Իշխանությունն ամեն բան իդեալական է համարում ու թքած ունի ժողովրդի դժգոհության վրա

- in Հրապարակ
208
Mishik

Չափազանցություն չի լինի, եթե վերստին արձանագրենք, որ վիճակը երկրում շատ ծանր է: Սրանք սոսկ բառեր չեն կամ էլ պաշտոնական վիճակագրություն ու ընդդիմության սուբյեկտիվ գնահատական: Ասվածն իրականություն է, որը երևում է ամեն քայլափոխի, հարյուր հազարավոր մարդկանց կենցաղ է՝ չքողարկվող աղքատությամբ ու կենցաղով:

Իշխանությունը, գոնե խոսքով, ընդունում է տնտեսության փլուզման, սոցիալական մարդակուլ բևեռացման տխուր իրականությունը, մանավանդ վարչապետի խոսքով՝ վերջին ինն ամիսներին միայն էպիկրիզով էլ զբաղված են եղել: Էպիկրիզն, ըստ երևույթին, այնքան դաժան է եղել, որ տասնհինգ տարուց ավելի երկրի կառավարությունը ղեկավարող կուսակցությունն ընտրություններին մասնակցում էր «առաջընթացի» խոստումով՝ ակամայից խոստովանելով, որ ձախողվել են իր կողմից նշանակված բոլոր վարչապետներն ու կառավարությունները, պաշտպանված երկու նախագահները: Եթե երկրի վիճակը ողբերգական չլիներ, ՀՀԿ-ն նոր դեմքերով չէր մասնակցի ընտրություններին՝ չնայած դա սովորական աչքակապություն ու մանիպուլյացիա էր, որովհետև նույնիսկ ֆասադը նոր չէր, էլ ուր մնաց՝ դրա հետևում թաքնված ձախողման պատասխանատուները:

Հայաստանում քաղաքականությունն ու ընտրությունները հնարավոր չէ բացատրել, վերլուծել գիտականորեն, դասական օրինաչափություններով, որովհետև պարադոքս է ձախողված իշխանության վստահության մանդատը երկրի ստագնացիայի, մարդկանց աղքատության ֆոնին:

Կա՛մ մեր հասարակությունն անմեղսունակ է քաղաքական տեսանկյունից, կամ էլ Հայաստանում ընտրություն և քաղաքականություն գոյություն չունեն: Երկուսն էլ ճիշտ է, որովհետև մի կողմից՝ հանրային գնահատման չափանիշ գոյություն չունի, մյուս կողմից էլ՝ դեգրադացված հանրությանը չի առաջարկվում որևէ բան, որն ավելի արժեքավոր լինի, քան տասը հազար դրամը:

Ինչևէ, ընտրություններն ավարտվեցին, կառավարությունը ներկայացրեց նոր ծրագիր՝ դրան տալով հավակնոտ բնութագրումը: Մի կողմ թողնենք, թե կառավարության գնահատականն ինչքանով է համարժեք, եթե այդ հավակնոտության արդյունքում մեր տնտեսությունն առաջիկա հնգամյակում լավագույն դեպքում աճելու է ընդամենը երկու միլիարդ դոլարով և հասնելու է մի վիճակի, որով հնարավոր չէ բարելավել քաղաքացիների կյանքի որակը: Թերևս կառավարությունում հավակնոտ է համարվում արդեն այն, որ վիճակն ավելի չի վատանալու:

Սակայն նույնիսկ այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է հավակնոտ ծրագիր իրականացնելու հին թիմը, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի համարվում են այս ծանր վիճակի պատասխանատուները: Կարծես երկրում ոչինչ տեղի չի ունեցել, չենք անցել երկու ընտրական ցիկլով, «վերևները» չեն լսել ժողովրդի դժգոհություններն ու բողոքները:

Տպավորություն է նաև, որ խորհրդարանը չի ընդունել կառավարության նոր՝ «հավակնոտ» ծրագիրը, որովհետև բոլոր հին կադրերը, «հավակնոտության» և «առաջընթացի» հետ չասոցացվող մարդիկ իրենց տեղերում են: Խոսքը միայն չփոխված կառավարությանը չի վերաբերում: Նույնն են մնացել նաև գյուղացիներին հողին «հանձնած» մարզպետները, Երևանը մեծ աղբավայրի վերածած թաղապետները, մի խոսքով՝ բոլորը, ովքեր պատասխանատու են այս ծանր վիճակի համար:

Այնպիսի տպավորություն է, ու դա ցավալի ճշմարտություն է, որ իշխանությունն ամեն բան իդեալական է համարում ու թքած ունի ժողովրդի դժգոհության վրա: «Մեր դեմ խաղ չկա»-ի այս ցինիկ ցուցադրությունը երկիրը տանում է նոր ու անխուսափելի ցնցումների, ֆորս-մաժորի, որի հիմնական հերոսը լինելու է ամեն բան ջարդող ու փշրող լյումպենը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20