«Գոլորշի բաց թողնելու» հնարավորությունը՝ վարչապետների հրաժարականի տեսքով

- in Կեղտոտ լվացք
97
serzh-robert

Մինչ Հայաստանի իշխանությունը տարված է 2018-ի խնդրով, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու պատճառ չունի, պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ անցնող 12 ամիսներին Հայաստանի բնակչությունը նվազել է մոտ 12 հազարով:

Արտագաղթի ցուցանիշներն ըստ էության նույնն են, նվազման միտում է արձանագրում բնական հավելաճի ցուցանիշը: Իհարկե, այս երկու ցուցանիշները համեմատելը և սրանցից որևէ մեկի վրա կենտրոնանալը, մեղմ ասած, ճիշտ չէ, սակայն Հայաստանում հանրային, քաղաքական մեծ ուշադրության արժանանում է արտագաղթը, սրա մասին տարփողում է ընդդիմությունը, բարձրաձայնում են տարբեր ամբիոններից, որ երկիրը դատարկվում է, իսկ ահա որ բնական հավելաճի առումով մենք ունենք խնդիրներ, և ընդ որում դինամիկայի տեսանկյունից այդ խնդիրներն առկա են արդեն տարիներ շարունակ՝ բոլորը լուռ են:

Թե ինչու է այդպես, ինչո՞ւ է արտագաղթը հայտնվել քաղաքական հռետորաբանության առաջնագծում, իսկ բնական հավելաճի, ծնունդների խնդիրը հետին պլանում է, դժվար է բացատրել: Սակայն ակնհայտ է, որ այստեղ կա խնդիր, որը մեղմ ասած պակաս մտահոգիչ չէ, որքան արտագաղթը: Այս ֆոնին առավել մտահոգիչ է այն, որ իշխանությունն այդ խնդրին կոնկրետ պատասխան տալու փոխարեն, խոսում է 2040 թվականից, Սերժ Սարգսյանի շուրթերով հայտարարելով, թե այդ ժամանակահատվածում նախատեսվում է Հայաստանի բնակչությունը դարձնել 4 միլիոն: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի խոսել 2060 կամ 2080 թվականից, հայտարարելով, որ մինչ այդ թիվը նախատեսվում է Հայաստանի բնակչությունը դարձնել 6 կամ 8 միլիոն: Չէ՞ որ 6 կամ 8 միլիոն բնակչության ցուցանիշը շատ ավելի տպավորիչ է, քան 4 միլիոնը: Այդ հանգամանքն իրականում հուշում է, որ ժողովրդագրական պատկերի առումով իշխանությունը մոտ ժամանակում ասելիք ու անելիք չունի, չունի հանրությանը ներկայացնելիք որևէ կոնկրետ բան, որը կհանդիսանա արտագաղթի տեմպերի նվազեցման և ծնունդների ավելացման համոզիչ նախադրյալ:

Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի խոսքերը, որ վարչապետի հրաժարականի պատճառ չկա, առավել քան արդարացի են: Եղած պատճառները պարզապես այնքան շատ են, որ միայն վարչապետի հրաժարականը դրանց համար չափազանց քիչ է՝ պետք է պարզապես հրաժարականների շքերթ վերից վար: Այլապես վարչապետի հրաժարականով, իհարկե, ոչինչ չի կարող փոխվել, և այդ հրաժարականը պարզապես անիմաստ է: Որովհետև այն խնդիրները, որ այսօր առկա են Հայաստանում բոլոր ոլորտներում, իրականում պահանջում են իշխանության փաթեթային հրաժարական, հակառակ պարագայում՝ վարչապետներին հնարավոր է փոխել անվերջ, սակայն այդ փոփոխություններն ամրացնում են ոչ թե պետությունը, ինչպես ցույց է տալիս փորձը, այլ հենց իշխող համակարգը, դրա դիրքերը, դրա այսպես ասած՝ ճկունությունը:

Մեծ հաշվով, Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի հաստատումը, ըստ էության, համակարգի համար ստեղծել է այդ «գոլորշի բաց թողնելու» հնարավորությունը՝ վարչապետների հրաժարականի տեսքով: Բանն այն է, որ նախագահական կառավարման դեպքում նախագահի հրաժարականը ենթադրում է արտահերթ ընտրություններ, իսկ դա խնդիր է՝ հասկանալի դրսևորումներով: Վարչապետների պարագայում կարելի է փոխել նրանց անվերջ, այդպիսով բաց թողնելով գոլորշին: Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի չի էլ պատրաստվում անձամբ առաջադրվել վարչապետ: Դա նրան պետք չէ: Նրան պետք են պարզապես վարչապետներ, որոնց կարող է փոխել ձեռնոցի նման, համենայնդեպս մինչև 2022 թվական, քանի դեռ նա չի կազմել 2022-ի վերարտադրության բանաձևը: