Սովետական դեժավյու. ժամանակները փոխվել են

- in Հրապարակ
166
HHK

Այսօր երեկոյան տեղի են ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերը, որոնց ընթացքում որոշվելու է նորընտիր խորհրդարանի ղեկավար կազմը: Ավելի ճիշտ կլինի ասել` հանրապետական վերնախավը Սերժ Սարգսյանից լսելու է այն մարդու անունն, ով, ըստ էության, նշանակվում է ԱԺ ղեկավար:

Այս ամենը մի տեսակ սովետական դեժավյու է հիշեցնում, երբ «մայր կուսակցությունը» օտարել էր հասարակության և պետական մարմինների իրավունքներն ու լիազորությունները և «գենսեկի» թելադրանքով կայացնում էր միանձնյա որոշումներ: Դժբախտաբար, սա է մեր իրականությունը, որից փախչել չենք կարող, եթե նույնիսկ այն սովետական կառավարման անհաջող ռեստավրացիա է հիշեցնում:

Այնուամենայնիվ, հատկապես ԱԺ նախագահի ընտրության հարցը կարևորվում է` համակարգի ներսում ուժերի դասավորությունը, կոմպրոմիսների ու հակադրությունների սահմանները հասկանալու համար: Հիմա ամեն բան ինքնին հանգում է 2018-ի խնդրին, այն հարցին, թե ինչպիսի իշխանություն ենք ունենալու, երբ տասնմեկ ամիս հետո Սերժ Սարգսյանը կլքի նախագահական նստավայրը: Ահա այս լույսի ներքո` ինտրիգային է դառնում հատկապես խորհրդարանի նախագահի ընտրությունը, որովհետև կադրային ցանկացած առանցքային հարց «արթնացնում» է ՀՀԿ ներսում գործող մեծ ու մանր ֆրակցիաների հակադրությունը:

Մի քանի օր առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանն, ըստ էության, ցանկություն էր հայտնել, որ խորհրդարանը ղեկավարի մյուս Կարեն Կարապետյանը` իր քաղաքա-տնտեսական հովանավոր Սամվել Կարապետյանի եղբայրը: Գուցե «Տաշիր գրուպի» միլիարդատեր սեփականատերը ցանկություն ուներ փորձարկել իր հովանավորյալ վարչապետի ապարատային, համակարգային «քաշը»` որոշելու համար, թե ինչքանո՞վ է նպատակային «ներդրումը» և արժե՞ արդյոք մտածել «բիզնես-պրոեկտի» շարունակության մասին: Հնարավոր է նաև, որ ռուսաստանաբնակ գործարարը փորձում էր վարչապետի բարձրաձայնումով ճշտել Սերժ Սարգսյանի արձագանքը:

Ինչևէ, երեկ ուշ երեկոյան պատգամավոր Կարեն Կարապետյանը մեր կայքի թղթակցին ասել է, թե խորհրդարանի ղեկավար դառնալու մտադրություն չունի: Կարեն Կարապետյանի պատասխանը նման է եղել քաղաքական դեմարշի, որովհետև նա ասել է, թե իր գործերով արտերկրում է` տողատակում հասկացնելով, թե իրեն առանձնապես չի հուզում, թե այսօր ինչ որոշում կհրապարակի Սերժ Սարգսյանը: Դա նշանակում է, որ պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը Սերժ Սարգսյանի օրակարգում ընդհանրապես չի եղել, կամ էլ` մերժվել է:

Անկախ նրանից, թե որ վարկածն է իրական, դեպքերի նման ընթացքը թուլացնում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերը 2018-ի համատեքստում: Հատկապես, ընդամենը երեք օր առաջ Կարապետյանը ներհամակարգային ծանր պարտություն էր կրել Երևանի ընտրություններում, երբ Սերժ Սարգսյանն իր «երիտասարդական թիմով» տպավորիչ արդյունք գրանցեց մայրաքաղաքում` բոլորին հասկացնելով, թե խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետին վերագրվող դերակատարությունը, մեղմ ասած, չափազանցություն է, նույնիսկ` մոլորություն:

Եթե առաջնորդվենք համակարգի տրամաբանությամբ, ապա հենցն Էդուարդ Շարմազանովը կամ Արմեն Աշոտյանը պետք է դառնան ԱԺ նախագահ: Բայց եկեք չշտապենք և ամենևին չբացառենք այն վարկածը, որ ապրիորի գոյություն ունեն ներհամակարգային ինչ-որ համաձայնություններ կոմպրոմիսային ֆիգուրի շուրջ, ով կարող է լինել, օրինակ, Արփինե Հովհաննիսյանը` վերջին ամիսներին զարմանալիորեն անուղղակիորեն «մերանի» դեր խաղալով համակարգի տարբեր սեգմենտների բարդ հարաբերություններում:

Ի վերջո, կարող է ևս մեկ անգամ ժպտալ «մաեստրո» Գալուստ Սահակյանի բախտը, ով «անցումային» փուլում` մինչև 2018-ը, գուցե շարունակի զբաղեցնել խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Ի վերջո, նա երեք տարի առաջ հենց «Տաշիրի» Կարեն Կարապետյանի ինքնահրաժարման բարեբախտությամբ դարձավ ԱԺ նախագահ:

Իհարկե, ժամանակները փոխվել են ու Գալուստ Սահակյանի կամ որևէ այլ «պատահական» թեկնածուի տարբերակը գործնականում բացառվում է:

Եթե արտահայտվենք ֆուտբոլային լեզվով, վաղը խաղ է տեղի ունենալու ոչ միայն «բարձրագույն», այլ նաև` «առաջին խմբում»: Կանյաչնիում Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ «մաղելու» է իր դաշինքի պատգամավորական ցուցակը` այն վերջնականապես հարմարեցնելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած պայմանավորվածություններին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20