Սերժ Սարգսյանը բացահայտել է ապրիլյան պատերազմը

- in Կեղտոտ լվացք
213
Serj Sargsyan

Ելույթ ունենալով նոր խորհրդարանի անդրանիկ նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում Կազանյան փաստաթուղթը շարունակում է լինել սեղանին, առնվազն այնքանով, որքանով այն ի պահ տրված չէ ԵԱՀԿ քարտուղարություն:

Թե ինչ է իրենից ներկայացնում Կազանյան փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը բացահայտել է Ապրիլյան պատերազմից հետո, երկու հարցազրույցներով, որ տվել է Բլումբերգ գործակալությանն ու Դմիտրի Կիսելյովին: 2016-ի ապրիլին և նոյեմբերին տված այդ հարցազրույցներում Սերժ Սարգսյանը ասել է, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր Արցախի ինքնորոշման հանրաքվե, բայց անորոշ ժամկետում, միջանկյալ կարգավիճակ, տարածքների հանձնում Ադրբեջանին և խաղաղապահների տեղակայում:

Սերժ Սարգսյանը համաձայնություն էր տվել այդ փաստաթղթին և ըստ էության այդ համաձայնությունը կրկնել է նաև երեկ Ազգային ժողովում ունեցած ելույթում: Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ է հիմա առաջացել կրկնելու անհրաժեշտությունը, եթե նախորդ տարի դեկտեմբերին էլ, օրինակ, Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ղարաբաղյան խնդրում ըստ էության չկա լուրջ գործընթաց, և վերջին լուրջ խոսակցությունը եղել է նախորդ տարի օգոստոսի 10-ին, ըստ ամենայնի Պուտինի հետ Մոսկվայում: Ապրիլի վերջին, արդեն ընթացիկ տարում, Մոսկվայում երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ ֆորմատի հանդիպում Մոսկվայում: Ընդ որում ակնհայտ էր, որ դրանից առաջ հայկական կողմը երկու անգամ մերժել է այդպիսի հանդիպման ադրբեջանական ձգտումները: Եռակողմ այդ հանդիպումը Երևանում առաջացրեց մտահոգություններ, քանի որ Կազանյան փաստաթուղթը հենց Ռուսաստանի եռակողմ նախաձեռնությամբ ստեղծված փաստաթուղթ է:

Այստեղ իհարկե ոչ թե բուն փաստաթուղթն է ավելի կարևոր, քանի որ այն ըստ էության երեք համանախագահ երկրների ներկայացրած Մադրիդյան սկզբունքների հիմքով է, այլ ինքնին գործընթացը: Ի վերջո մի քանի տարի տևած կազանյան գործընթացն էր, որ իրավիճակը հանգեցրեց Ապրիլյան պատերազմի: Եվ եթե խոսք է գնում եռակողմ ֆորմատի մասին, ապա այստեղ սպասումները ամենևին դրական չեն: Հատկապես, որ Մոսկվայի հանդիպումից հետո Ադրբեջանը հայտարարեց, թե տպավորություն կա, որ հնարավոր է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի կիրառում: Դա ասել էր Մամեդյարովը: Իհարկե նման հայտարարությունները քարոզչական պատերազմի մաս են, սակայն երբ Մամեդյարովի այդ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը Երևանում հայտարարում է Կազանյան պլանի այսպես ասած ուժի մեջ լինելու մասին, ապա այստեղ իհարկե առաջանում են հարցեր: Հատկապես, որ այդ հայտարարությունը հնչում է նաև ադրբեջանական սադրանքից և շանտաժից հետո, երբ հակատանկային իսրայելական թանկարժեք հրթիռով Ադրբեջանը հարվածել էր հայկական ՀՕՊ համակարգին: Իհարկե հայկական կողմը հայտարարեց, որ համակարգը վնասվել է ընդամենը մասնակի, այն էլ հարվածի մի քանի վրիպումներից հետո:

Միաժամանակ տարածվեց նաև հայկական պատասխան հարվածի տեսագրությունը, որին էլ փաստորեն հաջորդում է Սերժ Սարգսյանի հայտարարությունը ստատուս-քվոյից կառչած չլինելու և Կազանյան պլանի ուժի մեջ լինելու մասին: Այս ամենն էլ տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այն հայտարարության ֆոնին, թե ԱՄՆ-ն առաջիկա ամիսներին կաշխուժացնի իր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Արդյո՞ք շփման գծում լարվածության նոր ալիքը և Կազանյան պլանի գոյության մասին հիշեցումը այդ պլանի «հրամաատար» Ռուսաստանի պատասխանն է ամերիկյան ակտիվության մասին հայտարարությանը, որը փաստորեն կասկածի տակ է դնում Ռուսաստանի գերակայությունը կարգավորման գործընթացում: Թե՞ հայկական կողմը հուժկու հակահարված տալով ադրբեջանցիներին ռազմական առումով, փորձում է այն հավասարակշռել դիվանագիտական տեսանկյունից՝ հանդես գալով փոխզիջումային խաղաղ կարգավորման դիրքերից, Ադրբեջանին զրկելով դիվանագիտական շահարկման հնարավորությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20