Պերմյակովը պատիժը կկրի Ռուսաստանի տարածքում

- in Իրավունք
78
Permyakov

ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ԱՆ հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հայտնի է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացվել է դատավճիռ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վ.Պերմյակովի նկատմամբ, որը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար և դատապարտվել է ցմահ ազատազրկման: