Վերջին զանգը շորթության առիթ կարող է հանդիսանալ

- in Կրթություն
47
Levon Mkrtchyan

Հայաստանի դպրոցներում վերջին զանգի հետ կապված իրարանցումն արդեն սկսվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ կրթության  և  գիտության  նախարար  Լևոն Մկրտչյանը  լրագրողների  հետ զրույցում խոսեց վերջին զանգի արարողության մասին և թե ի՞նչ ահազանգեր կան։

«Վերջին զանգի վերաբերյալ հարցերը, երևի, ամենաբարդ հարցերն են, որ տրվում են ինձ։ Թեժ գծի ահազանգերը անցյալ տարիների համեմատ բավականին նվազել են։ Այդուհանդերձ, Հայաստանի տարբեր քաղաքներից դրամահավաքի բողոքներ կան։ Երբ մեր կրթության տեսչությունը գնում է տվյալ դպրոցներ, իբրև կանոն, որևէ բան ապացուցել չի լինում։ Մենք հետաքրքիր մի միտում ունենք. ծնողները գալիս և մեզ ասում են, թե ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները նշեն վերջին զանգը»,- նշեց նախարարը և ասաց, որ պետք է կարողանան հասարակությանը ուղղորդել, որ թանկ ռեստորանում այդ իրադարձությունը նշելը այնքան էլ չի նպաստում իրենց երեխաների կայացմանը։

Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը դրամի չափը չէ, այլ այն, որ նույն դասարանում սովորում են և՛ սոցիալապես ապահով և անապահով ընտանիքների երեխաներ։ Նախարարի խոսքով՝ դրամահավաքով ընդգծվում է դասարաններում խավերի տարբերությունը։

«Դասարաններում խավերի տարբերակումը, իմ կարծիքով, կրթության համար ուղղակի վտանգ է։ Հանրակրթության և դեմոկրատական հասարակության սկզբունքն այն է, որ դասարանները ներկայացված են հասարակության բոլոր շերտերով։ Երեխան չպետք է վատ զգա իր սոցիալապես անապահով վատ վիճակի պատճառով, ամբողջ խնդիրը հենց այդ է։ Մենք կոչ ենք անում ոչ թե խուսափել վերջին զանգի միջոցառումը նշելուց, այլ այնպես անել, որպեսզի այդ նշելը իր երեխայի մոտ ծնողի անհարմար իրավիճակում հայտնվելու պատճառ չդառնա»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ դեպքեր են լինում, որ վերջին զանգն առիթ են դարձնում, որպեսզի շորթումներ կատարեն։ Մկրտչյանի պնդմամբ, մի բան է, երբ դրամ է հավաքվում միջոցառման համար կամ նկարների, բոլորովին այլ է, երբ նվերների համար է։
Հայաստանում շրջանավարտների համար վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 26-ին։ Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու։ Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների։

Հայաստանի Հանրապետության դպրոցների օպտիմալացման շնորհիվ հաստատությունները զարգացման ավելի համալիր ծրագիր կունենան։  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օպտիմալացումը իրականացվելու է միայն հանրապետության քաղաքային դպրոցներում։

«Մենք գտել ենք բանալին, թե ինչպես լուծել այդ հարցը։ Մեր կրթության որակի խնդիրը նրանում է, որ դպրոցը ժամը 1-ից հետո կա’մ անցնում է երկրորդ հերթի, կա’մ փակվում: Այսինքն` երեխան չի մնում դպրոցում, հիմնական դասերի պարապելուց հետո։ Խմբակներ, լրացուցիչ ծառայություններ չկան, որոնք դպրոցը կենդանի կպահեն մինչև ժամը 4-5-ը: Եթե մենք աստիճանաբար գնանք երկրորդ հերթի բացառմանը, կստանանք բավականին հետաքրքիր վիճակ` երկրորդ հերթով ապրող դպրոցների բեռնաթափման հաշվին կլցվեն այն դպրոցները, որոնք թերբեռնված են: Մեր խնդիրը հետևյալն է` քաղաքում դպրոցների մի զգալի հատված գերբեռնված է, մյուս մասը` թերբեռնված, և այդ բաշխումը չի բերի շատ մեծ ցնցումների։ Այս հանգամանքը կստիպի, որպեսզի դպրոցը լիարժեք աշխատի և կատարի իր ամբողջական ֆունկցիան»,- ասաց Մկրտչյանը:

Նա պնդմամբ՝ երկրորդ հերթով կամ եռահերթ դպրոցներում կրթության որակը շատ դժվար է պահել:
Ուսուցիչների կրճատումների վերաբերյալ նախարարն ասաց, որ, եթե աշակերտների հոսքը պետք է գնա մեկ այլ դպրոց, մանկավարժների կարիք էլ այդ դպրոցը կունենա:

«Մանկավարժների ավելցուկ ասելով` մենք նրանց ստացած գումարը նկատի չունենք, քանի որ ուսուցիչներին ֆինանսավորում ենք` ըստ աշակերտների թվի։ Նկատի ունենք, որ մանկավարժների մեծ մասն աշխատում է կես կամ քառորդ դրույքով, այսինքն` թերծանրաբեռնված են աշխատում: Սա այն դեպքը չէ, որ ունենք շատ մեծ ավելցուկ և պետք է կրճատումներ անենք: Ուսուցչական մի փոքր ավելցուկ առաջացել է, երբ աշակերտների թիվը որոշ տեղերում կրճատվել է, իսկ ուսուցչական կազմը մնացել։ Բայց ոչ թե հաստիքների ձևով,քանի որ միևնույնն է՝ ըստ աշակերտի է, այլ ուսուցիչները սկսել են կիսվել և սրանից ելնելով՝ ունենք որակի անկում։ Պատկերացրեք, որ ունենք ուսուցիչ, ով 40 000 դրամ աշխատավարձ է ստանում, բնականաբար, նա կրկնուսուցային մեթոդների կդիմի և իր ֆունկցիաները չի կատարի»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

Մկրտչյանն ընդգծեց, որ Երևանում դպրոցների օպտիմալացումը հնարավորություն կտա զգալի գույքային միջոցներ ազատել, քանի որ, օրինակ, եթե որևէ դպրոց կառուցված է 1300 աշակերտի համար, իսկ հիմա այնտեղ սովորում է 300 աշակերտ, այս դեպքում մի կորպուսը կազատվի` խնայելով դպրոցի պահպանման ծախսերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` երբեմն դպրոցները սկսում են վարձակալությամբ տալ իրենց ազատ հատվածը, իսկ վարձակալումը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում:

«Օպտիմալացման առաջին փուլում դպրոցները կմիավորվեն, կմիաձուլվեն և կտեղաշարժվեն, այսինքն` այն դեպքում, երբ, օրինակ, 200-300 մետրի վրա 2 դպրոց է գործում: Դպրոց փակելու մասին չէ խոսքը, քանի որ դպրոցը փակվում է, երբ բնակավայրը սկսում է մարել։ Մենք ասում ենք, որ, օրինակ, եթե երկու` կողք կողքի դպրոց կա գործող, դրանք կմիացնենք որպես հիմնական դպրոց, իսկ մյուսը կդարձնենք միջնակարգ: Մյուս կողմից` շատ կարևոր է, որ յուրաքանչյուր տեղ, որտեղ բնակավայր կա, լինի դպրոց, քանի որ մենք պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուրի կրթական իրավունքը»,- ասաց  Մկրտչյանը:

Մարզային մի քանի քաղաքներում լինելու է դպրոցների օպտիմալացում` Գյումրիում, Աբովյանում կան կողք կողքի դպրոցներ, որոնք կմիանան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...