Ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանում բացակայում են պայքարի քաղաքական հարթակները

- in Կարծիք
176
opera

Երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տապալվել է «Գայանե» բալետի ներկայացումը։ Նվագախմբի երաժիշտների մի մասը դուրս չի եկել բեմ։ Երաժիշտների նման «հեղափոխականության» պատճառը աշխատանքի հետ կապված խնդիրներն են:

«Գայանե» բալետի տապալումը շարքային իրադարձություն չէ, որովհետև շոշափում է հասարակության այն սեգմենտի խնդիրները, որին, լավ իմաստով ընդունված է էլիտա կոչել: Այսինքն՝ գործ ունենք մարդկանց հետ, ովքեր առնվազն Հայաստանի մասշտաբով բարձր մշակույթի կրողներ են՝ արժեքներ ստեղծելու և դրանցով ապրելու իմաստով: Սա խավ է, շերտ, որը մեծ իմաստով հանրային ճաշակ է ձևավորում, սակայն երեկ հարկադրված է եղել «զինվել» այն «մշակույթով», որը բնորոշ է հանրության արմատական, գուցե նաև սպառողական շերտերին:

«Գայանե» բալետի տապալումը ձևով նման է նրան, որ հուսահատ մարդիկ ճանապարհ են փակում՝ լսելի դառնալու համար: Երբ արվեստի, մշակույթի մարդն այլևս չի ունենում ինքնադրսևորման, իր պահանջը ներկայացնելու ակադեմիական հարթակ և հարկադրված դիմում է պայքարի «բարիկադային» տարբերակին, ապա երկրում կառավարման ճգնաժամը հասնում է պիկին, կուլմինացիային:

Երբ հարյուր հազարավոր ֆանատներ գերված են Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ խաղով, բայց Երևանում հարկադրված բոյկոտում են նրա խաղը, ապա դա խոսում է այն մասին, որ հուսահատությունը, անելանելիությունը մարդկանց մեջ սպանել են անգամ գեղեցիկը, բարձրը գնահատելու հատկությունը: Սա դարձյալ կառավարման, վստահության տոտալ ճգնաժամի նշանային դրսևորում է:

Ընտրությունները, մեծ հաշվով, որևէ կապ չունեն հանրային տրամադրությունների ու վարքագծի հետ: Ոչ այն իմաստով, որ քվեատուփերում մարդկանց իրական քվեները չեն: Գուցե նաև իրականն են, բայց հասարակությունը վաղուց հասկացել է, որ ընտրությունը փոփոխության միջոց չէ, այլ ստատուս քվոյի ամրագրում է, որտեղ գնահատվում է իր քվեի գինը: Ու պատահական չէ, որ ընտրություններում ՀՀԿ-ի օգտին «համերաշխ» քվեարկածները հիմա, ըստ էության, ընդվզում են իշխանության դեմ:

Ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանում բացակայում են պայքարի քաղաքական հարթակները, և հասունանում է սոցիալական բունտ՝ որպես հետևանք կառավարման տոտալ ճգնաժամի, ընդդիմության ինստիտուցիոնալ չգոյության, արհմիությունների բացակայության:

Մոտավորապես նույն վիճակն էր արաբական երկրներում, որտեղ այդ բունտերն արյունոտ եղան՝ առանց որակական հետևանքի: Հայաստանը նման փորձության չի դիմանա՝ չնայած կասկածում եմ, որ «վերևներում» ընդունակ են իրավիճակի ադեկվատ գնահատման:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20