«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը, ԵԾ-ն՝ ոչ

- in Ընտրություններ
Taron Margaryan

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը կմասնակցի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը: Հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Մենք եկել ենք աշխատանքի, սա մեր աշխատանքի մի մասն է: Երևանցիները մեզ ընտրել են, և կարծում եմ՝ այնքան էլ կարևոր չէ՝ կմասնակցենք երդմնակալությանը, թե ոչ: Չեմ կարծում, որ մասնակցելով կամ չմասնակցելով Երևանի համար կարևոր խնդիր ենք լուծում»,- ասել է Բախշյանը:

Գնահատելով անցած տարիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը՝ Բախշյանն ընդգծեց, որ իր բարձրացրած խնդիրների 30 տոկոսը լուծվել է, և հույս հայտնեց, որ այս անգամ թե իրեն, թե Տարոն Մարգարյանին կհաջողվի ավելի շատ գործ անել Երևանի զարգացման համար:

Ավագանու ԵԾ խմբակցությունը, սակայն, չի մասնակցի հատուկ նիստին, որի ժամանակ Մարգարյանը պետք է երդվի: Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը նույն ժամին հրավիրել է նիստ՝ օրակարգում ունենալով ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու հարցը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20