Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. Նյութերն ուղարկվել են դատախազություն

- in Իրավունք
73
Zaruhi Postanjyan

«Երկիր Ծիրանի»-ի կուսակցությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները, ունենալով տեղեկություն Զարուհի Փոստանջյանի և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ բռնության կիրառման մասին, սակայն մինչ այս պահը քրեական գործ չեն հարուցել՝ Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին»,-ասված է հայտարարությունում։

Այս առնչությամբ, ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգը հիվանդանոցից ստանալուց հետո ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները համապատասխան գործողություններ են իրականացրել, նյութեր են նախապատրաստվել, որոնք ուղարկվել են դատախազություն:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հայտնվել էր իր մրցակից Տարոն Մարգարյանի Ավանի նախընտրական շտաբում և պահանջել ցույց տալ, թե ինչ է պահվում դարակներում։ Սակայն շտաբի աշխատակիցները հրաժարվել են դա անել։ Քաղաքական գործչի խոսքով՝ դրանից մեկ օր առաջ այդտեղ ընտրակաշառք են բաժանել, իսկ դարակներում կարելի է գտնել այդ փաստն ապացուցող ցուցակները։ Ի վերջո իրավապահները Զարուհի Փոստանջյանին ուժով են դուրս բերել շտաբից։ Փոստանջյանին փորձել էին բերման ենթարկել, սակայն գործողությունն ավարտին չէին հասցրել: Փոխարենը բերման էին ենթարկել նրա դստերը: Վերջինս ուղեղի ցնցում է ստացել և մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...