2018-ի ապրիլին մոտենալուն զուգահեռ` հակագրոհ բաց չթողնելու մտավախությամբ

- in Վերլուծական
96
serzh-sargsyan

Զարմանալի և անսպասելի որևէ բան չկա այն հարցում, որ ներկայումս ներքաղաքական և ներիշխանական քննարկումների, ինչպես նաև դրանց վերաբերյալ հասարակական դիտարկումների առանցքում Սերժ Սարգսյանի ծրագրերն են, այսպես ասած, 2018-ի խնդրի հետ կապված:

Դա անկասկած պայմանավորված է նրանով, որ ներքաղաքական օրակարգը թելադրում է Սերժ Սարգսյանը, և առայժմ չկա ուժ, չկա կառույց, սուբյեկտ, որը թելադրի այլընտրանքային օրակարգ: Բոլորը հիմնականում արձագանքողի դերում են: Ըստ այդմ, եթե դրան ավելացնում ենք նաև Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների հանգամանքը, որ նա դեռ պահպանում է, պարզ է դառնում, որ ներքաղաքական զարգացումների վճռորոշ գործոնը այն է, թե ինչ կթելադրի Սերժ Սարգսյանը:

Մյուս կողմից՝ այդ ամենի վերաբերյալ դիտարկումներում ակնհայտորեն գերակշռում է հաղթանակի և պարտության շրջանակը: Այսինքն՝ կա՛մ Սերժ Սարգսյանը կհաղթի ու կմնա, կա՛մ կպարտվի ու կգնա: Իսկ չկա՞ երրորդ տարբերակ, այսպես ասած՝ «ոչ-ոչ»-ի՝ ոչ հաղթանակի և ոչ էլ պարտության: «Եվ-և»-ը թերևս պետք է բացառել, Սարգսյանը չի կարող թե՛ հաղթել, թե՛ պարտվել միաժամանակ, թեև «ոչ-ոչ»-ի հակառակ կողմում փաստորեն «և-և»-ն է: Որովհետև Սարգսյանը կարող է, իհարկե, չհաղթել իր որևէ սցենարային պլանով, բայց միաժամանակ նաև չպարտվել, այսինքն՝ թույլ չտալ որևէ այլ սցենարային պլանի հաղթանակ, ինչը նրա դեպքում արդեն հավասարազոր կլինի սեփական փոքր հաղթանակի:

Այսպես թե այնպես հարցը հետևյալն է. չկա՞, չի՞ կարող լինել որևէ երրորդ տարբերակ: Իրավիճակը, իհարկե, նոր է, կառավարման մոդելի փոփոխությունը, նաև նախագահի ուժեղ ինստիտուտի բացակայությունը շատ բան են փոխում: Սակայն կա մի գլխավոր հանգամանք, որն անփոփոխ է՝ դա բիզնեսի և իշխանության սերտաճումն է:

Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում իշխող համակարգը՝ անկախ կառավարման դե յուրե մոդելի փոփոխությունից և ներքին հարաբերությունների վրա դրա դե ֆակտո ազդեցությունից, այդուհանդերձ՝ շարունակում է հիմնված լինել, այսպես ասած, «համատեղ հանցանքի» սկզբունքի կամ տրամաբանության վրա: Այդ համակարգը իր առաջին ոչ միայն միլիոնը, այլև միլիոնները կուտակել և ըստ էության շարունակում է կուտակել այդ սկզբունքով և տրամաբանությամբ՝ հանրային և պետական ռեսուրսների հաշվին:

Այստեղ առաջանում են ներքին տնտեսական վեճեր, առաջանում են քաղաքական շահերի բախում և բաժանարար գծեր, կասկածներ, անվստահություն, իշխանության համար պայքար՝ այդ ամենից բխող անվտանգության և սեփականության անձեռնմխելիության համար: Բայց այդ ամենը համախառն առումով դեռևս չունեն «համատեղ հանցանքի» ազդեցությունը, չեն խախտում այդ սահմանը: Իսկ դա այն սահմանն է, երբ որևէ մեկին հասցվող վնասը անխուսափելիորեն կարող է ենթադրել փոխադարձության ռիսկ կամ, այսպես ասած, ունենալ բումերանգի ակամա էֆեկտ:

Դա իր հերթին նշանակում է, որ համակարգում հարաբերությունների պարզաբանումն ու, այսպես ասած, դիրքային պայքարը շարունակելու են ընթանալ «միկրոսկոպիկ» տրամաբանությամբ, ահագին մասով աչքի համար անտեսանելի և մաշկի համար նույնիսկ չշոշափվող տարբերակով: Իսկ այդ առումով ներհամակարգային հանգույցները այնքան շատ են, որ մինչև 2018-ի ապրիլ մնացած մեկ տարին կարող է չբավականացնել: Իսկ դրանից հետո արդեն, երբ իշխանությունը փաստորեն ապակենտրոնացվում է, գործընթացը էլ ավելի կդանդաղի՝ հաշվի առնելով այն, որ չկա ուժեղ նախագահական «արբիտրաժ»:

Դա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ ներկայումս որքան կա իշխանության վերադասավորման պայքար, նույնքան էլ այդ պայքարի մասնակիցները լավ են պատկերացնում, որ 2018-ից հետո արդեն կլինի մի իրավիճակ, երբ այդ պայքարի ներքին լարվածությունն էապես կլիցքաթափվի, և ավելի շատ կլինեն պայմանավորվելու և համատեղ չխորտակվելու մոտիվացիաները:

Իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ մեծ է հաղթելու ձգտումը, այդուհանդերձ՝ 2018-ի ապրիլին մոտենալուն զուգահեռ ներիշխանական թիմերի պահվածքը ավելի շատ հիշեցնելու է ֆուտբոլային այն հանդիպումները, որտեղ ժամանակը մոտենում է ավարտին, ու թեև ոչ-ոքին չի գոհացնում որևէ կողմի, այդուհանդերձ՝ ավելի ու ավելի նվազում է հաղթանակի համար ռիսկի դիմելու մոտիվը՝ հակագրոհ բաց չթողնելու մտավախությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...