Դուրս` մանր քաղաքական ինտրիգների տրամաբանությունից

- in Կարծիք
141
Serzh Sargsyan

Հայաստանում 2018 թվականի հնարավոր զարգացումների, կառավարության, Սերժ Սարգսյանի հետնախագահական ծրագրերի մասին քննարկումները կլանել են ներքաղաքական կյանքը, որում գործնականում բացակայում են օրակարգային գերկարևոր հարցեր կապված Արցախի գործընթացի հետ, կապված Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի հետ, կապված ազգ-բանակ հայեցակարգի հետ, կապված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ, դրանից դուրս գալու, կամ չգալու դեպքում մնալու պայմանների և այլնի հետ:

Հայաստանում քաղաքական միակ օրակարգը հանդիսանում է ներիշխանական դիմակայությունն ու հանգուցալուծումը, իսկ հանրությունն այդ հարցում վերածվել է հանդիսատեսի: Իհարկե իշխանության խնդիրն ինքնին կարևոր է, անգամ երբ գործ ունենք այդ խնդրի լուծման գործընթացում դոմինանտ դերակատար, մեղմ ասած, ոչ այնքան որակյալ սուբյեկտների միջև մրցակցության հետ, երբ հարցը թերևս ընդամենը «չարյաց փոքրագույնն» է, գոնե առայժմ, գոնե այս իրավիճակում և ժամանակահատվածում:

Հանրությունն իհարկե դուրս է մղվել այսպես կոչված ընտրական գործընթացի արդյունքում և իշխանությունը, իշխող համակարգը իհարկե պաշտպանիչ մի քանի շերտավոր մեխանիզմով կարողացել է ապահովել իր համար հարցերի լուծման փակ շրջանակը: Խնդիրը սակայն այն է, որ անգամ այդ դեպքում, երբ չկա իշխանությունը ձևավորելու մեխանիզմ, երբ հանրությունը զրկված է այդ լծակից և այն վերադարձնելու հնարավորությունից, ռեսուրսներից, երբ այդ առումով կան թե սուբյեկտըիվ և թե օբյեկտիվ խնդիրներ, գոնե օրակարգի ձևավորման առումով հնարավորությունները շատ ավելի հավասարակշիռ են՝ թեկուզ համեմատության մեջ: Իսկ օրակարգի ձևավորումը այն նվազագույն լծակն է, որով հասարակությունը կարող է իշխանության ձևավորման գործընթացում բացարձակ դիտորդի կարգավիճակից ինչ որ առումով վերածվել նվազագույն մասնակցի, թելադրել որոշակի ուղենիշներ, որոնք ստիպված կլինեն հաշվի առնել իշխանության համար պայքարի մասնակից սուբյեկտներն ու գոնե նվազագույն առումով համապատասխանել դրան:

Այսինքն՝ օրակարգը բովանդակային, հանրային և պետական շահ պարունակող համարժեք, գոնե այն նվազագույն կետն է, որով հանրությունը և հետևաբար նաև հանրային ու պետական շահի անունից հանդես եկող իրապես շահագրգիռ սուբյեկտները կարող են մրցակցություն թելադրել իշխանությանը: Եթե հնարավոր չէ մրցակցել իշխանության ձևավորման համար, ապա տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկայիս ժամանակաշրջանում և հատկապես զարգացման շարունակվող դինամիկայի պայմաններում հնարավոր է իշխող համակարգին մրցակցություն թելադրել գոնե օրակարգի հարցում: Երաշխիք չկա, որ իշխանությունն ընդունելու է այն և հետևելու է դրան, բայց կասկածից վեր է, որ չի կարող առնվազն հաշվի առնել դրա գոյությունը, եթե այդ հարցում հանրությունն ու պետության շահն արտահայտող հասարակական-քաղաքական սուբյեկտները կարողանան ցուցաբերել իրապես մրցունակություն ու կրեատիվություն, դուրս գալով մանր քաղաքական ինտրիգների տրամաբանությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20