Երբ գործակցության «մեջը փող» կա, ներքին գործերին միջամտություն չկա

- in Կեղտոտ լվացք
128
Hayastan EM

Դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, որը անթույլատրելի է: Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը այդպես է պատասխանել կամ արձագանքել Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությանը, թե ինքը խորհուրդ կտար ընտրական գործընթացների և ժողովրդավարության կատարելագործման համար մտածել ԿԸՀ առավել արժանահավատ կազմ ձևավորելու մասին՝ դրանում ներգրավելով քաղհասարակության ներկայացուցիչների:

Եվ ահա Դավիթ Հարությունյանը համարում է, որ դեսպան Սվիտալսկու հայտարարությունը Հայաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելի փորձ է: Իսկ Դավիթ Հարությունյանը անկասկած անփորձ չէ՝ այդպես միամտորեն համարելու կամ «բերանից թռցնելու» համար: Հետևաբար, նա երևի թե արտահայտում է պաշտոնական Երևանի տրամադրությունը: Հեռուն տանող է այդ տրամաբանությունը, թե ոչ՝ պետք է տեսնել հետագա զարգացումների ընթացքից, թե ինչպիսին կլինեն հաջորդող հայտարարությունները, կզարգանա՞ թեման, թե՞ ոչ:

Այստեղ ուշագրավ է այն, որ Դավիթ Հարությունյանը ընդամենը մի քանի օր առաջ էր ընդունել Եվրամիության դեսպան Սվիտալսկուն և քննարկել գործակցության հեռանկարներ: «Նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի և դեսպանի հետ քննարկել վերը նշված ոլորտներում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները»,- ասված էր այդ հանդիպման մասին նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլորս ենք հասկանում, թե ինչ է նշանակում այդ բարեփոխումների հարցում գործակցություն Եվրամիության հետ: Հայաստանի իշխանության պատկերացումներով՝ այդ գործակցությունը նշանակում է ֆինանսավորում, փող: Ուրիշ բան Հայաստանին պետք չէ՝ բացի, իհարկե, մի փոքր էլ, այսպես ասած, քաղաքական լեգիտիմությունից, բայց դա էլ ի վերջո փողի համար՝ որքան լեգիտիմ, այնքան շատ ֆինանսավորում:

Այսպիսով, երբ Եվրոպան Հայաստանին փող է տալիս, կամ երբ գործակցության «մեջը փող» կա, ներքին գործերին միջամտություն չկա: Երբ Եվրոպան Հայաստանին փող է տալիս, ֆինանսավորում է ընտրական գործընթացի կազմակերպումը, որի միջոցով իշխանությանը հաջողվում է անցկացնել «անաղմուկ ընտրություն» ու վերարտադրել միանձնյա մեծամասնություն, ներքին գործերին անթույլատրելի միջամտություն չկա: Այդ միջամտությունները բոլորը թույլատրելի են, ինչպես հայտնի անեկդոտում՝ երբ դատում են մեկին, ով հայհոյել է հարևանին: Բոլորն ասում են, որ նա չուներ հայհոյելու իրավունք: Բայց հայհոյողը փողը դնում է օրենսգրքի մեջ և փոխանցում դատավորին, որը բացելով, տեսնելով փողը՝ հայտարարում է՝ հարգելիներս, այդ մարդը կարող է ոչ միայն ձեզ հայհոյել, այլ նաև ինձ: Այսինքն՝ փողին մուննաթ՝ փողը տվեք և «միջամտեք ներքին գործերին»՝ որքան կուզեք, բայց, ինչպես ասում են, «առավոտ՝ փողը, երեկոյան՝ ապրանքը»:

Այ, եթե, օրինակ, դեսպան Սվիտալսկին հայտարարեր, որ ԿԸՀ կազմ ներգրավված քաղհասարակության յուրաքանչյուր ներկայացուցչի համար Եվրամիությունը իշխանությանը կվճարի, ասենք, տարեկան մեկ միլիոն եվրո, կասկած չկա, որ ներքին գործերին միջամտությունը լեզվի մի շարժումով կդառնար թույլատրելի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20