է, կեղծ է… Ես երկու անգամ ինֆարկտ եմ տարել… Ինձ խաբել են… Մի՛ վերածեք խեղկատակության … Տուժողները մեղք են, էդ մարդիկ ստանալու են իրենց բնակարանները նրանից, ով տարել է… Դատարանը վճիռ չի կայացրել իմ մեղավորության վերաբերյալ…»:

Քանի որ Նիկոլայ Բաղդասարյանը շարունակում էր իր յուրաքանչյուր վստահորդի դրվագով հարցնել ամբաստանյալի դիրքորոշումը, ամբաստանյալը փաստաբանին ասաց. «Ես ձեզ համարում եմ լավ իրավաբան, պայքարող, բայց դա չի նշանակում, որ մյուսի նկատմամբ լինեք քիլեր… Խնդրում եմ՝ հանգստացեք… Ես ձեր շատերի ծնողների տարիքին եմ… Թույլ տվեք դատաքննություն անցկացվի, որ իմ անմեղությունն ապացուցեմ… Ես սյունեցի եմ, ճորտ չեմ, էս գործով իսկական մեղավորները պիտի պատժվեն… Առաջ գոնե ԲԽՍՍ կար, որտեղ տնտեսագիտությունից հասկանում էին, հիմա սարից իջել են մի խումբ  ձիավոր՝ տնտեսագիտությունից  ոչինչ չեն հասկանում…»:

Տուժող Նունե Սահակյանի դրվագով ամբաստանյալն ընդունեց, որ տուժողը լրացուցիչ 10 հազար դոլար է վճարել. «Ի՞նչ խաբեություն, ես էդ գումարը կերա՞… Պայմանագիր է կնքվել, ես դա վճարել եմ սնանկության վարույթին… Դուք ուզում եք դա կապել խարդախության հետ, չի ստացվի… Եթե տուժողն էդ գումարը պահանջում է, թող դիմի քաղաքացիական դատավարության կարգով…»:

Ավելի ու ավելի զայրանալով՝ Վլադիսլավ Մանգասարյանն ի վերջո փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին ասաց. «Դուք լավ աճպարար եք, մեզանից լավ գիտեք մեր պատմությունը»:

Երբ նորից հարց հնչեց՝ ամբաստանյալն ընդունո՞ւմ է մեղադրանքը, Վլադիսլավ Մանգասարյանը պոռթկաց. «Ո՛չ, նետ, նայն, նիխտ՝  ի՞նչ լեզվով ասեմ…»:

Ամբաստանյալն ասաց՝ քանի որ մեղադրանքը չի ընդունում, չի ընդունում նաև ներկայացված հայցապահանջները. «Երբ որ կապացուցվի, որ մեղավոր եմ, ուրեմն՝ պատասխանող էլ կլինեմ… Ես մեղավոր չեմ, դա կապացուցեմ»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Մնացական Սարգսյանը ցանկացավ մի քանի պարզաբանում ստանալ մեղադրողից՝ արդյո՞ք բեկանվել է «Արին ԿապիտալՆերդրումային» ՍՊԸ-ի սնանկության վերաբերյալ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը…

Մեղադրողը փաստաբանի հարցն անվանեց «հարցաքննություն», ասաց, որ պարտավոր չէ պատասխանել նման հարցերի: Նաև պարզաբանվեց, որ ամբաստանյալին առանձին մեղադրանք առաջադրված չէ փաստաթղթեր կեղծելու վերաբերյալ, այլ՝ մեղադրանք է առաջադրված փաստաթղթերը կեղծելու եղանակով կատարված խարդախության համար:

Վերջապես դատարանը սահմանեց նաև ապացույցների հետազոտման կարգը՝ կհետազոտվեն գործում առկա ու մեղադրանքի հիմքում դրված, ինչպես նաև կողմերի համար կարևորված փաստաթղթերն ու այլ ապացույցները, կհարցաքննվեն տուժողները, ապա՝ վկաները, վերջում՝ մեղքը չընդունող ամբաստանյալը:

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20