Դատապարտված են անհաջողության, եթե …

- in Հասարակություն
136
Dzerqer

«Հայազն» կուսակցությունն ինքնալուծարվել է ու միավորվել է Հնչակյան կուսակցությանը: Արդեն դրական է այն հանգամանքը, որ այս միավորումը տեղի չի ունենում «աբիժնիկության» հիմքով, որովհետև հենց ԱԺ ընտրություններում կրած պարտությունն է, օրինակ, մյուս «խոշորացումների» գլխավոր մոտիվը:

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը մյուսներին առաջարկում է միավորվել, խոշորանալ, դա չի նշանակում, թե նա լուրջ վերլուծել է խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները կամ իրենց ձախողման պատճառները, որովհետև խոսում է միավորման մասին քաղաքական նույն «աշխարհագրության» սահմաններում ու ամենակարևորն է` առանց օրակարգի: Ապրիլի 2-ին ձախողված արտախորհրդարանական ուժերի վարքագծում կամ միավորման տողատակում հիմնական մոտիվը ոչ թե իշխանությանը այլընտրանք դառնալն է կամ հանրությանն ապացուցելը, որ երկրում առկա է պետական կառավարման ճգնաԺամ, այլ, ըստ էության, հաջողության էֆեկտի դատափետումն է: Պատահական չէ, որ արտախորհրդարանականների «խոշորացման» գոյություն չունեցող գործընթացն ուղեկցվում է «Ելքի» հանիրավի վարկաբեկումով:

Պետք է ասել, որ արդեն դրական է, որ հնչակներին ու «Հայազնին» «աբիժնիկությունը» չի միավորում: Երկու քաղաքական ուժերն էլ` խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցել, բայց դրանցից դասեր են քաղել ու միավորվում են ոչ թե մանդատներ ստանալու կամ դրանցից զրկված լինելու հենքով, այլ գաղափարական մոտիվով:

Իհարկե, ասվածը բավարար չէ, որ ՍԴՀԿ-ի ու «Հայազնի» միավորումը կամ միայն միավորման փաստը դրական էֆեկտ ունենա: Անհրաժեշտ է լուրջ և հետևողական աշխատանք, որ կաբինետային այդ միավորումը հանրային որոշակի արձագանք ունենա, հասարակությունը միավորումից ազդակներ ստանա ու ինքն էլ` հանրային որոշակի օրակարգ ձևավորի: Հայաստանի քաղաքական դաշտի ձախ սեգմենտը գրեթե դատարկ է` ինչքան էլ ՀՅԴ-ն փորձի իրեն սոցիալիստական կուսակցություն ներկայացնել:

Մյուս կողմից` «ձախությունը» Եվրոպայում լուրջ գաղափարական և ինստիտուցիոնալ ճգնաժամ է ապրում, ինչի դրսևորումն են, օրինակ, Ֆրանսիայի խորհրդարանական վերջին ընտրությունները:

Առհասարակ` ձախ կուսակցությունները դատապարտված են անհաջողության, եթե, որպես բազա, չունեն աջակից հզոր արհմիություններ: Շատ կարևոր է, որ ՍԴՀԿ-ն և «Հայազնը» միավորման դասական ակտից հետո` հետևողականորեն կատարեն մյուս բոլոր քայլերը, որոնք կբխեն ոչ թե քաղաքականության մասին հայկական ձևախեղված պատկերացումներից, այլ հենց դրա դասականությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20