Ռիչարդ Միլսի քաղաքական հայտարարությունը

- in Հրապարակ
183
richard Mils

Վերականգնվող էներգետիկայի և այլընտրանքային էներգիայի այլ տեխնոլոգիաների հայաստանյան ներուժի ուղղությամբ 8 միլիարդ դոլարի հեռանկարի մասին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն անկասկած քաղաքական հայտարարություն է, ինչպես դեսպանի ցանկացած հայտարարություն:

Դա գալիս է դեսպանի կարգավիճակից ինքնին, եթե անգամ խոսքը վերաբերում է մշակութային, մարզական որևէ խնդրի: Դեսպանը պետության լեզուն է, իսկ պետությունը դա քաղաքականություն է, առավել ևս, երբ խոսքը համաշխարհային գերտերության մասին է: Փորձառու դիվանագետ Ռիչարդ Միլսը անկասկած ոչ միայն չէր կարող հաշվի չառնել իր կարգավիճակից բխող ընկալումները, հատկապես Հայաստանի ներկայիս բավական նուրբ և բարդ հանգուցային ժամանակաշրջանում, այլ թերևս պատկերացնում է հիանալի կերպով: Ըստ այդմ, 8 միլիարդի մասին հայտարարությունը որքան ենթակա է զուտ տնտեսական, տնտեսագիտական դիտարկումների, նույնքան էլ քաղաքական և քաղաքագիտական: Ընդ որում, բավական բարդ է ասել, թե հատկապես որ ասպեկտն է առաջնային:

Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը կապված և փոխազդված են սերտորեն: ԱՄՆ դեսպանի հայտարարությունը հնչում է քաղաքական բավականին ուշագրավ ֆոնին, ընդ որում թե՛ Հայաստանի ներքին կյանքի, թե՛ արտաքին քաղաքական զարգացումների: Այդ ֆոնից հետաքրքիր կարող է լինել մի դրվագի առանձնացում, թեև հետաքրքիր դրվագները ներկայումս իրապես շատ են: Խոսքը տվյալ դեպքում ԱՄՆ մեկ այլ դեսպանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի օրերս Ամերիկայի ձայնին տված հարցազրույցի մասին է, որտեղ Հոգլանդը ընդունում է, որ կա արցախյան խնդրում ԱՄՆ քաղաքականությունը աշխուժացնելու անհրաժեշտություն: Հոգլանդը, որ համեմատաբար նոր համանախագահ է և իր առաքելությունը ստանձնել է հունվարին, նաև խոստանում է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ աշխուժությունը կառարկայանա: Բնականաբար, հանրության զգալի մասը այդ հայտարարությունից հետո սպասում է, խոսում և քննարկում ԱՄՆ նոր առաջարկներ կամ քայլեր Արցախի հակամարտության կարգավորման գործընթացի ուղղությամբ: Կլինե՞ն դրանք, թե ոչ, իհարկե բարդ է ասել, հատկապես, երբ հանրությունը չի տիրապետում մանրամասներին, գործընթացն ունի խիստ խորհրդապահական բնույթ:

Բայց աներկբա է նաև, որ Արցախի խնդիրն ու արցախյան գործընթացը վաղուց արդեն լոկ Արցախի հարց չէ, որ վճռում են: Ավելին, Արցախի հարցը գուցե առիթ է, իսկ գործընթացը ծառայում է որպես յուրօրինակ փակ ակումբ, ֆորմատ, որը բացառիկ է՝ ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստան, աշխարհաքաղաքական երեք կենտրոնների գործակցության ֆորմատ, նաև իհարկե մրցակցության ֆորմատ: Երեք ուժեր, ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամներից երեքը, որոնք միջուկային տերություն են: Այդ ֆորմատում քննարկվում են բազմաթիվ այլ հարցեր տարածաշրջանային, աշխարհաքաղաքական բնույթի, և ըստ այդմ՝ Արցախի գործընթաց ասելով, լիովին կարող է նկատի առնվել նաև Հայաստանի, Ադրբեջանի ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներին առնչվող հարցերի շրջանակ, անգամ Վրաստանին, Իրանին և Թուրքիային առնչվող հարցեր:

Արցախի խնդիրը Կովկասի անվտանգության համակարգի խնդիր է, այդ հասկացության ոչ միայն ռազմա-քաղաքական, այլ տնտեսական, գիտատեխնոլոգիական իմաստով: Այդ առումով, հարակից զարգացումները, իրավիճակի հարակից փոփոխությունները գուցե ավելի պրակտիկ և ազդեցիկ նշանակություն ունեն բուն հակամարտության իրավիճակի վրա, քան անմիջականորեն այս կամ այն առաջարկը կամ առաջարկին վերաբերող որևէ դետալային փոփոխություն: Օրինակ՝ Հայաստանում կամ Արցախում որևէ տնտեսական շոշափելի գործընթաց կամ նախաձեռնություն շատ ավելիին է ունակ Արցախի խնդրում իրավիճակ ձևավորելու կամ խնդիր լուծելու առումով, քան որևէ Կազանյան, Մադրիդյան կամ Լավրովյան պլան ու սկզբունք: Ավելին, հարակից զարգացումները կարող են թերևս իրավիճակը դուրս բերել այն փակուղուց, որում հայտնվել է գործընթացը և որը բերել է պայթյունավտանգ մշտական ռիսկի:

Ի վերջո հստակ է, որ մինչ այժմ առաջ քաշված պլանները, սկզբունքները, որոնք ենթադրել են այսպես ասած տարածք ինչ որ բանի դիմաց տարբերակներ, չեն ապահովում թե կարգավորում, թե առավել ևս խաղաղություն: Խաղաղությունն ու կայունությունը կախված են ոչ թե ստատուս-քվոյի վերաձևումից, այլ այդ ստատուս-քվոյի շուրջ տնտեսա-քաղաքական նոր ստատուս-քվոյի հաստատումից: Դա նշանակում է Հայաստանի տնտեսական բալանսի, և ըստ այդմ տարածաշրջանում տնտեսական բալանսի փոփոխություն, Ռուսաստանի ապակառուցողական գործիքների էֆեկտիվության նվազեցում: Եվ այստեղ է, որ ԱՄՆ քաղաքականությունն աշխուժացնելու դեսպան Հոգլանդի հայտարարությանը հաջորդում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ամերիկյան ընկերությունների հետ 8 միլիարդ դոլարի գործընկերության ներուժի մասին դեսպան Միլսի հայտարարությունը, այսինքն՝ արդիական տեխնոլոգիական ներդրումների մասին հայտարարությունը:

Թե մեծ խելք, թե մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար դրա քաղաքական էֆեկտը Հայաստանի ներուժի, ըստ այդմ հակամարտության գոտում կայունության գործում: Ակնհայտ է, որ կայունությունն այդ գոտում կախված է Հայաստանի տնտեսական դինամիկայից և ցուցանիշներից, որոնք էլ իրենց հերթին կախված են տնտեսական մի կողմից ներդրումների զուտ թվաբանական ծավալից, մյուս կողմից սակայն որակից և դիվերսիֆիկացվածությունից, հատկապես տնտեսության և անվտանգության համար ռազմավարական այնպիսի ոլորտներում, համակարգաստեղծ ոլորտներում, ինչպիսին է էներգետիկան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20