25/04/2024

Առողջապահության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը հրավիրվել է հարցաքննության։

Այս մասին ասել է նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյան՝ չհստակեցնելով, թե կոնկրետ, որ իրավապահ մարմին է Ավետիսյանը հրավիրվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ ասաց, որ այս պահին ձերբակալված անձ չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ են իրականացում։

Բժշկական կենտրոնը, որտեղ իրականացվում է խուզարկությունը, «Ուիգմոր քլինինգն» է:

ԲԿ-ի հաղորդակցման մասնագետ Աննա Թավաքալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ հանդես կգան հայտարարությամբ:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ մամուլից է տեղեկացել նախարարությունում խուզարկության մասին։