Արցախում զոհված Վարդանը երաժիշտ էր, Վիգենը մի քանի օրից զորացրվելու էր

- in Հասարակություն
71
zinvor

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Զոհված զինծառայողներից Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղից էր: Ըստ Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի՝ Արայիկը սոցիալապես անապահով ընտանիքից էր. «Սոցիալապես անապահով ընտանիքի զավակ էր, ունի երկու անչափահաս եղբայր և իրենից մեծ քույր»:

Վարդան Սարգսյանը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Լուսագյուղի համայնքապետ Քաջիկ Զաքարյանի տեղեկացմամբ՝ Վարդանը նույնպես սոցիալապես անապահով ընտանիքից էր: «Վարդանը պետք է զորացրվեր հունվարին: Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանող էր»,- հայտնել է համայնքապետը:

Զոհված զինծառայողներից Վիգեն Պետրոսյանը Սևան քաղաքի բնակիչ էր: Ըստ Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի՝ «Վիգենն ունի երկու եղբայր, մեկը իրենից մեծ է, մյուսը` փոքր: Ամենաուշը մեկ ամսից պետք է զորացրվեր: Երկու տարի առաջ հունիսի 20-ին էր բանակ գնացել և արդեն մեկ ամսից կզորացրվեր»:

Զոհված զինծառայողների մարմինները արդեն տեղափոխվում են: