Անինտրինգ ընտրություններ

- in Ընտրություններ
55
Yntrutyun

Երեկ համընդհանուր անտարբերության պայմաններում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին վեց մարզերի տասը համայնքներում:

Համապետական ընտրություններից առաջ ընդդիմությունը փոքրիշատե մասնակցեց տեղական ընտրություններին` դա հիմնավորելով կառավարման համակարգի փոփոխություններից բխող նոր իրավիճակով ու նաև այն հանգամանքով, որ դասեր է քաղել իր նախկին սխալներից:

Հատկապես ինտրիգային ստացվեցին Գյումրիի ու Վանաձորի ընտրությունները` հույսեր ծնելով, որ քաղաքական կյանքը կընդլայնի իր աշխարհագրությունը` Երևանից տարածվելով նաև մարզեր: Սակայն ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, և ընդդիմությունը դարձյալ մոռացավ տեղական ընտրությունների մասին:

Անգամ, երբ խոսք է գնում Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին, ինտրիգը զարգանում է միայն Հովիկ Աբրահամյանի անձի, նրա ու հանրապետականների հարաբերությունների շուրջ:

Մինչդեռ տեղական ընտրությունները հրաշալի առիթ են, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը փոքր քայլերով զարգացնի իր հաջողությունները, համապետական ընտրություններում պարտվածները ենթարկվեն ռեսթարթի` խոշորացման մասին անպտուղ զրույցներ վարելու փոխարեն:

Ընդդիմության բացակայությամբ` տեղական ընտրությունները վերածվում են կոռուպցիոն միջոցառման, որի միջոցով իշխանությունները վարձահատույց են լինում իրենց ծառայություններ մատուցած տեղական հեղինակություններին ու կլաններին կամ քարտ բլանշ տալիս նորերին:

Եթե այսօրվա ընտրություններում անգամ ինտրիգ գրանցվեր, ապա դա տեղի էր ունենալու Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում, որտեղ առաջադրվել էր քրեական անցյալ ունեցող նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանը` Ուզբոն, սակայն, նախնական տեղեկություններով, նա պարտվել է գործող ԲՀԿ-ական քաղաքապետին: Նոր Հաճնը համակարգային քվոտայով տրված է Գագիկ Ծառուկյանին: