Գումար ծախսում են, բայց հետո պատասխան են պահանջում յուրաքանչյուր ցենտի համար

- in Ընտրություններ
204
Pyotr Svitalsky

Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, Հայաստանում Եվրամիության պստվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հանդես եկավ բավականին կոշտ գնահատականով` խոսելով Հայաստանում առկա քաղաքական կոռուպցիայի մասին:

Այդ ժամանակ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները նոպայի մեջ չընկան. հավանաբար` կոռուպցիա բառի հանդեպ իմունիտետ են ձեռք բերել: Այսօր դեսպանն ընդամենը բացահայտել է այն, ինչ նախկինում ասել էր, խոսել է քաղաքական կոռուպցիայի կոնկրետ դրսևորումների ու ինստիտուտների մասին: Ընդ որում, Պյոտր Սվիտալսկին ասելիքը ձևակերպել է ոչ թե իմպերատիվ ոճով, այլ մտահոգ բարեկամի կեցվածքով, մարդու արժանապատվությամբ, ով չի ուզում ջուրը նետել արած ներդրումը:

ԿԸՀ, ռեյտինգային ընտրակարգ և իրավապահ մարմիններ` ահա այն գործիքները, որոնք ամբողջացնում են քաղաքական կոռուպցիայի բուրգը կամ ապահովում են այն, ինչը կոչվում է «անցնցում ընտրություն»: Եթե Սվիտալսկին այս մասին չխոսեր, մեզ համար դա նորությո՞ւն էր: Հայաստանում կա՞ մեկը, ով կասկածում է, որ ՀՀԿ-ի ձայների հետևում ոչ թե Կարեն Կարապետյանի ժպիտն է, այլ` ռեյտինգային օլիգարխների ու կրիմինալ աղբակույտի արյունոտ փողերը: Մեր երկրում կա՞ մարդ, որ կասկածում է, որ իրավապահներն ու ԿԸՀ-ն ծառայում են ոչ թե հասարակությանը, այլ իշխանությանը: Այս թեմաներով է խոսել Պյոտր Սվիտալսկին և կրկնում եմ` ոչ առաջին անգամ: Եթե հիմա են իշխանության ներայացուցիչները նոպայի մեջ ընկել ու կոշտ հակադարձում են ԵՄ դեսպանին, ուրեմն պրոբլեմ ունեն ադեկվատության հետ և նոր-նոր են հասկանում, թե ինչ նկատի ուներ Սվիտալսկին, երբ երկու ամիս առաջ խոսում էր քաղաքական կոռուպցիայի մասին, կամ էլ` ինչ-որ բան է փոխվել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը և նախարար Դավիթ Հարությունյանը հորդորել են Եվրամիության դեսպանին՝ պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին։ Ազգային ժողովի փոխնախագահը Պյոտր Սվիտալսկուն նաև հիշեցրել է՝ Հայաստանը ինքնիշխան երկիր է։ Միջամտության և հատկապես ինքնիշխանության թեմաները շատ հուզիչ են: Օրինակ՝ մեր իշխանությունները սիրով «միջամտվում» էին, երբ Վլադիմիր Պուտինը խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ «օրհնում» էր Սերժ Սարգսյանի հաղթանակը կամ այն ժանանակ, երբ ԵԺԿ նախագահը Երևանում «թխված» ինչ-որ ուղերձով ողջունում էր նժդեհական ցեղակրոնների հաղթանակի եվրոպական հեռանկարը: «Հայաստանը ինքնիշխան երկիր է» արտահայտությունը Շարմազանովը լավ կանի՝ օրական գոնե մի քանի անգամ արտաբերի իր մտքում, որպեսզի, որպես պատմաբան, իր համար բացահայտի, թե ամսական քանի անգամ են Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը քայլում այդ ինքնիշխանության վրայով:

Հա, եվրոպացիները բծախնդիր ժողովուրդ են: Նրանք ժողովրդավարության վրա գումար ծախսում են, բայց հետո պատասխան են պահանջում յուրաքանչյուր ցենտի համար: Սա է այսօր արել Սվիտալսկին ու պետք չէ խոսել միջամտության մասին, մանավանդ՝ «միջամտվելուց» վատ զգացողները շատ լավ գիտեին եվրոպացիների բծախնդրությունը, սակայն անցած տարի մեծ սիրով «միջամտվել» են` Եվրամիությունից ստանալով միլիոնավոր դոլարներ իրենց «անաղմուկ» ընտրությունների համար:

Եթե Շարմազանովը կայծակնային արագությամբ արձագանքում է Սվիտալսկուն, ապա գործ ունենք Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգի հետ: Վերջինս ակնհայտորեն ճգնաժամ է ստեղծում Եվրամիության հետ հարաբերություններում: Սկզբունքորեն Սարգսյանը Բրյուսելից ստացել է այն, ինչ կարող էր ստանալ` ընտրությունների փողը և դրանց լեգիտիմության ընդունումը, ու Եվրոպան, մեծ հաշվով, Հայաստանի նախագահին այլևս պետք չէ: Գուցե նա միտումնավոր է լարվածություն առաջացնում ԵՄ-ի հետ հարաբերություններում, որպեսզի վիժեցնի նրա հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Սա Պուտինի հետ նոր «սիրավեպի» առիթ կդառնա, ինչի հետևանքով էլ «կծնվի» Հայաստանի նոր իշխանությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20