Սերժ Սարգսյանը խնդիր կարող է ունենալ Հայաստանի սահմանից դուրս

- in Ով ով է ..., Պնակալեզներ
232
Serj Putin

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի առաջադրման մասին Սերժ Սարգսյանի որոշումից հետո մեր հրապարակման մեջ արած եզրակացությունը, որ Սարգսյանը փաստորեն ԱԺ նախագահ է նշանակել ինքն իրեն, և ամենայն հավանականությամբ առնվազն նույն տրամաբանությունը գործի կարող է դրվել 2018-ի վարչապետի հարցում, իր՝ գուցե ոչ բացարձակ, սակայն նկատելի հիմնավորումը ստացավ ԱԺ առաջին նիստում:

Նիստը ուղերձով ողջունեց Սերժ Սարգսյանը: Սակայն նրա ելույթը պայմանականորեն է հնարավոր համարել ուղերձ, քանի որ այն գործնականում ծրագրային ելույթ էր, որում անդրադարձ կար պետական քաղաքականության գործնականում բոլոր ուղղություններին, անգամ տնտեսությանը և անգամ վիճակագրական նպատակադրումներով:

Սերժ Սարգսյանն, իհարկե, դեռևս ունի նախագահի պաշտոնում աշխատելու մեկ տարի ժամանակ՝ առավել ևս, որ հայտարարել է, թե ոչ մի օր պակաս չի աշխատի այդ պաշտոնում: Սակայն ներկայիս ժամանակահատվածը, որում գտնվում է իշխանությունը, և ամբիոնը, որում գտնվում էր Սերժ Սարգսյանը, ամենևին համահունչ չեն հեռացող նախագահի ծրագրային ելույթներ հնչեցնելուն: Օրինակ՝ երբ հանրահայտ է, որ մեկ տարի անց պետք է լինի կառավարության հրաժարական և նոր կառավարության ձևավորում, և եթե Սերժ Սարգսյանն անգամ անորոշ է թողնում այդ հեռանկարի վերաբերյալ հարցերը, առնվազն ժամանակավրեպ է դառնում հնգամյա հեռանկարով ՀՆԱ ցուցանիշների, արտահանման ցուցանիշների և այլ վիճակագրական նշաձողերի սահմանումը: Իրականում շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանը նշաձողեր սահմաներ առաջիկա մեկ տարվա համար, ըստ այդմ՝ նաև հանրությանը հայտնելով, թե իրականում ինչ չափանիշներ են գործելու 2018-ի վարչապետի և կառավարության ընտրության հարցում:

Դրա փոխարեն, սակայն, Սերժ Սարգսյանը նոր ԱԺ ամբիոնից մի կողմից՝ բարձրաձայնում է խորհրդարանի ճոխ դերը, մյուս կողմից՝ սահմանում հնգամյա տնտեսական, քաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային նշաձողերը:

Ծրագրային, անգամ նախընտրական ծրագիր հիշեցնող այդ ելույթը մեկնարկի, ոչ թե հեռանալու տրամադրությամբ ելույթ էր, ինչը էլ ավելի է ծանրացնում այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանը գնում է 2018 թվական, և ամբողջ հարցն այն է, թե ինչ կարգավիճակով: Ընդ որում, այստեղ իշխանությունը պահելու տեսանկյունից և ղեկը ձեռքից բաց չթողնելու առումով միանգամայն բավարար կարող է լինել անգամ ՀՀԿ նախագահի պաշտոնը, առնվազն առաջիկա հնգամյակի համար:

Ինչը կամ ով կարող է կանգնեցնել նրան: Հայաստանի ներսում կարծես թե չի նշմարվում այդ կարողություն ունեցող սուբյեկտ, և այժմ անգամ ներիշխանական թավշյա հեղաշրջման ճանապարհներն են փակված թե կառուցվածքային, թե զուտ շահերի դասավորության տեսանկյունից: Սերժ Սարգսյանը խնդիր կարող է ունենալ Հայաստանի սահմանից դուրս, և այս առումով երևի թե նրա համար վերջին շտրիխը մնացել է Ռուսաստանի Դաշնությունում Պուտինի որոշումը՝ 2018-ի նախագահի ընտրությանն առաջադրվելու մասով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20