Θ «Pour toi Arménie-ն կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ»

- in Տեսանյութեր
100
Sharl Aznavur

Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի, որդու՝ Նիկոլայի մկրտության, ինչպես նաև այն մասին, որ իր Pour toi Arménie երգը կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ:

«Իմ բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, Նիկոլան բացառություն չէր: Նիկոլան Հայաստանում մկրտվեց և իմ հոր անունն ընտրեց (Միքայել): Մկրտության ընթացքում ես մտածում էի իմ ծնողների մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ: Հայերը սիրում են երեխաներին ու մեծերին»,- նշել է Ազնավուրը:

Շանսոնյեն պատմել է նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին. «Բոլոր հարցերով Նիկոլան է զբաղվում, նրա մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում: Այդ հիմնադրամն օգնելու է ամբողջ աշխարհի հայերին: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը թանգարանի հիմնումն է, որը ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլև երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային վայր է դառնալու: Հիմնադրամը զբաղվելու է երիտասարդությամբ, որպեսզի նրանք չհեռանան երկրից, այլ կարողանան իրացնել իրենց կարողությունները հայրենիքում, ընտանիքով շրջապատված: Առավել ևս, որ Հայաստանն այժմ վտանգի մեջ է՝ հաշվի առնելով, որ սահմանակից ենք Թուրքիային և Ադրբեջանին»,- պատմել է շանսոնյեն:

Ազնավուրը նաև նշել է, որ կցանկանար, որպեսզի իր Pour toi Arménie երգը Հայաստանի նոր օրհներգը դառնար:

«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում և, հնարավոր է, Pour toi Arménie-ն նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- հավելել է Ազնավուրը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20