Վիգեն Սարգսյանի ասածը որևէ քննադատության չի դիմանում

- in Ով ով է ..., Պնակալեզներ
133
Vigen Sargsyan

Երբ Վիգեն Սսրգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, տարբեր ենթադրություններ արվեցին: Հիմնականներից մեկն այն էր, որ ՊՆ-ն ակտիվ մասնակցություն է ունենալու արտաքին քաղաքականության մեջ` այսպիսով փոխհատուցելով ԱԳՆ-ի, մեղմ ասած, անգործությունը: Սա, իհարկե, ոչ ինստիտուցիոնալ մոտեցում է, երբ փորձ է արվում համակարգերից մեկի անգործությունը ծածկել մյուսի ակտիվությամբ:

Բայց նման պրակտիկա հաճախ կիրառվում է երկրներում, որտեղ պետական մարմինները գործում են ոչ այնքան ֆորմալ լիազորությունների, որքան` ներհամակարգային պայմանավորվածությունների արդյունքում: Մյուս կողմից` ԼՂ խնդրի առկայությունը, տարածաշրջանային, առանձնահատկությունները թելադրում են ռազմաքաղաքական դիվանագիտության անհրաժեշտությունը, մանավանդ, օրինակ` «ազգ-պետություն» կոնցեպցիան վաղուց ընդունած Իսրայելում բոլոր պետական մարմինները գործում են հենց այդ կոնցեպցիայի տրամաբանությամբ:

Մի վարկած էլ կար, համաձայն որի` Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հիմնական «ժառանգորդն» է, իսկ Հայաստանում ՊՆ-ը և բանակը հաճախ լեգիտիմացնում են որևէ պաշտոնյայի իշխանական հայտը: Որ վարկածն էլ ճիշտ լինի, ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը միջազգային ակտիվ գործունեություն է ծավալում և նրա խոսքն արտաքին լսարանի համար լուրջ մեսիջ է` թե որպես հակամարտության մեջ ներքաշված երկրի ՊՆ նախարար, և թե որպես իշխանության պոտենցիալ ժառանգորդ: Այս համատեքստում, սովորաբար, հավասարակշիռ խոսքով աչքի ընկնող Վիգեն Սարգսյանը դիվանագիտական լուրջ սայթաքում է թույլ տվել «Ինտերֆաքսին» վերջերս տված հարցազրույցում:

Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ դա ոչ թե սայթաքում է, այլ Հայաստանի իշխանությունների անհեռանկար քաղաքականության մեխանիկական մատուցում, շարադրում: Օրեր առաջ հրապարակված այս հարցազրույցին կարելի էր չանդրադառնալ, եթե չլիներ երկու ծանրակշիռ պատճառ: Մեկն այն է, որ հնչեցված տեսակետը կարող է դառնալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշում` անկանխատեսելի հետևանքներով: Եվ երկրորդ, մտավախություն կա, որ այդ դիրքորոշումը Հայաստանի իշխանություններին պարտադրվում է հենց Մոսկվայից` մեր արտաքին քաղաքականությունը Սառը պատերազմի տրամաբանությանը համապատասխանեցնելու համար: Նաև բարենպաստ ֆոն է ստեղծվում ադրբեջանական ուղղությամբ Մոսկվայի ակտիվությունը լեգիտիմացնելու համար:

Հիշյալ հարցազրույցում Վիգեն Սարգսյանը հորդորել էր Կրեմլին անվերապահորեն չընդունել Անկարայի հետ ջերմացող հարաբերությունները՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար Ռուսաստանի հարավային ճակատում: «Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատը ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում»,- ասել էր Վիգեն Սարգսյանը` հավելելով. «Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը»:

Իհարկե, շատ բնական է, որ Հայաստանի պաշտպանության նախարարն անհանգստացած է թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությամբ: Անբնականն այն է, որ արհեստականորեն շրջանառվում է Ռուսաստան-ՆԱՏՕ հակադրության գործոնը ու մեր անհանգստությունները մատուցվում են ռուսական շահերի, դրանց պաշտպանության համատեքստում: Մի կողմ թողենք այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն իրականում ոչ թե քաջալերում, այլ զսպում է Թուրքիայի դեստրուկտիվ ակտիվությունը ղարաբաղյան «ճակատում»: Դեռ ավելին` եթե կա որևէ երկիր, որը թեկուզև անուղղակի Անկարային մասնակից է դարձնում ղարաբաղյան կարգավորման գործընթացին` դա հենց Ռուսաստանն է: Եթե Վիգեն Սարգսյանը Մոսկվայի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանում Թուրքիայի «ՆԱՏՕ»-ական ակտիվացման վրա, ապա ռուսներից օպերատիվ հակաքայլեր է ակնկալում, ասենք` քաղաքականության ակտիվացում Ադրբեջանում: Չնայած` առանց այդ էլ ռուս-ադրբեջանական ռազմա-քաղաքական գործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, ու մեկ տարի առաջ հայ-ադրբեջանական պատերազմի սանձազերծման պատճառ հանդիսացավ:

Այսինքն, այս իմաստով էլ` Վիգեն Սարգսյանի ասածը որևէ քննադատության չի դիմանում, մանավանդ, առկա է Անկարա-Բաքու-Մոսկվա առանցքի ձևավորման վտանգ, իսկ այդ պարագայում դաշնակիցներ պետք է փնտրել միանգամայն այլ մայրաքաղաքներում: Գլոբալ առումով` մեր պաշտոնյաները պարտավոր են հստակ ձևակերպել ու իրականացնել Հայաստանի քաղաքականությունը, իսկ Մոսկվայում մի կերպ յոլա կգնան առանց մեր խորհուրդների: