Գմփոցը առաջիկայում կլսենք Ռուսաստանից

- in Տնտեսական
Karen Karapetyan

Ինչպես փոխանցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ինչպես 2016թ.-ին Բելառուսի Հանրապետությանը հազար խմ գազը վաճառել է 132 դոլարով, այնպես էլ այս տարի շարունակելու է վաճառել նույն գնով:

Մինչդեռ ժամանակին «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևի կողմից եղավ հաղորդագրություն այն մասին, որ ռուսական գազի գինը Բելառուսի համար 2017-ի հունվարի մեկից բարձրացվելու է 6.81%-ով՝ հազար խմ-ի համար 132-ից հասնելով 141.1 դոլարի: Ներկայացվեցին բոլոր այն գործոնները (այդ թվում և դոլարի փոխարժեքը), որոնց շնորհիվ 2017-ի հունվարի 1-ից գազի գինը Բելառուսի համար կթանկանա:

Պարզվում է, որ, այնուամենայնիվ, ՌԴ-ն Բելառուսին վաճառվող գազի գինը չի վերանայել: Թերևս դրանում իր մեծ դերակատարությունն է ունեցել այն հանգամանքը, որ անցած տարեվերջից հերթական անգամ լարվել են ռուս-բելառուսական հարաբերությունները, որոնցում մեծ է նաև գազի գնի գործոնի դերակատարությունը: Այդ հարաբերությունները չեն «կարգավորվել» այն աստիճանի, որ վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԵԱՏՄ երկրներին կոչ արեց զերծ մնալ գազի գնի հետ կապված «վարժանքներից»՝ սպառնալով, որ միությանը «չանդամակցելու դեպքում» որոշ երկրներ ռուսական գազ կգնեն եվրոպական գներով: Դա թերևս զգուշացում էր Լուկաշենկոյին, ով շարունակում է հայհոյախառն քննադատել ՌԴ-ի եվրասիական քաղաքականությունը:

Ի տարբերություն Բելառուսի նախագահի՝ Հայաստանի ղեկավարները ձգտում են Ռուսաստանի հետ ունենալ «հավասարակշռված, անշահախնդիր բարեկամական հարաբերություններ» և կոնկրետ գազի գնի առումով ռուսներից զեղչեր ու զիջումներ պոկել՝ «համոզելու, խնդրելու, համաձայնեցնելու» տարբերակներով: Արդյունքում վերջին 20 տարիներին գազի գինը եղել է ու կա այն մահակներից մեկը, որը ՌԴ-ն շարունակ ճոճել է, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել Հայաստանի վրա՝ մատակարարած գազի դիմաց Հայաստանից «վերցնելով» ռազմավարական օբյեկտներ ու ամբողջությամբ սեփականացնելով «ՀայՌուսգազարդի» հայկական բաժնեմասը: ՀՀ կառավարություններն էլ ՌԴ-ի կողմից երբեմն դրսևորվող «բարեկամական վերաբերմունքի» արդյունքում մի քանի դրամով նվազեցնելով գազի սակագինը՝ «կարևոր քայլ են կատարել ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման և տնտեսության բարգավաճման ուղղությամբ»:

Եվ չնայած վերջին տասը տարիներին գրեթե բոլոր վարչապետները հաջողել են ինչ-որ չափով իջեցնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը, այդուհանդերձ՝ այն շարունակում է ամենաբարձրերից մեկը մնալ ԱՊՀ երկրներում:

2016թ. սեպտեմբերին ստանձնելով վարչապետի պաշտոնը՝ Կարեն Կարապետյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ: Հայաստանում բնական գազի սակագինը իջեցվեց բնակիչ-բաժանորդների համար՝ 1 խմ-ն արժե 139 դրամ (0,29 ԱՄՆ դոլար), իսկ սոցիալապես անապահով (նպաստառու) ընտանիքների համար՝ 600 խմ-ն՝ 100 դրամ (0,21 ԱՄՆ դոլար), ավելին՝ 139 դրամ: Վերամշակող տնտեսությունների ու ջերմոցների համար գազի 1000 խորանարդ մետրը՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ մյուս ձեռնարկությունների համար՝ 242 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի:

Հայաստանի համար խիստ ռիսկային ու կասկածելի այդ իջեցումից հետո (որին «վտանգավոր հոժարությամբ» համաձայնեց ռուսական կողմը) Հայաստանում բնակչությունը ռուսական գազի դիմաց վճարում է 210-292 դոլար 1000 խմ-ի համար, տնտեսությունը՝ 212-242 դոլար հազար խմ-ի համար: Այդքանով հանդերձ՝ դա մոտավորապես նույնքան է, որքան նույն ռուսական գազի դիմաց վճարում են Ուկրաինայում՝ ռուս-ուկրաինական սրված հարաբերությունների պայմաններում, և դա այն դեպքում, երբ Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, գազի ներմուծման այլընտրանք չունի:

Իսկ Բելառուսի բնակիչները ձմռան ամիսներին բնական գազի դիմաց վճարում են 41-53 դոլար՝ հազար խմ-ի համար, տնտեսությունը՝ 196.7 դոլար: Վրաստանում բնակիչները վճարում են 206 դոլար, տնտեսությունը՝ 152.2 դոլար:

Նշենք, որ 2013թ.-ին, երբ 300 միլիոն դոլար պարտքի դիմաց «Գազպրոմ»-ը դարձավ հայաստանյան մասնաճյուղի 100% սեփականատեր, պայմանագրում հստակ ֆիքսվում էր, որ Հայաստանում իրացվող գազի գնի սահմանման համար հիմք է ընդունվելու Օրենբուրգի մարզի գինը (2016թ. Օրենբուրգի մարզում մեծածավալ գազի վաճառքի դեպքում 1000 խմ-ն արժեր 3143 ռուբլի): Այդ տեսանկյունից այսօր ՀՀ-ում գազի գինը պետք է բազմապատիկ էժան լիներ:

Մյուս կողմից՝ համաշխարհային շուկայում վերջին տարիներին գազի գինն ավելի քան կրկնակի նվազել է, մինչդեռ Հայաստանում՝ շուրջ 20%-ով: Հայ տնտեսագետների հաշվարկներով՝ Հայաստանում գազի առավելագույն գինը մեկ խմ-ի համար պետք է լինի 100 դրամ։

Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից գազի գների հերթական իջեցումը դիտարկել բնակչության վրա ունեցած ազդեցության առումով՝ ճիշտ չի լինի, որովհետև ձմեռը ցուրտ էր ու երկարատև, հետևաբար ավելի շատ գազ է սպառվել: Բացի այդ, կար երկրորդ գործոնը ևս. ձմռան առաջին իսկ ամիսներից հետո բնակչությունը սկսեց դժգոհել, որ չնայած գազի անցած տարվա ռեժիմով օգտագործելուն՝ հաշվիչները 15-20%-ով ավելի սպառում են ֆիքսում:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության, մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունների վրա ունեցած ազդեցությանը, ապա այս տարվա առաջին 4 ամիսներին բուսաբուծության ոլորտում գրանցվել է շուրջ 25%-անոց անկում: Այս ամիսներին եղած գյուղատնտեսական արտադրանքը արտադրված թարմ բանջարեղենն է, առավելապես՝ լոլիկը, որի այս տարվա շուկայական գնից արդեն պարզ է, թե որքանով են «աճել» սրա արտադրության ծավալները:

Ինչ վերաբերում է արդյունաբերության ոլորտին, նշենք, որ անցած տարի օգտագործված ավելի քան 1.8 մլրդ խմ գազից արդյունաբերությունը վերցրել է ընդամենը 173 մլն խմ՝ պակաս, քան 10%-ը: Հետևաբար համաշխարհային շուկայում պղնձի թանկացմամբ պայմանավորված մեր հանքարդյունաբերության որոշակի շարժը բացատրել գազի գնի մի քանի դրամի էժանացմամբ կամ դեղագործության ոլորտում արձանագրված աճը պայմանավորել գազով՝ առնվազն միամտություն կլինի: Ընդամենը պետք է համեմատել մեր տնտեսության մեջ օգտագործվող գազի գինը վերոնշյալ պետություններում օգտագործվողի հետ. եթե մենք մեծ առավելություն ունենք, դա արդեն պայմաններ է ստեղծում տնտեսության զարգացման համար:

Ցավոք, գների վերջին իջեցումից հետո անգամ ԱՊՀ երկրների հետ մրցունակ չենք: Հետևաբար մտածել, որ գազի գնի աննշան իջեցումը ազդել է երկրի տնտեսության վրա՝ առնվազն միամտություն կլինի: Դա ուղղակի վարչապետի կողմից արված ժամանակավոր ժեստ էր, որի գմփոցը առաջիկայում կլսենք Ռուսաստանից:

Spread the love