Ահազանգում են մոտալուտ պատերազմի վերսկսման վտանգի մասին

- in Կեղտոտ լվացք
206
paterazm

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, որի առաջին կանգառը Երևանն է:

Այս այցը տեղի է ունենում շատ բարդ, նույնիսկ պայթյունավտանգ իրավիճակում, երբ բուն հակամարտության գոտում և դրանից դուրս որևէ մեկը չի հավատում կարգավորման մոտալուտ հեռանկարին, ավելին՝ միջազգային մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Միջազգային ճգնաժամային խումբը, ահազանգում են մոտալուտ պատերազմի վերսկսման վտանգի մասին:

Համանախագահության այցն այս իրավիճակում, երբ նրանց հերթական առաքելությունը զուգակցվում է Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցներով, նմանվում է քննության՝ արդյոք միջնորդներին կհաջողվի՞ անել նվազագույնը, գոնե կանխել իրական թվացող նոր պատերազմը: Ակնհայտ է, որ հիմա խոսք անգամ չի կարող գնալ կարգավորման բովանդակային որևէ պլանի մասին՝ դրա անունը կլինի Մադրիդյան, Կազանի, թե այլ փաստաթուղթ, նույնիսկ միամիտ է ակնկալել, որ առաջընթացի կարելի է սպասել Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման մասով: Ակնհայտորեն անգամ այդ պայմանավորվածությունները հնացած են, և Մինսկի խմբի համանախագահությունից ակնկալվում է խաղաղության նոր մեխանիզմների ու գործիքների ներկայացում:

Մյուս կողմից՝ եթե իրատես լինենք, ապա օբյեկտիվ մարտահրավերներին ավելացել է ևս մեկը՝ Ադրբեջանում և Հայաստանում իշխանությունների տրանսֆորմացիայի գործընթացը, որն ավելի ռիսկային է դարձնում իրավիճակը:

Այն, որ երկու երկրների վերնախավերը Ղարաբաղի հարցն ավելի շատ օգտագործել են իրենց իշխանության ամրապնդման նպատակով՝ ամենևին նորություն չէ, սակայն այդ երևույթն ավելի է սրվում և դառնում ռիսկային, երբ իշխանությունները գտնվում են խորքային վերակազմավորումների փուլում:

Ղարաբաղի և անվտանգության հարցը Սերժ Սարգսյանի, ըստ էության, միակ հաղթաթղթերն են, որոնցով նա կարող է չեզոքացնել իր հնարավոր մրցակիցներին՝ համակարգի ներսում և դրանից դուրս: Պատահական չէ, որ ներքաղաքական բոլոր էական հայտարարությունները Հայաստանի նախագահն անում է առաջնագծից՝ հատկապես վերջին ամիսներին: Դրա թարմ օրինակը Տավուշի մարզում արված վերջին հայտարարությունն էր, որում Սերժ Սարգսյանն ըստ էության խոսում էր իր ու Կարեն Կարապետյանի հարաբերությունների մասին:

Ավելի բարդ է իրավիճակն Ադրբեջանում, որտեղ Ալիևն, ըստ էության, ոչնչացնում է պետական կառավարումը, դասական իշխանությունը՝ իր կլանի, ընտանիքի հավերժ տիրապետությունը հաստատելու նպատակով: Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորումը, այլ դրա թեժացումը՝ ազդեցիկ խմբերի կոնսոլիդացիան իր ընտանիքի շուրջ ապահովելու նպատակով:

Ահա այսպիսի բարդ իրավիճակում են տարածաշրջան գալիս համանախագահները, երբ նրանց սպասում են սովորականից ավելի «հայրենասեր» իշխանություններ, որոնց համար Ղարաբաղի հարցը նախևառաջ գործիք է իրենց համակարգերը կայունացնելու և ամրապնդելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20