«Ելք»-ի գործիչները փորձում են ինչ-որ կերպ հղկել Հայաստանի իշխանությունների եվրասիական քաղաքականությունը

- in Կարծիք
98
richard Mils

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ և հանդիպում ունեցել «Ելք» դաշինքի առաջնորդների հետ:

Սա, կարծես թե, դեսպանի առաջին հանդիպումն է կուսակցական ձևաչափով հետընտրական փուլում: Արդյո՞ք հանդիպման անհրաժեշտություն է ծագել հենց «Ելք»-ի հետ, թե՞ սա ընդամենը նմանատիպ առաջին հանդիպումն է պլանային այլ հանդիպումների շարքում, որոնք տեղի կունենան առաջիկայում:

Սրանք հռետորական հարցեր չեն: Բանն այն է, որ արժեքային կողմնորոշումների առումով`գործող խորհրդարանում միայն «Ելք»-ը կարող է լինել Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ պոտենցիալ երկարաժամկետ գործընկերը: Մյուս կողմից` դաշինքում, կարծես թե, կոնսենսուս չկա արտաքին կողմնորոշման հարցում և քարոզարշավի ժամանակ որդեգրվել էր «մետությունից» հրաժարվելու խոցելի և անհեռանկար մարտավարությունը: Նույնիսկ տպավորություն ստեղծվեց, որ «Ելք»-ի գործիչները փորձում են ինչ-որ կերպ հղկել Հայաստանի իշխանությունների եվրասիական քաղաքականությունը` այն հնարավորինս Հայաստանին ծառայեցնելու նպատակով: Ամեն դեպքում, «Ելք»-ը խորհրդարանական միակ խմբակցությունն է, որի անդամներին ակնհայտորեն չի բավարարում ռուս-հայկական այսօրվա հարաբերությունների բնույթը, և նրանք այդ մասին բարձրաձայնում են:

Գուցե Միլսի այցը նպատակ է ունեցել այսպես ասած՝ «բացել» «Ելք»-ին`այն իմաստով, որ եթե համագործակցության ազդակը չի գալիս դաշինքից, ապա համապատասխան ազդանշան է հասցեագրում ամերիկյան կողմը, մանավանդ, դեսպանն այսօր խոստացել է «ուժերի ներածի չափով աջակից լինել»: Բանն այն է, որ Արևմուտքում շատ դեպքերում հարկադրված են համագործակցում Հայաստանի իշխանությունների հետ, որովհետև պարզապես այլ գործընկերներ չունեն: Մյուս կողմից` թե՛ ամերիկացիները, թե՛ եվրոպացիներն իշխանություններին չեն վստահում և առնվազն ունեն գործընկերոջ կարիք, ում միջոցով գոնե կարող են ապահովել Հայաստանում իրականացվող իրենց ծրագրերի հանրային ընկալումը: Արևմուտքում կարծես թե հասկացել են, որ այսպես կոչված էլիտար շփումները բավարար չեն Հայաստանի հետ արդյունավետ աշխատելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20