Սերժ Սարգսյանը մրցակցություն է «սադրում»

- in Կեղտոտ լվացք
162
serzh-sargsyan

Նախօրեին խորհրդարանում Սերժ Սարգսյանի հնչեցրած փաստացի ծրագրային ելույթը ուներ մի շարք տողատակեր, որոնք հաղորդագրություններ էին պարունակում տարբեր ուղղություններով՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Դրանք բավական շատ էին, մասնավորապես, Ղարաբաղյան խնդրին անդրադարձի մասում:

Սերժ Սարգսյանի խոսքերը առաջացրին մի շարք հարցեր, որոնց մի զգալի մասին անդրադարձել եմ, դեռևս կլինեն նոր անդրադարձների առիթներ: Ղարաբաղյան թեմայով այդ անդրադարձում Սարգսյանը նաև բավական նրբորեն ներքաղաքական մի սադրանք էր «ներդրել», որն առաջիկա օրերին հավանական է՝ կտա իր «էֆեկտը»:

Խոսքը այն արձագանքի մասին է, որ Սերժ Սարգսյանն իր ելույթի այդ հատվածում տվել էր մեծ հաշվով արդեն մոռացվող պատմություն դարձող իրողություններին: Դրանք առանց անունների, բայց շատ հստակ հասցեագրված ակնարկներն էին Լևոն Տեր-Պետրոսյանի և Վարդան Օսկանյանի մոտեցումներին: Սերժ Սարգսյանը բավականին կոշտ բնորոշում տվեց Ղարաբաղյան խնդրում երկու այդ գործիչների շոշափած նախընտրական թեմաներին ու բովանդակություններին: Հենց դրանով էլ ուշագրավ է անդրադարձը, որ Սարգսյանը նախընտրական շրջանում ըստ էության բաց թողեց դրանք, երբ կոնյունկտուրայից ելնելով՝ կարող էր բավական լավ օգտագործել իր համար միավորներ հավաքելու նպատակով: Իսկ ահա հետընտրական շրջանում՝ ընտրությունից մեկուկես ամիս անց, Սարգսյանը հանկարծ որոշում է բավական կոշտ և խայթող տոնով անդրադառնալ, այնպիսի տոնով, որին չպատասխանելու գայթակղությանը դիմանալը կլինի դժվար թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Օսկանյանի համար:

Իհարկե, այստեղ իրավիճակը երկակի է, քանի որ մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանը նրանց տվեց հետընտրական, այսպես ասած, շոկից ու լռությունից դուրս գալու հնարավորություն, առիթ: Կօգտագործե՞ն նրանք այդ ընձեռված հնարավորությունը: Այդպիսով, սադրանքի և առիթի կամ առիթ սադրելու ուշագրավ քայլ է Սերժ Սարգսյանից, որը պարունակում է գոնե առժամանակ Ղարաբաղյան թեմայով ընդդիմադիր բանավեճ կամ դիսկուրս հրահրելու ներուժ:

Հետաքրքիր է քայլը նրանով, որ Սարգսյանը փաստորեն «սադրում» է մրցակցություն «Ելք» դաշինքին, որն ընտրությունից հետո մնացել է, այսպես ասած, միակ ընդդիմության կարգավիճակում: Սերժ Սարգսյանի «սադրանքը» փաստորեն կարող է թեկուզ կարճ ժամանակով, բայց չեզոքացնել այդ առումով «Ելք»-ի «մենաշնորհը»: Ընդ որում, պատահական չէ, որ քայլն արվում է ԱԺ առաջին նիստում «ծրագրային» ելույթի շրջանակում, որը Սերժ Սարգսյանի ըստ էության ամբողջական հայտն էր իշխանությունը պահելու առումով:

Խնդիրն այն է, որ այդ համատեքստում Սերժ Սարգսյանն անելիքներ ունի ոչ միայն իշխանության դաշտում, ոչ միայն պետք է առաջիկա հնգամյակի կտրվածքով փորձի զսպել ներիշխանական այն թևերին, որոնք հավակնում են բարձրագույն իշխանւթյան, այլ նաև զսպող մեխանիզմներ մշակի «միակ ընդդիմության» դեմ՝ աճի խնդրահարույց աստիճան կամ տեմպ թույլ չտալու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20