Իշխանությունը շահերի և լծակների համադրություն է

- in Հրապարակ
118
Mishik

2018 թվականի ապրիլի հարցի քննարկումներն առավելապես կենտրոնացած են Սերժ Սարգսյանի կարգավիճակի, առավելագույնը՝ Սարգսյան-Կարապետյան դիլեմայի վրա: Անկասկած հասկանալի է հանրության այդ կենտրոնացումը, առավել ևս, որ Հայաստանում իրադարձություններն ու երևույթները դիտարկվում են խիստ անձնավորված:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ի հայտ եկած կառավարման նոր իրողություններն ու խնդիրները մղվում են երկրորդ պլան, մինչդեռ դրանք ինքնին կարևոր նշանակություն ունեն և չնայած ներկայումս անձերի դերի իներցիոն բարձրությանը, 2018 թվականի ապրիլից անձերը մեծ հաշվով սկսելու են ենթակա լինել նոր իրավիճակին, նոր մոդելին: Իսկ այստեղ դրված է բազմակենտրոն իշխանության գաղափարը, ինչը նշանակում է, որ փոփոխությունների հիմքում Սերժ Սարգսյանի գլխավոր մոտիվը ամենևին չի եղել վարչապետ դառնալը, կամ Սարգսյանը դա չի դիտարկել գլխավոր սցենարային պլան, այլապես վարչապետի ձեռքին կկենտրոնացվեր առավել մեծ իշխանություն:

Մինչդեռ նոր իրավիճակում կա բավականին լուրջ լծակներ տնօրինող կենտրոնական իշխանության առնվազն չորս թև՝ բանակ, ոստիկանություն, վարչապետ, ԱԺ մեծամասնություն: Եթե այստեղ նկատի ունենանք այն, որ բանակը ըստ էության ինքնին երկթև է և գործ ունենք պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի հետ, ու դրանք գործնականում տարբեր բաղադությամբ միավորներ են, ապա պատկերը դառնում է էլ ավելի խոսուն: Դրան գումարվում է Երևանի քաղաքապետի պաշտոնը, իսկ այդ ամբողջից մեկ քայլ վերև է ԱԱԾ-ն: Այդպիսով, հնարավոր է պատկերացնել, թե ուժեղ նախագահի բացակայության պարագայում ինչպիսի բազմաթև իշխանություն է ձևավորվում: Եվ եթե անգամ այստեղ վարչապետի, այսինքն՝ Առաջին դեմքի կարգավիճակում դիտարկում ենք որևէ մեկին, անգամ Սերժ Սարգսյանին, ապա տեսնում ենք, որ դե յուրե կան իշխանության ոչ պակաս այլ կենտրոններ: Իսկ դա իր ազդեցությունը թողնելու է ներքին հարաբերությունների վրա, որքան էլ սկզբնական շրջանում հնարավոր վարչապետի հնարավոր հեղինակությունը լինի թելադրող:

Իշխանությունը շահերի և լծակների համադրություն է, դրանք կան՝ կա հեղինակություն, դրանք չկան՝ հեղինակությունը դառնում է ընդամենը հուշ: Հանրությանն անհրաժեշտ է կենտրոնանալ հենց այդ հանգամանքի վրա, դուրս գալով անձերից: Անձերի հարցը ընդամենը ներիշխանական «ռազբորկաների» խնդիր է, ընդամենը ներհամակարգային դիմակայության հարց: Հանրության համար մեխանիզմը հարաբերությունների դե յուրե նոր մոդելն է, որն աստիճանաբար իր խոսքն ասելու կամ իր հետքը թողնելու է դե ֆակտո իրականության վրա: Այդտեղ, այսինքն՝ ինստիտուցիոնալ իրավիճակում է, որ հասարակությունը կարող է գտնել նաև իր անելիքը իրավիճակի վրա ազդելու հարցում, և անձերը կարող են դիտարկվել զուտ այդ անելիքի, հնարավոր անելիքի համատեքստում, ոչ թե անելիքը պետք է դիտարկի անձերի հնարավոր կարգավիճակի համատեքստում:

Այդ իմաստով հիշարժան է Սերժ Սարգսյանի վերջին ելույթներից մեկը, կապված հենց Սահմանադրության փոփոխության հետ, որում նա հայտարարում էր, որ շատերը դեռևս ամբողությամբ չեն գիտակցել փոփոխությունների խորությունը: Եվ այստեղ երևի թե Սերժ Սարգսյանի խոսքի և իրականության եզակի համապատասխանություն կա, քանի որ իրականության մեջ դիրքային պայքարում շահելու է այն սուբյեկտը, որն ավելի շուտ դուրս կգա իներցիայից, քան իներցիան կավարտվի ինքը, և նոր իրողությունները կթելադրեն իրենցը: Հանրությունը թեև մասնակից չի եղել փոփոխությունների գործընթացին, այդուհանդերձ, իներցիայից առաջինը դուրս գալու դեպքում կարող է հայտնվել անսպասելի նոր և արդյունավետ, ոչ որոշիչ, բայց որոշակի թելադրող դիրքում: 2018-ի մեխը դուրս է մնում հանրային աչքից: Իսկ որպեսզի հետո այն չհայտնվի աչքի մեջ, հարկավոր է դուրս չթողնել տեսադաշտից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20