Իշխանության հերթական պոռթկումը, որը շուտով սրբագրվելու է

- in Կարծիք
143
Eduard Nalbandyan

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա ԼՂՀ ռսզմա-քաղաքական ղեկավարության հետ: Դատելով Երևանում երեկ կայացած հանդիպումներից` կարելի է եզրակացնել, թե ինչպիսի նոր նշաձող է սահմանել հայկական կողմը:

Այս համատեքստում, դատելով պաշտոնական լրահոսից, հատկապես ուշագրավ է եղել համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մեր նախարարի բնորոշմամբ՝ հասունանում է մի իրավիճակ, երբ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:

Պաշտոնական այս տեղեկությունը չի մանրամասնում մի քանի հարցեր: Արդյո՞ք Նալբանդյանը հնչեցրել է հայկական կողմի նոր պահանջը, ակնկալիքը համանախագահներից` որպես Երևանի նոր քաղաքականություն, ըստ էության` բացառելով բովանդակային որևէ բանակցություն, քանի միջնորդները չեն ձեռնարկել կոնկրետ գործողություններ, թե՞ Նալբանդյանի նախապայմանն ընդամենը հաջորդել է Մինսկի խմբի կարգավորման որևէ առաջարկի կամ հայ-ադրբեջանական նոր հանդիպում կազմակերպելու հերթական նախաձեռնությանը:

Համենայն դեպս, Երևանի պահանջը կոշտ է և ենթադրել է տալիս, որ Հայաստանը չի մասնակցելու որևէ բանակցության, բովանդակային քննարկման` մինչև միջնորդները չսանձեն պատերազմի վերսկսմանն ուղղված Ադրբրջանի սադրանքները: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները լուրջ են համարում պատերազմի սանձազերծման վտանգը և նրամց դիրքորոշումը պայմանավորված է հենց այս հանգամանքով:

Դժվար չէ նկատել, որ վերջին երեք շաբաթվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականության շեշտադրումներն էապես փոխվել են: Եթե մայիսի 18-ին Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից միջազգային հանրությանն, ըստ էության, ուղերձ էր հասցեագրում, թե Հայաստանը պատրաստ է բանակցել Կազանի փաստաթղթի շուրջ, ապա երեկ Նալբանդյանը բացառել է նման հնարավորությունը:

Երևանում շատ լավ հականում են, որ հասցեական հայտարարությունն այն առավելագույնն է, ինչը կարելի էր ակնկալել Մինսկի խմբի համանախագահությունից ու այս մարմինը հաստստ կոնկրետ գործողություննր չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ կամ չի նախաձեռնի, որպեսզի վերջինիս դեմ պատժամիջոցներ կիրառեն ՄԱԿ-ը կամ միջազգային այլ կառույցներ: Սա` մի կողմից կհակասի համանախագահության միջնորդական մանդատին, մյուս կողմից` կլինի անուղղակի խոստովանություն, որ կարգավորման համանախագահության ռեսուրսները սպառված են:

Իսկ միգուցե Մինսկի խմբից ա՞յլ բան է ակնկալում Երևանը: Օրինակ, ցանկանում է ստանալ «Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը» սանձելուն ուղղված սեփական հնարավոր ռազմական գործողությունների միջազգային լեգիտիմություն: Գուցե Հայաստանի իշխանությունները կարծում են, որ միայն հնարավոր գրագետ ռազմական կանխարգելիչ գործողություններով է հնարավոր սանձել Բաքվի ռազմատենչությունը և կանխել նոր պատերազմի սանձազերծումը: Սա կլիներ ինքնիշխան ու ինքնաբավ արտաքին քաղաքականություն ունեցող երկրի դիրքորոշում: Բայց նույն միջազգային հանրությունն արդյո՞ք լիարժեք սուվերեն է համարում Հայաստանին, որը նույն ԱԳ մակարդակով Մոսկվայի հետ է համաձայնեցնում հայ-ամերիկյան հարաբերությունների անգամ տեխնիկական կողմին վերաբերող մանրամասները: Արդյո՞ք համանախագագները կհամարեն, որ երեկ Երևանում լսել են Հայաստանի նոր դիրքորոշումը, լուրջ կընդունե՞ն իրենց հասցեագրված պահանջը, թե՞ կհամարեն, որ սա եղել է մեր երկրի իշխանության հերթական պոռթկումը, որը շուտով սրբագրվելու է նույն Նալբանդյանի կամ Սերժ Սարգսյանի որևէ խաղաղասիրական ելույթով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20