«Սասնա ծռերի» գործով դատավորի կինը տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել

- in Մամուլ
80
Sasna Crer

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը քննող դատավոր՝ «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, տարիներ շարունակ կլորիկ գումարներ է նվեր ստացել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Լիլիթ Գաբրիելյանը 2011 թ. 15 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել, 2012 թ.՝ 2000 ԱՄՆ դոլար, 2014 թ.՝ 10 հազար ԱՄՆ դոլար: 2014 թ. նա վաճառել է իր «Toyota Rav 4» ավտոմեքենան 11 հազար ԱՄՆ դոլարով և նույն տարում 21 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS RX» տեսակի ավտոմեքենա:

Նախորդ տարի Լիլիթ Գաբրիելյանը 5 միլիոն դրամ եկամուտ է ստացել շահաբաժնից, սակայն նրա հայտարարագրերում բացակայում է տեղեկությանը, թե որ ընկերությունում է նրա շահաբաժինը: Նույն տարում նրա դրամանական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 5 հազար ԱՄՆ դոլար և 29 միլիոն դրամ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ տարի ունեցել է 10 միլիոն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտը կազմել է մոտ 8 միլիոն դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամի գործը երեկ անջատվել է և ուղարկվել դատարան»: