Երևանում տղամարդն իր տուն է հրավիրել նախկին կնոջ ընկերուհուն, սպառնացել է ու ստիպել սեքսով զբաղվել իր հետ

- in Իրավունք
239
brnutyun

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Գ.-ի գործի դատական քննությունը:

56-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գ.-ն իր նախկին փաստացի կնոջ՝ Մելինեի (անունը փոխված է) վերաբերյալ վարկաբեկող տեսաձայնագրություն ցուցադրելու կեղծ պատրվակով 2016 թվականի հունվարի 21-ին իր փաստացի բնակության վայր հանդիսացող կիսակառույց տուն է հրավիրել Մելինեի ընկերուհի, գործով տուժող Սոնյա Մ.-ին (անունը փոխված է):

Դատարանը դատաքննությամբ ապացուցված է համարել, որ փաստացի կնոջ՝ Մելինեի հետ 8 ամիս ապրելուց և նրանից բաժանվելուց հետո Արմեն Գ.-ն մի քանի անգամ զանգել է Մելինեի ընկերուհի Սոնյային, ասել է, թե Մելինեն «անառակ» է՝ սեքսուալ գործողությունների սիրահար, ինքն ունի այդ բանը հաստատող տեսաձայնագրություն, կարող է ցուցադրել: Դրա համար նա հերթական հեռախոսային խոսակցության ժամանակ՝ 2016 թվականի հունվարի լույս 21-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, Սոնյային առաջարկել է իր տուն գնալ:

Սոնյային հետաքրքրել է ընկերուհու վերաբերյալ տեսագրության առկայությունը, նա համաձայնել է:

Արմենի հետ պայմանավորվել է նրա տուն գնալ ժամը17-ն անց 30-ի սահմաններում:

Տանը Արմենը զրուցել է Սոնյայի հետ, նրանք միասին ընթրել ու օղի են խմել: Երբ Սոնյան պահանջել է ցուցադրել Մելինեի վերաբերյալ տեսաձայնագրությունը, Արմենն ասել է, թե այն ընկերոջ մոտ է, կզանգի, ու նա կբերի:

Սոնյան հասկացել է, որ տեսաձայնագրություն չկա, որոշել է գնալ տուն: Սակայն Արմեն Գ.-ն, ով արդեն ալկոհոլի ազդեցության տակ էր, նրան չի թողել հեռանալ:

Արմենը քաշել է Սոնյայի պարանոցին փաթաթված շալը, վնասել է նրա պարանոցը, ապա սեղանի վրայից վերցնելով դանակ ու պատառաքաղ՝ դրանցով սպառնացել է Սոնյային, պահանջել է մերկանալ:

Սոնյան Արմենի հնչեցրած սպառնալիքները որպես իրական է ընկալել, վախեցել ու մերկացել է: Մոտ տասը րոպե նա մնացել է մերկ: Ապա ցանկանալով փախչել՝ ասել է, թե զուգարան է ուզում գնալ: Նա հագել է Արմենի տված սպիտակ խալաթը, դուրս է եկել ու մտել է բակում գտնվող զուգարանը: Երբ այնտեղից դուրս է եկել, տեսել է, որ Արմենը սպասում է՝ նա չի կարողացել փախչել ու Արմենի հետ նորից տուն է մտել:

Կարճ ժամանակ անց Սոնյան նորից ասել է, թե վատ է զգում, զուգարան է ուզում գնալ: Նա դուրս է եկել՝ իր հետ վերցնելով բջջային հեռախոսը: Զուգարանում գտնվելու ընթացքում նա զանգել է ընկերուհուն, ապա՝ ոստիկանություն և խնդրել է իրեն օգնել ու փրկել՝ ասելով, թե Արմեն Գ.-ն իրեն թույլ չի տալիս տուն գնալ և սպառնում է:

Արմեն Գ.-ն, լսելով, որ Սոնյան զուգարանում հեռախոսով խոսում է, պահանջել է, որ նա դուրս գա, ապա ջարդել է զուգարանի դռան փոքրիկ լուսամուտի ապակին ու ռետինե խողովակով ջուր է լցրել զուգարանի ներսում գտնվող Սոնյայի վրա՝ պահանջելով դուռը բացել:

Սոնյան դուրս չի եկել: Արմենը իր մոտ եղած երկրորդ բանալիով դրսից բացել է զուգարանի դուռը: Սոնյան փորձել է փախչել, բայց չի կարողացել: Արմենը նրան բռնել ու տուն է տարել:

Տանը Սոնյան, ամբողջովին թրջված լինելով ու մրսելով, հանել է խալաթն ու մտել է անկողին: Արմենը նույնպես մերկացել, մոտեցել է Սոնյային ու պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Սոնյան մերժել է: Արմենն ապտակել է նրան ու նորից սպառնալիքներ է հնչեցրել: Սոնյան, նրանից վախենալով, կատարել է նրա պահանջած գործողությունները:

Որոշ ժամանակ անց տուն է մտել Արմենի դստեր ամուսինը: Նա վառել է սենյակի լույսը: Պահանջել է, որ Սոնյան հագնվի ու դուրս գա: Սոնյան դրսում տեսել է ոստիկանության աշխատողներին, գնացել է ոստիկանության բաժին ու կատարվածի վերաբերյալ հաղորդում է տվել:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Գ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Մելինեից բաժանվելուց հետո Սոնյան անընդհատ զանգահարել է իրեն, ասել է, թե խոսելու բան ունի հետը:

Դեպքից մեկ օր առաջ ինքը զանգել է նրան, առաջարկել է հանդիպել իր տանը: Հաջորդ օրը Սոնյան զանգել ու ասել է, թե գալիս է: Ինքը դիմավորել է նրան, տարել է իր տուն: Իրար հետ հաց են կերել, սուրճ են խմել ու զրուցել են:

Սոնյան ցանկություն է հայտնել օղի խմելու: Ինքը գնացել է խանութ, գնել է օղի ու գարեջուր: Իրար հետ խմել են:

Ժամը 19-ի սահմաններում Սոնյան արդեն խմած էր ու չէր ցանկանում իր տանից գնալ:

Նա իր կամքով մերկացել ու պառկել է անկողնում: Հետո գնացել է զուգարան, վերադարձել ու պառկել է, բայց քիչ անց նորից է գնացել զուգարան և արդեն չի կարողացել ներսից բացել զուգարանի դուռը, որ դուրս գա:

Ինքը կոտրել է դռան փոքրիկ լուսամուտի ապակին, ջուր է լցրել նրա վրա, որ սթափվի, գտնի բանալին ու դուռը բացի: Բայց նա ի վիճակի չի եղել, զուգարանում էլ լույս չկար:

Ինքն իր մոտ եղած երկրորդ բանալիով բացել է դուռը: Հետո իրենք գնացել են տուն, միասին պառկել են անկողնում ու քնել են:

Ինքը երբևէ չի ցանկացել Սոնյայի հետ սեռական հարաբերություն ունենալ, պահանջել է, որ նա հեռանա իր տանից, իսկ նա չի հեռացել, նա ցանկանում էր իր կինը դառնալ ու ապրել իր հետ: Երբ իր դստեր ամուսինը ներս է մտել, ինքը մերկ չէր, պառկած էր ներքնաշորով…

Տուժող Սոնյան հայտնել է, թե Արմենին ճանաչել է մոտ երկու տարի: Նա իր դասընկերուհու՝ Մելինեի փաստական ամուսինն է եղել մոտ ութ ամիս: Արմենի հետ հաճախ խոսել է հեռախոսով, նա ասել է, թե Մելինեն անառակ է, ինքը դա հաստատող տեսաձայնագրություն ունի ֆլեշկայի վրա: Առաջարկել է իր տուն գնալ ու դիտել տեսանյութը:

Ինքը ցանկացել է համոզվել և գնացել է Արմենի տուն…

Տուժողը հայտնել է, թե երբ գտնվել է զուգարանում, Արմենը մոտ կես ժամ ռետինե խողովակով ջրել է իրեն, ինքը դուռը չի բացել: Հետո նա մոտը եղած երկրորդ բանալիով բացել է զուգարանի դուռը:

Ինքը ցանկացել է փախչել, ամբողջովին թաց՝ վազել է դեպի դարպասները, բայց Արմենը բռնել ու տուն է տարել իրեն:

Ինքը թրջված էր ու մրսում էր, դրա համար հանել է թաց խալաթն ու պառկել է անկողնում, որ տաքանա: Բայց Արմենը նույնպես մերկացել ու պառկել է: Նա պահանջել է, որ ինքը սեքսուալ գործողություն կատարի, հարվածել է իրեն, սպառնացել է, ինքն էլ վախեցել ու կատարել է նրա պահանջածը…

Տուժողի դասընկերուհին ու Արմենի նախկին փաստական կինը՝ Մելինեն, հայտնել է, թե Արմենին ճանաչել է մոտ 4 տարի, նա իր ամուսնու մոր ընկերն է եղել… Նա համոզել է, թե սիրում է իրեն, ցանկանում է ապրել իր հետ: Որպես փաստացի ամուսիններ՝ ապրել են մոտ 8 ամիս… Այդ ընթացքում իր դասընկերուհի Սոնյան հաճախ այցելել է իրենց, նա Արմենի հետ ինտիմ կապի մեջ չի գտնվել…

Մելինեն ասել է, թե հավատում է ընկերուհուն, նա ճշմարտախոս է, իսկ Արմենը ալկոհոլի սիրահար է, խմած ժամանակ  կռվում է, ջարդում-փշրում է ամեն ինչ…

Դատարանը հաստատված է գնահատել Արմեն Գ.-ին առաջադրված մեղադրանքը և հաշվի է առել, որ մեղսագրված արարքը նա կատարել է ալկոհոլի ազդեցության տակ:

Արմեն Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2016 թվականի հունվարի 27-ից:

Լիլիթ ՔԱԼԱՇՅԱՆ; 1in.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20