Ինչո՞ւ Սերժ Սարգսյանին առայժմ չեն հռչակում վարչապետ

- in Հրապարակ
123
serzh-sargsyan

Որպեսզի պետությունը զարգանա, Սերժ Սարգսյանը պետք է ամբողջովին նվիրվի պետության հետագա կառավարմանը: Այդ միտքը պատկանում է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին, բայց այն հնչել է հրապարակավ, Ազատություն ռադիոկայանի հարցին ի պատասխան:

Իսկ հարցը վերաբերել է 2018 թվականից հետո Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն: Գալուստ Սահակյանը ուղիղ չի պատասխանել, բայց ասել է, որ Սարգսյանը պետք է ամբողջությամբ նվիրվի հետագա կառավարմանը, որպեսզի պետությունը զարգանա: Կարելի էր մեծ քաղաքական նշանակություն չտալ մտքին, այն վերագրելով ընդամենը Գալուստ Սահակյանի աքսակալական էսթետիզմի առանձնահատկություններին, եթե այն հատուկ չլիներ նաև իշխանության այսպես ասած ոչ աքսակալական շրջանակների: Այսինքն՝ Գալուստ Սահակյանը լոկ միտք չէ, որ արտահայտում է, այլ ներիշխանական մտածողության որոշակի թրենդ:

Իշխանության տարբեր դեմքերը միայն մի պատճառով են ձեռնպահ մնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չունեցող վարչապետ հռչակելուց՝ առայժմ նա ինքը չի հայտնել այդպիսի մտադրություն և ցանկություն: ՀՅԴ-ն, օրինակ, որ ավելի ազատ է, անգամ չի էլ սպասել Սերժ Սարգսյանին և հայտարարում է, որ չի տեսնում որևէ խնդիր այդ հեռանկարի առումով: Խնդիր իսկապես չկա, վարչապետ կարող է լինել ցանկացած քաղաքական ուժի ղեկավար, ի վերջո որոշումները և քաղաքականությունը թելադրելու է խորհրդարանը: Հետևաբար, վարչապետի պաշտոնը մեծ հաշվով լինելով Առաջին դեմքի պաշտոն, գործնականում այնքան էլ ամենա-ամենա պաշտոն չէ: Եվ այստեղ, ի դեպ, կարող է լինել նաև մեկ այլ պատասխան կամ պատճառ հարցի, թե ինչու Սերժ Սարգսյանին առայժմ չեն հռչակում վարչապետ: Որովհետև հնարավոր է, որ վարչապետի պաշտոնն ամենևին էլ ամենավճռորոշը չէ, և կան մի շարք նրբերանգներ, որոնք, օրինակ, դե ֆակտո ՀՀԿ նախագահի պաշտոնն ավելի ազդեցիկ են դարձնում, քան վարչապետինը:

Սակայն բուն խնդիրն այստեղ այն է, թե ինչպիսի հիմնավորում է փորձ արվում դնել այդ ամենի տակ՝ Սերժ Սարգսյանի այլընտրանքի բացակայությունը, գրեթե անփոխարինելիությունը: Մի բան, որը դատավճիռ է Հայաստանի համար: Եվ էլի՝ բանն այստեղ ամենևին Սերժ Սարգսյանը չէ: Դա կարող էր լինել Պողոս Պետրոսյանը կամ Մարտիրոս Կիրակոսյանը, նշանակություն չունի: Միևնույն է, եթե պետությունը կախված է մեկ մարդուց, եթե պետության զարգացումը կախված է մեկ մարդուց, մեկ անձից, ապա ինչ անուն էլ ունենա այդ անձը, տվյալ պետության անունը չի կարող լինել պետություն: Որովհետև պետությունն անձերը չեն, այլ ինստիտուտները: Դրանք են պետության զարգացման գրավականը, դրանք են չեզոքացնում, մեղմում, տրանսֆորմացնում «կարճ միացման» վտանգը, եթե անձերը ձախողվում են կամ սխալվում: Ի վերջո, անձը ենթակա է բազմաթիվ զգայական ազդեցությունների և հետևաբար սխալական է ի բնե: Դա է պատճառը, որ պետությունների կառավարումը դրվում է ինստիտուցիոնալ հիմքի վրա, որովհետև ինստիտուտները զգայական ազդեցության ենթակա չեն ի սկզբանե: Ու որպեսզի անձերի սխալը, անձերի զգայական ենթակայությունը պետությունների համար չդառնա ճակատագրական, կառավարումը անձնային գործընթացից զարգացող հասարակությունները դարձրել են ինստիտուցիոնալ գործընթաց: Դա չի ապահովագրում սխալներից, խնդիրներից, անարդյունավետությունից կամ ճգնաժամերից: Բայց դա ապահովագրում է աղետներից և միաժանանակ օժտում խնդիրներն ու ճգնաժամերը հաղթահարելու նվազագույն ներուժով:

Եթե պետության մեջ որևէ անձ չունի այլընտրանք, ուրեմն այդ պետությունն արդեն աղետի մեջ է, անկախ այդ անձի ով լինելուց, ինչ քաղաքական ուժ կամ խումբ ներկայացնելուց: Ինչ վերաբերում է արդեն կոնկրետ անձի՝ Սերժ Սարգսյանի խնդրին, ապա նրա նախագահության տասնամյա ընթացքն իր վիճակագրությամբ բերում է եզրակացության, որ պետության զարգացման համար Սարգսյանը ոչ թե պետք է ամբողջությամբ նվիրվի հետագա կառավարմանը, ինչպես ներիշխանական թրենդն է փորձում ադապտացնել հանրությանը, այլ ամբողջությամբ հեռանա հետագա կառավարումից:

Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակի վիճակագրության վրա էական ազդեցություն թողել է արտաքին աննպաստ միջավայրը, բաժին հասած մի քանի միջազգային ճգնաժամերը, որոնք գործնականում շարունակվում են առ այսօր: Դրան զուգահեռ իհարկե նրա նախագահության տասնամյակը կրել է ներիշխանական հարաբերությունների ճգնաժամի սաբոտաժային հետևանքները: Բայց դրա հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանն այդ տասնամյակի ընթացքում ունեցել է իրավիճակը էապես փոխելու մի քանի նույնիսկ պատմական պահ, երբ առնվազն «ավանսով», առնվազն խորքային՝ ենթագիտակցական ընկալումների մակարդակում ունեցել է հանրային շոշափելի աջակցություն և անգամ լեգիտիմություն, սակայն այդ պահերը ոչ թե օգտագործել է հանուն պետության համակարգային առաջընթացի, այլ այդ պահերը փոխանակել է իր իշխանության խնդիրների լուծումների հետ, պետության համար իրավիճակի էլ ավելի բարդացման գնով: Այլապես, Հայաստանի իրավիճակը կլիներ բոլորովին այլ տեսքի և որակի, և այդ դեպքում գուցե տասնամյակի ընթացքում այդպես էլ չդառնալով լեգիտիմ նախագահ, Սերժ Սարգսյանը կարող էր իրատեսորեն ակնկալել գոնե լեգիտիմ վարչապետ լինելը: Մինչդեռ այժմ, եթե կա այդպիսի հավակնություն, այդ հավակնությունը բավարարել նա կարող է արդեն միայն պետության լեգիտիմությունը կասկածի տակ դնելով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20