«Սասնա ծռեր-2»-ը կթիրախավորի Բաղրամյանը

- in Վերլուծական
369
serzh-sargsyan

Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշումը: ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատվել է՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն մնալով ինը:

Փակվել, կամ ինչպես իշխանություններն են ասում` Պետաիրավական հանձնաժողովին է միացվել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ու մյուսների կողմից շարունակ թմբկահարվող թեզը, թե իբր մարդը մեր երկրում գերակա արժեք է, հիմնական հարստություն` միֆ է, միջազգային հանրության ականջները շոյող հերթապահ հայտարարություն:

Հայաստանը չունի բնական հարստություններ, գազ, նավթ և թվում էր` իսկապես պետք է ձևավորվեն մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ իշխանության բոլոր մակարդակներում, մանավանդ, մարդկանց նվաստացման և ստորացման փաստերը մեր երկրում համատարած են ու զանգվածային: Երբ իշխանությունները նախաձեռնել էին սահմանադրական ռեֆորմը, խորհրդարանական կառավարմանն անցումը պայմանավորում էին նաև մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորված դարձնելու անհրաժեշտությամբ:

Իշխանության կարգախոսներն ու քաղաքականությունը կոնտրաստի մեջ են: Երբ խորհրդարանում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, դա խոսում է երկրում ավտորիտարիզմի խորացման անշրջելի միտումների մասին: Հայաստանում չեն գործում ընտրական ինստիտուտները, հասարակությունը զրկված է աշխատանքի ու երջանիկ ապրելու իրավունքից, երազանքներից, նպատակներից: Իշխանություններն իրենց քաղաքականությամբ ճանապարհ են բացում նոր «ծռության», արյունահեղության, եղբայրասպանության համար:

Բռնությունը ծնում է հակազդեցություն ու Աստված մի արասցե, որ «Սասնա ծռեր-2»-ը չսահմանափակվի ՊՊԾ գնդով ու թիրախավորվեն Բաղրամյան փողոցն ու դրա այն հասցեները, որոնց քաղաքականությունը դարձել է Հայաստանի քաղաքացու խեղճության, ստորացման պատճառ: Իշխանությունները թող ոչ ոքի չմեղադրեն, որովհետև ահաբեկչությունն ու բռնությունը ծնվում են նրանց քաղաքականության ընդերքում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20