Ի՞նչ է ակնարկվում «անհաջող զուգահեռների» հիշատակումով

- in Կարծիք
83
Serj Hovik

Անհաջող են զուգահեռները վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր հրաժարականի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության ու անցած տարի սեպտեմբերին վարչապետի պաշտոնը թողած Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցածի միջև՝ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Իհարկե, վերջինս չի մանրամասնել կամ բացահայտել «անհաջող զուգահեռների» իր տեսությունը, բայց հաստատ տարբեր իրավիճակների հիմքում երկու վարչապետների ժպիտների առանձնահատկությունը կամ հագուկապի բրենդային նախասիրությունների տարբերությունը չէ: Մյուս կողմից՝ զուտ արտաքին ֆոնի առումով նախկին ու ներկա վարչապետները լավ էլ «զուգահեռվում» են՝ երկուսն էլ վարչապետությունը ստանձնել են նախորդի քաղաքականությունը սրբագրելու նպատակով, կուսակցության ներսում Կարապետյանը, ինչպես և Աբրահամյանը, ունի երկրորդի կարգավիճակ, երկու վարչապետների դեպքում գրեթե նույնն է հենարան խորհրդարանական մեծամասնությունը, և վերջապես՝ երկուսի պարագայում էլ կա մեծ կոնտրաստ խոսքի և գործի միջև:

Ուրեմն ի՞նչ է ակնարկում Շարմազանովն «անհաջող զուգահեռների» հիշատակումով: Այն, ինչն ակնարկում է, բարձրաձայն ասելու չէ՝ գոնե հիմա, երբ ներիշխանական «հրադադարի» թանաքը դեռ չի չորացել: Հովիկ Աբրահամյանին, իհարկե, դժվար է համեմատել Սերժ Սարգսյանի մյուս վարչապետների հետ: Եթե իր նախագահության արշալույսին Սերժ Սարգսյանը հույս ուներ Տիգրան Սարգսյանով ճեղքել Արևմուտքում իր ճանապարհին գոյացած «պատը», կամ Կարեն Կարապետյանը գործող նախագահի «նոր ոգի» PR կոնցեպցիան է, ապա Հովիկ Աբրահամյանը, մեծ հաշվով, ինքն էր նվաճել վարչապետի պաշտոնը ու փորձում էր առաջ մղել ինքնուրույն օրակարգ, որի առանցքում սեփական հավակնություններն էին իշխանության ժառանգորդը լինելու հարցում: Մի բան, որը բացարձակ չէր մտնում Սարգսյանի ծրագրերի մեջ՝ նվազագույնը այն պատճառով, որ Աբրահամյանը Սարգսյանի ընտրությունը չէր: Ու պատահական չէ, որ գործող նախագահն առիթ էր փնտրում, աղմկոտ մի իրադարձություն, ֆորս-մաժոր, որպեսզի ազատվեր Հովիկ Աբրահամյանից:

«Սասնա ծռերը» տվեց այդ առիթը, ու նույնիսկ քրեաօլիգարխիան հանգիստ տարավ իր խորհրդանիշ-վարչապետի պաշտոնանկությունը, որովհետև որևէ մեկը չէր ցանկանում նոր «ՊՊԾ գունդ» դառնալ, ու բոլորի ներքին համոզումն այն էր, որ ավելի լավ է մի մեծ «շնաձուկ» զոհել գիշատիչ միջավայրի անդորրը պահպանելու նպատակով:

Կարեն Կարապետյանի պարագան միանգամայն այլ է: Ինչպես ասվեց, նա Սերժ Սարգսյանի «մարդասիրական» PR-ն է, որի անհրաժեշտությունը դեռ կա, քանի չի ամբողջացել նոր համակարգը, որը Սարգսյանը ստեղծում է մեկ տասնամյակի, ոմանց կարծիքով՝ 23 տարվա համար: Դժվար է գտնել մեկ այլ վարչապետի, որի հմայիչ ժպիտով հնարավոր լինի քողարկել այն, ինչ կատարվում է իշխանության հետնաբեմում: Դրա համար անկեղծ է Սերժ Սարգսյանը, երբ ասում է, որ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու պատճառ չունի: Անկեղծ է նաև Շարմազանովը՝ «անհաջող զուգահեռների» իր տեսությամբ:

Այլ խնդիր է, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Շարմազանովը «մոռացել» են իրենց խոսքը սկսել կամ եզրափակել «առայժմ» բառով: Չնայած այդ «մոռացկոտությունն» էլ ունի իր ռացիոնալ բացատրությունը. նրանք չեն ուզում արժեզրկել իրենց PR նախագիծը: