Ինչու հայ և վրացի երկրագուների միջև բախում տեղի ունեցավ

- in Հասարակություն
cec

«Իրեն հարգող տղամարդը՝ տեսնելով, որ հորն ուզում են քաշքշել, անպատվել, նույն կերպ կվարվեր: Ո՞վ անտարբեր կանցներ այդ միջադեպի կողքով: Արթուր Ալեքսանյանն իրեն շատ ճիշտ է պահել: Եթե տեսներ, թե ինչպես են իր հորը քաշքշում, և անտարբեր գտնվեր, ապա իրեն չէի հարգի: Այս միջադեպը, կարծում եմ, ավելի կոգևորի մեր օլիմպիական չեմպիոնին աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ անդրադառնալով Թբիլիսիի մրցաշարում Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ սկանդալով ավարտված եզրափակչին:

Հիշեցնենք, որ 98 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտի ընթացքում գորգի անկյունում կռիվ էր ծագել, որին խառնված է եղել ըմբիշի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացել է գորգից, ինչի համար օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին որակազրկել են և զրկել արծաթե մեդալից: Ջուլֆալակյանի խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցած մրցաշարի միջադեպը նման էր Ալեքսանյանի և Հայաստանի դեմ հատուկ մտածված տեռորի:

«Թբիլիսիում եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Վրաստանի ներկայացուցչի հետ, ով միջազգային ասպարեզում լուրջ նվաճումներ չի ունեցել, բայց մեծ ցանկություն ունի դառնալու Եվրոպայի, աշխարհի 7-րդ օլիմպիական չեմպիոն: Նրա համար Ալեքսանյանին հաղթելը կլիներ մեծ նվաճում: Գոտեմարտի 5-րդ րոպեին մրցամարտին հետևող հանդիսականների շարքերում տեղի ունեցավ տարաձայնություն, քանի որ բացահայտ կերպով անտեղի միավորներ էր շնորհվում վրացի ըմբիշին: Եվ սա այն դեպքում, երբ Արթուր Ալեքսանյանը հենց մեկնարկից միայն հարձակվում էր:

Ի վերջո, երկրպագուները չդիմացան, նրանց նյարդերը տեղի տվեցին, և տեղի ունեցավ բախում հայ և վրացի երկրպագուների միջև: Գոտեմարտը կանգնեցվեց, և միջադեպը շարունակվեց մոտ 15 րոպե: Նշեմ, որ մարտավկաներին ևս ներքաշեցին այդ կռվի մեջ, մասնավորապես՝ ինձ և Արթուր Ալեքսանյանի հորը: Մասնավորապես, սկսեցին քաշքշել Գևորգ Ալեքսանյանին, և Արթուր Ալեքսանյանը չզսպեց իրեն, իջավ գորգից: Դա տևել է մի պահ, նա եկավ և երկրպագուներին խնդրեց, որ դադարեցնեն, հանդարտվեն, որպեսզի շարունակվի գոտեմարտը: Ցավոք սրտի, Արթուր Ալեքսանյանը օրենքի խախտում թույլ տվեց. գորգից հեռանալը պարտություն է՝ երկու միավոր շնորհվեց մրցակցին, և նկատողություն:

Բանն այն է, որ մրցաշարի գլխավոր մրցավարը թուրք էր, և նա արեց այն, ինչ իրեն ձեռք էր տալիս, և հաղթանակը շնորհեց վրացի ըմբիշին»,- հավելեց Լևոն Ջուլֆալակյանը:

Հունիսի 16-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահները Լևոն Ջուլֆալակյանի հետ դիմում են ուղարկել միջազգային ֆեդերացիային՝ մրցաշարի մրցավարներին պատժելու պահանջով:

«Միջադեպը սկսվեց հայ երկրպագուների կողմից, քանի որ բորբոքվել էին Արթուր Ալեքսանյանի մրցակցին հենց այնպես միավորներ նվիրաբերելու համար: Երկրպագուները բորբոքվել էին զուտ անարդար մրցավարության պատճառով:

Մենք խնդրում ենք ու դիմում ենք միջազգային ֆեդերացիային, որ հետևողական լինեն, մրցավարներն անաչառ մրցավարություն կատարեն, որպեսզի նման միջադեպեր տեղի չունենան: Իրավունք չունեին Արթուր Ալեքսանյանին զրկելու արծաթե մեդալից: Պետք է բոլորս միասին անարդարության դեմ պայքարենք ու բողոքարկենք միջազգային ֆեդերացիային: Ես կարծում եմ, որ բոյկոտելը ճիշտ չէ: Ես միշտ դեմ եմ մրցաշարերը բոյկոտելուն: Նման մոտեցումներն ինձ համար անընդունելի են, քանի որ մարզիկները տարիներ շարունակ պատրաստվում են և ցանկանում մասնակցել մրցումների: Ես կողմ եմ միասնական նման միջադեպերի դեմ պայքարելուն»,- հավելեց Ջուլֆալակյանը:

Նշենք, որ առաջիկա օրերին հայտնի կլինի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը: Հանդիպմանը ներկա Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հույս հայտնեց, որ միջազգային ֆեդերացիայի նախագահ Լալովիչը որոշում կկայացնի հօգուտ հայկական կողմի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20