Բռնկվում է սկանդալ և առաջանում է լարում

- in Միջազգային
Hayastan EM

Որքան էլ աներևակայելի է թվում, սակայն անցնող շաբաթ կարծես թե մենք ականատես եղանք հայ-եվրոպական սկանդալի, պարզապես մինի-սկանդալի, բարեբախտաբար, թեև դեռևս դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները:

Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արձագանքեցին բավականին կոշտ և թերևս հենց սկանդալին բնորոշ շեշտադրումով՝ դիվանագետը փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, ինչն անթույլատրելի է: Եվ ո՞վ էր դա ասողը: Ամենևին ոչ լոկ ՀՀԿ-ական պատգամավոր, կամ մերձիշխանական փորձագետ, այլ նախարարը, այն էլ արդարադատության նախարարը, այն էլ բազմափորձ և հմուտ Դավիթ Հարությունյանը, որն անկասկած պատկանում է Հայաստանի իշխանության համակարգի այն հազվագյուտ ներկայացուցիչների շարքին, որոնք ունեն շոշափելի ադեկվատություն թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում, հատկապես իրավական նրբերանգներ պարունակող: Ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից հետո հայ-եվրոպական սկանդալը թերևս ամենաաներևակայելին էր, որ հնարավոր էր պատկերացնել, հատկապես ընտրությանը Եվրամիության, ԵԱՀԿ դիտորդների տված գնահատականների պայմաններում: Արդյո՞ք այդ գնահատականները բումերանգով հարվածեցին հենց Եվրամիությանը, թե՞ պարզապես ինչ որ «սև կատու» է անցել Հայաստանի ու Եվրամիության միջև, աշնանը սպասվելիք համաձայնագրի ստորագրումից առաջ: Կամ գուցե Հայաստանի իշխանությունն է պատրաստվում չստորագրել, կամ մտադիր է ստորագրության դիմաց ավելի բարձր գին պահանջել Եվրամիությունից: Կա՞ Ռուսաստանի գործոնը, որը փորձում է Երևանին հետ պահել ստորագրությունից:

Վարկածներն ու հնարավոր տարբերակները կարող են շատ լինել, սակայն ամենամտահոգիչն այն է, որ արդեն իսկ գործ ունենք սկանդալային իրավիճակի հետ: Մի բան, որ նույնիսկ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո տեղի չունեցավ, իսկ այժմ «պայթեց գրեթե անամպ երկնքում»: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանությունը փորձում է դրանով առևտրի գնալ կոռուպցիայի դեմ պայքարում շեշտադրումների հարցում: Հնարավոր է նաև, որ Սերժ Սարգսյանն է կոշտ դիմակայության գնում, քանի որ չի կարողանում Եվրամիության աջակցությունը ստանալ իշխանության ներսում վերադասավորումների իր ծրագրի, մասնավորապես իր հետագա քաղաքական դերակատարման հարցում: Մի բան հստակ է, որ թե՛ Դավիթ Հարությունյանը, թե՛ նրան հաջորդող մյուս ՀՀԿ-ականները չեն որդեգրի այդ տոնայնությունն ու բովանդակությունը, վստահ չլինելով Սերժ Սարգսյանի տրամադրության և հավանության հարցում:

Հետևաբար պետք է ենթադրել, որ հանձնարարականներն իջեցվել էին ակնթարթորեն, ինչը նշանակում է, որ Երևանը սպասում էր առիթի, կամ պարզապես խնդիրները Հայաստանի և Բրյուսելի միջև հասունացել էին ավելի վաղ և ներկայումս ընդամենը ելել են ջրի երես: Բոլոր դեպքերում, մենք գործ ունենք ըստ էության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող երևույթի հետ, որովհետև Հայաստանի ու Եվրամիության միջև թեկուզ ամենափոքր թյուրըմբռնումը և առավել ևս սկանդալային լարումը, նույնիսկ մինի մասշտաբով, նշանակում է Հայաստանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դիրքերի խարխլում: Ու առավել վատ է, որ դա տեղի է ունենում Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհանես Մանի՝ Բաքու այցին զուգահեռ, որտեղ խոսվում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի պատրաստման մասին:

2013 թվականին Հայաստանը էապես առաջ էր անցել Ադրբեջանից, հավակնելով անգամ եվրաասոցացման գործընթացի շնորհիվ դառնալ տարածաշրջանի տնտեսա-քաղաքական լիդեր: Սակայն սեպտեմբերի 3-ը Հայաստանը հետ գցեց և այսպես ասած հավասարեցրեց Ադրբեջանին: Ավելին, Ադրբեջանն առավելություն ստացավ Ռուսաստանի հետ հարաբերությունների, Հայաստանի հանդեպ «ռազմավարական դաշնակցի» հակադաշնակցային պահվածքի շնորհիվ: Հավասարակշռության ապահովման կարևոր քայլից Հայաստանը զրկելուց հետո տեղի ունեցավ հավասարկշռության շեշտակի խախտում, ինչն էլ բերեց Ադրբեջանի ավելի ու ավելի լկտիացման, հրադադարի ավելի ու ավելի մեծ և հանդուգն խախտումների և ի վերջո ապրիլի պատերազմի, երբ ոչ միայն հակառակորդը գրոհեց, այլ եվրասիական դաշնակիցները միահամուռ «դավաճանեցին», և Սերժ Սարգսյանը ստիպված էր ոտքի տակի ամուր հող փնտրել Բեռլինում՝ Մերկելի կողքին:

Եվրամիության հետ գնալով նոր համաձայնագրի ստորագրման, որը անհամեմատ ավելի համեստ է իր քաղաքական բովանդակությամբ, քան Ասոցացման համաձայնագիրը, Հայաստանն այդուհանդերձ էական քաղաքական և դիվանագիտական քայլ է կատարում ապրիլի պատերազմում հայկական զինուժի սխրանքի շնորհիվ վերականգնված ռազմա-քաղաքական հավասարակշռությունն ամրացնելու և Բաքվից կրկին առաջ անցնելու ուղղությամբ:

Համաձայնագրի ստորագրումը սպասվում է աշնանը, սակայն ամռանը բռնկվում է սկանդալը և առաջանում է լարում: Ո՞ւմ է դա պետք, և ինչի՞ համար: Ո՞ւմ է պետք թույլ չտալ քաղաքական և դիվանագիտական առումով ամրացնել, ամրապնդել այն հավասարակշռությունը, որ ապրիլին թանկ կյանքերի գնով վերականգնեցին հայ զինվորն ու սպան, և որն այնքան կարևոր է հայկական պետականության անվտանգության ու ինքնիշխան զարգացման համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20