«Գազպրոմի» մի ֆիլիալ, որի ղեկավարը կոտրատվում է Մոսկվայից եկած շեֆի առաջ

- in Ով ով է ..., Պնակալեզներ
297
karen-karapetyan

Երևանում է եղել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը: Ավելորդ է ասել, որ ռուսական էներգետիկ «կայսրության» ղեկավարն ու օլիգարխիայի խորհրդանիշներից մեկը Հայաստանի իշխանության առաջին դեմքերի համար թերևս ամենակարևոր դեմքն է՝ Պուտինից հետո: Միլլերին ընդունել են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը:

Նույնիսկ լակոնիկ պաշտոնական հաղորդագրությունները բացահայտում են հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա վասալային բնույթը: Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման գործում մեծապես կարևորել է «Գազպրոմ» ընկերության դերը, «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով Հայաստանում «Գազպրոմ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղակիորեն անդրադառնում են նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացման վրա:

«Գազպրոմը» վաղուց դարձել է ինդիկատոր, բայց ոչ այն դրական, ռացիոնալ իմաստներով, ինչի մասին երեկ խոսել են Սարգսյանն ու Կարապետյանը:

«Գազպրոմը» այն գործիքն է, որի միջոցով Կրեմլը Արևելյան Եվրոպայում և հատկապես Հայաստանում իրականացնում է իր կայսերական ծրագրերը, վարում է պարտադրանքի և շանտաժի քաղաքականություն: Եթե մյուս երկրները փորձում են գազի ներկրման այլընտրանքային աղբյուրներ գտնել, ապա Հայաստանում «Գազպրոմը» դևի պես նստած է հայ-իրանական հարաբերությունների վրա, ամերիկյան հնարավոր ներդրումների ճանապարհին:

Այս իմաստով «Գազպրոմն» իսկապես խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունները, սակայն ոչ թե ռազմավարական գործընկերության, այլ մեր երկրի միակողմանի կախվածության առումով: Ընդ որում, այդ կախվածությունը չի վերաբերում միայն էներգետիկային և չի սահմանափակվում միայն այդ ոլորտով:

«Գազպրոմը» դարձել է տնտեսական մոնոպոլիայի խորհրդանիշ և համապատասխան բիզնես մշակույթ է թելադրում Հայաստանի տնտեսությանը՝ այն վերածելով ռուսական հետամնաց տնտեսության ծայրամասային շուկայի, որն իր գրավչությունը կորցրել է զարգացմսն վարկերի, արևմտյան ներդրողների համար:

Հայաստանի իշխանությունը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի արձագանքելու էներգետիկ ոլորտում ԱՄՆ ութ միլիարդ ներդրումների առաջարկին, որովհետև դա դառնալու է մեր երկրում ռուսական գաղութատիրության վերացման, մոնոպոլ տնտեսության վերջը: Հայաստանի անկախության վերականգնման այս շանսը մեր երկրի իշխանությունը չի օգտագործելու, որովհետև մենք չունենք պետական օրակարգով ու շահերով առաջնորդվող համակարգ, էլիտա: Խոսքը վերաբերում է թե՛ Սերժ Սարգսյանին և թե՛, առավել ևս, Կարեն Կարապետյանին, ով անձնապես «գազպրոմային» մենթալիտետի, մտածողության կրող է:

Հայաստանի գործող վարչապետը «Գազպրոմի» հայաստանյան կոռուպցիոն սխեմաների խորհրդանիշներից մեկն է, այն մարդկանցից մեկը, ում միջոցով Միլլերի հիմնարկը, բառի իսկական իմաստով, թալանել ու հարստահարել է հայաստանցիներին:

Այնպիսի տպավորություն էր, որ երեկ Կարապետյանը ներկայացնում է ոչ թե ինքնիշխան երկրի կառավարություն, այլ «Գազպրոմի» մի ֆիլիալ, որի ղեկավարը կոտրատվում է Մոսկվայից եկած շեֆի առաջ: Հենց այսպիսին է հայ-ռուսական հարաբերությունների ներկան, ու այն նույնքան նվաստացուցիչ կլինի, եթե պետության ղեկը վստահվի Կարեն Կարապետյանին, որովհետև եթե նա այլընտրանք է, ապա հաստատ ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Հայաստանի անկախությանն ու զարգացման եվրոպական հեռանկարին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20