dzerq

Դատելով Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու վերջին հայտարարությունների վերաբերյալ ՀՀԿ-ի կամ ընդհանրապես իշխանության արձագանքից, Եվրամիության դեսպանը կպել է Հայաստանի իշխող համակարգի, իշխանության «բաց նյարդին» կամ թույլ տեղին: Իսկ ի՞նչ է արել դեսպան Սվիտալսկին: Արտառոց ոչինչ:

Նա ընդամենը խոսել է Հայաստանի ընտրական համակարգի կատարելագործման և հանրային վստահելիության մակարդակի էլ ավելի բարձրացման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ նա խոսել է մի բանի մասին, որը ոչ միայն իշխանությունն ինքն է անհրաժեշտ համարում, այլ այդ հարցում նույնիսկ պարբերաբար հղում է անում հենց Եվրամիության պաշտոնյաների գնահատականներին: Պարզապես Սվիտալսկին այս անգամ խոսել է իշխանության համար «սրբության սրբոց» հանդիսացող օբյեկտներից մեկի՝ ԿԸՀ մասին:

Ասենք, երբ Եվրամիությունը խոսում է ընտրատեղամասերում որևէ դրվածքի մասին, իշխանությունը դա չի գնահատում միջամտություն ներքին գործերին, երբ Վենետիկի հանձնաժողով կամ որևէ այլ միջազգային կառույց տալիս է խորհուրդ կամ գնահատական Ընտրական օրենսգրքին, որն ի դեպ ավելի բարձր է դե յուրե, քան նույն ԿԸՀ-ն՝ քանի որ ԿԸՀ-ն ենթարկվում է այդ օրենսգրքին, Հայաստանում չեն հայտարարում, թե դա միջամտություն է ներքին գործին, այլ նույնիսկ հպարտանում են, որ բավարարել են տրված խորհուրդը, կամ հորդորը, կամ ճաշակը: Բայց ահա ԵՄ դեսպանը խոսել է ԿԸՀ մասին և ընդամենը խորհուրդ տվել մտածել ԿԸՀ-ն ավելի արժանահավատ դարձնելու համար կազմը ընդլայնելու և քաղհասարակության ներկայացուցիչներ ներառելու մասին, և իշխանությունն այնպես է արձագանքում, կարծես ԵՄ դեսպանը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Իրականում ԵՄ դեսպանի հայտարարությունն իսկապես պատերազմ է կամ ունի նման նշանակություն, բայց պատերազմ ոչ թե Հայաստանին, այլ պատերազմ հանուն Հայաստանի՝ ընդդեմ իշխանության: Բանն այն է, որ ԵՄ դեսպանի հայտարարությունը փաստացի հարված է Հայաստանի իշխանության «գլխավոր շտաբին»: Առերևույթ ԿԸՀ-ն ընթացակարգային օղակ է, որտեղ արձանագրվում է ընտրության պաշտոնական արդյունքը, իսկ այսպես ասած իշխանության հրամանատարական շտաբ դիտարկվում է կամ Մելիք-Ադամյանը կամ Բաղրամյան 26-ը:

Համենայնդեպս, այդպես է գործել Հայաստանի ընդդիմությունը երկու տասնամյակ, և խոշոր հաշվով այդ մտածողությանն է «վարժեցրել» հասարակությանը: Հենց այդ մտածողությունն է, որ բախվել է փակուղու պատին և ըստ էության արարողակարգի վերածել Հայաստանում ներքաղաքական կյանք ասվածը, քաղաքական գործընթացը: Մինչդեռ Եվրամիության դեսպանը բավական նուրբ և դիտողունակ արձանագրում է Հայաստանի իշխանության առանցքային կետերից մեկը, որը գործնականում դուրս է քաղաքական նշանակությունից: Երբևէ տեսե՞լ եք, որ Հայաստանում ընդդիմությունը նախաձեռնի ԿԸՀ ձևավորման, կազմի, սկզբունքների վերաբերյալ քաղաքական գործընթաց: Մինչդեռ, դա այն կետն է, որտեղ ձևավորվում կամ սաղմնավորվում, կամ վերասաղմնավորվում է իշխող համակարգը, հատկապես այժմ, երբ շեշտը դրված է «անաղմուկ տեխնոլոգիաների» վրա: Միայն արմատին հասնելու դեպքում է հնարավոր իշխանության այնպիսի ցավագին արձագանքը, ինչպիսին հնչում է դեսպան Սվիտալսկու ընդամենը պարզ մի հորդորից և խորհրդից հետո: Իսկ այն իհարկե ունի կարևոր քաղաքական ենթատեքստ նաև այն առումով, որ ԵՄ դեսպանն այդպիսով հայտարարում է Հայաստանում ընտրական արդյունքի անարժանահավատության մասին:

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա, այն էլ մի դեպքում, երբ նույն Եվրամիությունը գործնականում ճանաչել և դրական է գնահատել ընտրության պաշտոնական արդյունքը: Ինչո՞ւ ԿԸՀ արժանահավատության խնդիր չկար ապրիլի 3-ին, 4-ին, 5-ին կամ 15-ին, բայց առաջացավ հունիսի 15-ին: Անկասկած է, որ խնդիրն իհարկե քաղաքականությունն է, շահերը: Եվրամիությունը Հայաստանի արդիականացման, ժողովրդավարացման, Հայաստանի քաղաքակրթական ներուժի զարգացման ու ընդլայնման կարևոր գործընկեր է, այստեղ է Եվրամիության քաղաքական շահը, որ հետապնդվում է նաև տարբեր այլ երկրների պարագայում: Դրանք են Եվրամիության «ազդեցության» գործիքները՝ արժեհամակարգային ընդհանրության վրա խարսխված անվտանգություն, մահակի փոխարեն կարկանդակի շուրջ համաձայնություն, որն ապահովում է ընդհանուր կանխատեսելի միջավայր և փոխշահավետ է բոլորի համար: Հայաստանի պարագայում կա եվրասիական ազդեցությանբ խնդիրը, որը լիովին հակադիր տրամաբանության և արժեքների վրա կազմված մի իրականություն է:

Այստեղ, իհարկե, հաշվի առնելով իրավիճակը, գործոնները, կայացվում է ռացիոնալ որոշում՝ Հայաստանից պահանջել կտրուկ փոփոխություններ, տրամաբանական չէ: Ի վերջո Եվրամիությունը կարող է մերժել և շատ կոշտ վերաբերմունքի արժանացնել ցանկացած ընտրական գործընթաց, բայց դրանից ոչինչ չի փոխվելու, բացի այն, որ իշխանությունը ելքերը փնտրելու է եվրասիական ճահճում էլ ավելի խորանալով: Ըստ այդմ Հայաստանի հետ ընտրվում է աշխատանքի քայլ առ քայլ, «ոսկերչական» մանրակրկիտության տարբերակը: Եվ այդ իմաստով, հերթական փուլը կամ «զարդանախշը» ապրիլի 2-ի ընտրությունն էր, որի «անաղմուկ» լինելուն Եվրամիությունը նպաստեց անգամ կոնկրետ ֆինանսական ներդրումով, ինչն աննախադեպ էր: Սակայն ինչպես ցույց է տալիս հետընտրական երկու ամիսը, իշխանությունն այդ ներդրումը փորձում է ոչ թե ծառայեցնել հետագա զարգացմանը, այլ պարզապես փորձում է մակաբուծել այդ ներդրման վրա: Ապրիլի 2-ի արդյունքը ստեղծում է մի իրավիճակ, երբ իշխանությունը ստանում է ավելի առարկայական բարեփոխումների իրականացման հնարավորություն: Բայց դրա փոխարեն իշխանությունը զբաղված է ընդամենը հանրային և պետական ռեսուրսների վերաբաժանման հերթական փուլով, որը քողարկում է բարեփոխումների մասին տարատեսակ հայտարարություններով: Դրա հետևանքը ճահճացումն է ու հանրային տրամադրությունների արմատականացման նոր վտանգը, նաև դրանց վրա տարատեսակ թե՛ ներքին, թե՛ արտաքին մանիպուլյացիաների ռիսկը, որը կարող է խորքային կերպով կազմաքանդել այն ամենը, ինչ քայլ առ քայլ կառուցվել է Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին, այդ թվում՝ Եվրամիության հսկայական աջակցությամբ:

Դեսպան Սվիտալսկին հնչեցնում է այդ ահազանգը իշխանությանը, ծայրահեղ հետևանքների ահազանգը, ակնարկելով հետընտրական անարժանահավատության մասին: Իշխանության արձագանքը վկայում է, որ այստեղ, իհարկե, կա մտահոգության առարկա: Բանն այն է, որ իշխանության ավանդական գլխավոր հովանավորի՝ Ռուսաստանի մոտ որոշակի տնտեսա-քաղաքական ճգնաժամ է: Միևնույն ժամանակ Ռուսաստանն այնքան մեծ ազդեցություն է հաստատել Հայաստանի վրա համակարգային իմաստով, որ խոշոր հաշվով չի վախենում Հայաստանի «սոցիալական բունտից»: Այդպիսի որևէ պարագայում պատասխանը ոչ թե Մոսկվան է տալու, այլ Հայաստանի իշխանությունը: Ռուսաստանն այդ իշխանությանը բավական հստակ կերպով ցույց է տվել տարբերակը՝ գնացեք և պահեք ձեր գլուխը, Պուտինն այդ մասին դեռևս նախորդ տարի օգոստոսին ասաց, հայտարարելով ԵՏՄ շնորհիվ Հայաստանի երկնիշ աճի մասին: Գլուխը պահելու տարբերակ դիտարկվում է Եվրամիությունը: Բայց ինչպես դեսպանը ցույց տվեց, Եվրամիությունն էլ սպառնում է բռնել գլխից, այսինքն՝ անարժանահավատ համարել լեգիտիմությունը:

Առաջին արձագանքը կոշտ էր, թերևս տաք գլխի պատճառով: Ինչ կլինի, երբ Հայաստանի իշխանությունն իրերին սկսի նայել սառը գլխով: Թեև պաշտոնական Երևանի դեպքում սովորական ռեժիմը գոլ գլուխն է:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.