Իշխանության ձգտողները, նրանց համակրողներն ու հայհոյողները

- in Հրապարակ
Serzh Sargsyan

Ներկայումս Հայաստանում ամենաքննարկվող թեման 2018թ.-ի իշխանության հարցն է: Ընդ որում, քննարկման գրեթե բոլոր մասնակիցների համար պարզ է, գրեթե ակնհայտ է, որ մեծ հաշվով երկրի կյանքում որակական որևէ փոփոխություն չի լինելու, եթե իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը, կամ այն դեպքերում, երբ վարչապետի պաշտոնը ստանձնի Սարգսյանի նախընտրելի թեկնածուն կամ նույնիսկ «մրցակից» Կարեն Կարապետյանը:

Բոլոր վարչապետացուներն, ըստ էության, բացահայտված են և մեծ իմաստով նույն արժեքային համակարգի կրողներն են, ու պատահական չէ, որ ներհամակարգային պայքարը զուրկ է քաղաքական բաղադրիչից և ընթանում է «փայերի» շուրջ: Գուցե այս պարագայում պարադոքսալ թվա այն հետաքրքրությունը, որ կա 2018-ի հանդեպ:

Մյուս կողմից՝ թեմայի ակտուալությունն օրինաչափ է, որովհետև մեր քաղաքական օրակարգը նույնիսկ ոչ թե աղքատիկ է, այլ իր մեջ ներառում է այս միակ հարցը: Չկան այլ օրակարգեր, հետընտրական նոուհաուներ, իդեաներ, ծրագրեր:

Խնդիրն ունի նաև ավելի խորքային կողմ: Մենք փորձում ենք մոտեցնել 2018թ.-ը, որովհետև ժամանակն ակնհայտորեն աշխատում է մեր հասարակության, երկրի դեմ: Աշխարհն արագ փոխվում է, բառացիորեն ամեն շաբաթ ձևավորվում են նոր դաշինքներ, քանդվում են հները, իսկ մեր էլիտա կոչվածը մտադիր է մեկ տարի «փակվել», կանգնեցնել ժամացույցի սլաքները և որոշել մի բան, որն, ըստ էության, որոշված է կամ կարող է որոշվել շատ արագ, եթե համակարգը մի փոքր «բացվի», նոր իշխանության ձևավորման գործընթացին անուղղակիորեն մասնակից դարձնի քաղաքական, հասարակական շահագրգիռ խմբերին:

Հարցը որոշողների քանակական կազմի մեջ չէ, որովհետև որոշողն, ըստ էության, մեկ մարդ է՝ Սերժ Սարգսյանը, ով արբիտրի կարգավիճակում որոշելու է նոր իշխանության պոտենցիալ բաժնետերերին:

Ուրեմն, երբ խոսում ենք համակարգի «բացվածության» հնարավորության մասին, ակնկալում ենք գործընթացի, շարժման հեռանկար, ինչը թույլ կտա իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացը գոնե մասամբ դուրս հանել իշխանության միջանցքներից, դարձնել քաղաքական և հանրային դիսկուրսի թեմա` բովանդակային հարթության մեջ: Դա թույլ կտա, որպեսզի 2018-ի գործընթացը մասնակիորեն ծառայեցվի երկրի զարգացման հրամայականին:

Այս տասը ամիսը, մեկ տարին պետք է ձերբազատենք պարապուրդից, մաքրենք ինտրիգներից, հասունացնենք նորի գիտակցությունը, եթե նույնիսկ այն խնամքով մաքրված հինն է:

Իշխանության ձգտողները, նրանց համակրողներն ու հայհոյողները, պարզապես «թամաշա» անողները պետք է հիշեն, որ ժամանակն աշխատում է Հայաստանի դեմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20