Երևանը քվեարկում է միջազգային հանրության դեմ, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին

- in Կարծիք
74
Eduard Nalbandyan

Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ,- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնուհետև Էստոնիայի արտգործնախարարին Երևանում հյուրընկալելիս ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լավ է իհարկե, որ Երևանն ասում է այդ մասին, և իհարկե ասվում է արդարացիորեն, քանի որ Ադրբեջանը ոչ միայն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու խաղաղությանը, այլ տարածաշրջանի և ամբողջ միջազգային անվտանգության համակարգի: Սակայն ասելով այդ մասին, Երևանը գործնական հարթության վրա ի՞նչ է ակնկալում, այսինքն՝ խոսքի ինչպիսի ուժ կամ կշիռ, արժեք: Այսինքն՝ երբ Նալբանդյանն ասում է այդ մասին, ի՞նչ է կարծում՝ ինչպե՞ս է Հայաստանի խոսքը ընկալվելու այդ միջազգային հանրության մոտ: Չէ՞ որ այդ ընկալումից է զգալիորեն նաև կախված, թե այդ խոսքը ինչ նշանակություն կստանա, ինչ ուշադրության կարժանանա, ինչ քաղաքական «նյութականացում» կունենա:

Եվ այս հարցում մենք ունենք ուշագրավ մի պատկեր, որը Հայաստանում քիչ է քննարկվում, կամ չի քննարկվում ընդհանրապես, մինչդեռ միջազգային հանրությունն այդ պատկերին ականատես է լինում այսպես ասած՝ անմիջականորեն, առաջին ձեռքից: Խոսքը Ռուսաստանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքի մասին է: Ինչպե՛ս է իրեն պահում և պահել Ռուսաստանի իշխանությունը միջազգային ասպարեզում: Այնպես, ինչպես Ադրբեջանը Հայաստանի հանդեպ: Գործնականում Ռուսաստանն անում է նույնը, նույն ոճով, նույն մտածողությամբ, նույն փիլիսոփայությամբ, պարզապես մասշտաբներն են տարբեր: Մոսկվան միջազգային լայն մասշտաբով անում է այն, ինչ Բաքուն անում է տարածաշրջանի մասշտաբով: Այսինքն՝ խաղաղությունը գին չունի, կայունությունը արժեք չէ, ռազմական շանտաժը և սպառնալիքը գործիք է՝ քաղաքական գործիք: Ի՞նչ է անում Ռուսաստանը:

Ըստ էության անում է հետևյալը՝ եթե կայուն, խաղաղ մրցակցության ռեսուրս չունեմ, հետևաբար, եթե որևէ մեկը ինձ չենթարկվի, ես նրան կպատժեմ, կգրավեմ, կավիրեմ և այլն: Ինչ է ասում Ադրբեջանը: Ես խաղաղ կարգավորում չգիտեմ, պատերազմելու եմ, եթե չանեք այն, ինչ ես եմ ուզում, եթե չենթարկվեք իմ պահանջներին: Սա գուցե շատ պարզունակացված ներկայացում էր, սակայն քաղաքական մտածողության, ոճի, արժեհամակարգային պատկերացումների տեսանկյունից, Մոսկվան և Բաքուն տարբեր մասշտաբներով զբաղված են նույն բանով: Ընդ որում, նաև ներքին կյանքում, մարդու իրավունքների, ժողովրդավարության, տնտեսության: Երկուսի, այսպես ասած, ուժի աղբյուրն էլ նավթագազային ռեսուրսներն են:

Այսպիսով, իսկ ի՞նչ է անում Երևանը: Երևանը հետևողականորեն դեմ է քվեարկում բոլոր այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոց, պատասխանատվություն ենթադրող քայլերին: Հայաստանը մոտ մեկ տասնյակի չափ, չգիտես ինչ որակի պետությունների շարքում ստանձնում է Ռուսաստանի պաշտպանությունը, քվեարկում է միջազգային պատասխանատվության ինստիտուտի դեմ, կամ լավագույն դեպքում մնում ձեռնպահ: Բայց պահանջում է, որ նույնը կատարվի Ադրբեջանի հետ, որ պատասխանատվության ենթարկվի Բաքուն, պատժամիջոցներ կիրառվեն հանուն խաղաղության: Կրկնում ենք, Երևանի դիրքորոշումն արդարացի ու իրավացի է, սակայն կշիռ չունի, արժեք չունի, որովհետև նույն բանի համար Երևանը քվեարկում է միջազգային հանրության դեմ, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին: Սա բացատրվում է իբրև թե ռեալ պոլիտիկով:

Շատ բարի, բայց այդ դեպքում նույն ռեալ պոլիտիկն էլ ենթադրում է միջազգային հանրությունից որևէ բան ակնկալելիս, որևէ բան պահանջելիս, զուտ բարոյա-իրավական արդարացիությունից զատ, ապահովել նաև քաղաքական և քաղաքակրթական լիարժեք համերաշխություն: Դուր գա դա մեզ, թե ոչ, այդպես է և ռեալ պոլիտիկն էլ իրականում չի կարող արժանանալ հատվածական հավանության: Հետևաբար, դժբախտաբար, միջազգային հավանության չի կարող արժանանալ Հայաստանի ակնկալիքը՝ Բաքվի հանդեպ պատժամիջոցի վերաբերյալ: Այլ հարց է, որ Բաքուն ինքը կհասնի նրան, որ պատժամիջոցներն ի վերջո կկիրառվեն: Եվ բարեբախտաբար, Բաքուն կարծես թե հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Բայց դա ամենևին կապ չունի Հայաստանի դիվանագիտության հաջողության հետ, մինչդեռ Բաքվի անհաջոողությունը որքան էլ ողջունելի է մեզ համար, այդուամենայնիվ մեզ համար չի կարող ինքնաբերաբար դառնալ կայուն հաջողություն և առաջընթաց: Կայուն հաջողություն ու առաջընթացի համար պետք է ունենալ կայուն և համարժեք դիվանագիտություն: