Վովա Գասպարյանի ինքնապաշտպանական բնազդն ու մարտավարությունը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
154
Vova Gasparyan

60 տարի պաշտոնավարելու մասին հայտարարությամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանն, իհարկե, իր ամպլուայի մեջ էր՝ էպոտաժա-տեսարանային, որ հաճախակի նախընտրում է ներկայացնել ոստիկանապետը հանրությանը:

Դա նաև Վովա Գասպարյանի ինքնապաշտպանական բնազդը կամ մարտավարությունն է, առանց որի Հայաստանի իշխող համակարգում հնարավոր չէ պաշտոնավարել նույնիսկ 60 րոպե: Հատկապես մի փուլում, երբ բազմաթիվ են անորոշությունները և դրանից նաև ամենագլխավորը՝ Սերժ Սարգսյանի հետագա կարգավիճակը:

Մյուս կողմից, ոստիկանապետի հայտարարությունը բացի նրա ոճի հերթական արտացոլումից, նաև իր մեջ պարունակում է իրավիճակի որոշակի ինդիկատոր: Բանն այն է, որ անորոշության պայմաններում կարող է որոշակի լինել մի բան՝ իրավապահ համակարգի դերը: Իշխանության մեջ ներկայումս անցումային և անորոշության փուլով պայմանավորված, ըստ էության կաթվածահար են կենսագործունեության այսպես ասած քաղաքական մեխանիզմները: Այդ պայմաններում անգնահատելի է դառնում իրավապահ համակարգի, մասնավորապես ոստիկանության դերը: Հատկապես, երբ խոսքն այլևս խորհրդարանական կառավարման անցման մասին է, որտեղ մեծ հաշվով անորոշության նվազագույն մի չափաբաժին լինելու է միշտ՝ քանի որ չկա բուրգի գագաթ նախագահի պաշտոնը:

Իրավապահ համակարգի դերը այդպիսով շեշտակի աճում է ոչ միայն անցման փուլում, այլ նաև հենց նոր մոդելի գործունեության ժամանակաշրջանում: Ոստիկանապետ Գասպարյանը 60 տարվա ոստիկանապետության մասին խոսում է հենց այդ համատեքստում, ակնարկելով, որ ինչպիսին էլ լինի հանգուցալուծումը, ով էլ հայտնվի 2018-ին վարչապետի պաշտոնում կամ տիրի խորհրդարանական մեծամասնությանը, չի կարողանալու յոլա գնալ առանց ոստիկանության: Ընդ որում, չի կարողանալու հենց տիրելու կամ վարչապետի պաշտոնում հայտնվելու համար ներիշխանական պայքարի պրոցեսից: Այլ կերպ ասած, Վովա Գասպարյանն ակնարկում էր, որ, ոչ թե ինքն է պայքարում մնալու համար, այլ մնալ ցանկացողներն են պայքարում իր համար: Տվյալ դեպքում խոսքը առնվազն Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին է, եթե չավելանա հավակնորդների շրջանակը մինչև 2018-ի ապրիլ, թեև դրա հավանականությունը խիստ փոքր է, գրեթե զրոյական:

Ըստ էության, Հայաստանն այդ իմաստով անցել է ոստիկանական կառավարման մոդելի՝ դե ֆակտո, ոչ թե խորհրդարանական:

Եվ եթե դիտարկվում է 60-ամյա պաշտոնավարման մասին հայտարարությունը, որն իհարկե առիթ է տվել հանրության շրջանում բազմաթիվ կեսկատակ մեկնաբանությունների , ապա դրա խորքում իրականում հարցն ավելի լուրջ է եվ խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ոստիկանական կառավարման մոդելին՝ որքան է այն ձգվելու, ավարտվելու՞ է անցումային փուլով, խորհրդարանական մեծամասնությանը զուգահեռ Հայաստանում գործելու է կառավարման առումով առավել ազդեցիկ զուգահեռ ոստիկանական մեծամասնությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20